Ընդդիմադիր համարում ունեցող քաղաքական ուժերը, պարզվում է` սկսել են նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Դրանով փաստորեն նրանք բացառում են արտահերթ ընտրությունների հնարավորությունը, որի անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին խոսում է Հայ Ազգային կոնգրեսը:
Եվ որքան էլ զարմանալի է` ընդդիմադիր ուժերը շտապում են հերթով հայտարարել, որ մասնակցելու են առանձին-առանձին` առանց միավորումների, ու սեփական թեկնածուով: Բնականաբար, նրանց հայտարարություններն ուղղված են առաջին հերթին Հայ Ազգային կոնգրեսին եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանով նրանք վերջնականապես փակում են բոլոր հնարավոր խոսակցությունները, որ կարող է նախագահական ընտրություններում սատարեն ՀԱԿ առաջնորդին կամ նրա կողմից առաջարկվող մեկ այլ թեկնածուի: Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե ինքն այլեւս իր թեկնածությունը չի առաջադրելու:
2013թ. նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու մասին առաջինը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցությունը` ասելով, որ իրենց թեկնածուն կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Եվ եթե «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների դեպքում չի բացառել այլ քաղաքական ուժերի հետ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը, ապա «Նոր Ժամանակներ» կուսակցությունը երկու դեպքում էլ միայնակ է գնալու ընտրություններին` առանց որեւէ ուժի հետ դաշինք կազմելու: Երեկ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ թե նախագահական, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «ինքնուրույն»: Հարցին` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցի 2013թ. ընտրություններին, ինքը կկանգնի՞ նրա կողքին, Ա. Կարապետյանը պատասխանել է. «2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու եմ ի՛նք-նո՛ւ-րո՛ւյն»: Միաժամանակ անդրադառնալով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի այն կանխատեսմանը, թե «Նոր Ժամանակներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀՅԴ-ի հետ, Ա.Կարապետյանն ասել է. «Կարծում եմ՝ Տիգրան Կարապետյանի կանխատեսումները բավական արտասովոր են: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը պարզապես տարածում է այդ լուրերը: Մենք պատրաստ ենք միավորվել բոլորի հետ, ով պատրաստ է լայն ընդդիմադիր դաշտ ստեղծել»: Ի դեպ, չի բացառվում, սակայն, որ բնակության վայրի հետ կապված հայտնի պատմությունների պատճառով Ա. Կարապետյանին 2013թ. նույնպես չգրանցեն որպես թեկնածու: Ըստ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանի` Արամ Կարապետյանը Հայաստանում բնակվում է 2005 թվականից սկսած: «Չնայած, որ այդ տվյալներով ես չեմ կարող մասնակցել նախագահական ընտրություններին, ես ինքնուրույն կմասնակցեմ: Եթե մինչեւ 2013թ. Հայաստանում ոչինչ չփոխվի եւ հեղաշրջում չլինի, նախագահական ընտրություններին կմասնակցեմ ինքնուրույն»,- ասել է Ա.Կարապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքական դաշտն ավելի ընդդիմադիր է դառնում, եւ ինքը մասնակցելու է յուրաքանչյուր ընդդիմադիր գործողության՝ լինի դա ՀԱԿ-ի՞, «Ժառանգությա՞ն», թե՞ Դաշնակցության հետ: «Հայաստանում ընտրություններով ոչ մի բան չի փոխվելու, եկանք-հասանք հերթական ընտրություններին: Միեւնույն է` ստիպված ենք լինելու այդ ընտրություններից հետո հեղափոխական ճանապարհով գնալ: Բոլոր ընտրություններին պատրաստվում եմ մասնակցել, եւ մասնակցությունը լինելու է միայն նրա համար, որպեսզի պահն օգտագործելով՝ իրավիճակ փոխվի հետագայում, որովհետեւ բոլոր նարնջագույն հեղափոխությունները նախկին խորհրդային տարածքում եղել են ընտրություններից հետո»,- ասել է Ա. Կարապետյանը` հավելելով, թե հեղաշրջման համար շարժիչը կարող է դառնալ երկու գործոն՝ ղարաբաղյան հարցը եւ սոցիալական վիճակը:
Նա անդրադարձավ նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությանը` ասելով, թե այն ազդեցություն կունենա Հայաստանի, մասնավորապես, հայ գործարարների վրա. «Ինչո՞ւ է Լուժկովի կլանն այդքան կարեւորվումգ Լուժկովը համարվում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շատ լուրջ բիզնես գործընկեր, եւ հայկական շատ լուրջ՝ հատկապես ղարաբաղյան թեւի ներկայացուցիչների մի մաս, որը շատ լուրջ բիզնեսներ ունի Մոսկվայում, իրենք համարվում են այդ կլանի մի մաս: Եվ երկրորդ` նրա միջոցով էր կատարվում քաղաքական լոբբինգը երկար տարիներ եւ մինչեւ վերջերս էլ այդպես էր: Նույնիսկ Մեդվեդեւի այցից հետո, որովհետեւ Անդրկովկասը ժամանակին, Ելցինի ժամանակ, որպես, այսպես ասած, տնտեսական կուրատոր, չնեղացնենք մարդուն, տվել է Լուժկովին»: Ըստ Ա. Կարապետյանի` չի բացառվում նաեւ, որ Լուժկովի պաշտոնանկությունն ազդեցություն ունենա նաեւ հայաստանյան ներքաղաքական, ներիշխանական դաշտի վրա: «Իշխանությունը ոչ միայն ուժեղ է նրանով, որ գալիս փայտերով խփում է ընդդիմության գլխին եւ տանում է բանտ, այլ իշխանությունը ուժեղ է լինում իր ֆինանսական, գեոքաղաքական ռեսուրսներով: Երբ գեոքաղաքական ռեսուրսների մեջ կորուստներ է ունենում, թուլանում է, չէ՞: Դրա համար էլ կապում ենք Լուժկովի, Ռուսաստանի հետ: Ի՞նչ մի նոր բան եմ ասում, որ սաղ գեոքաղաքական դաշտը ասում է, որ Հայաստանի «պապան» Ռուսաստանն է, ոնց կասի, այնպես էլ կանենք»: Նաեւ ավելացրել է. «Ես, օրինակ, հիմա դժվար եմ հասկանում, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է անելու, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին մի բան է մնում` մի ստատուս ձեռք բերի..»,- ասել է նա` հավելելով, թե երբ Լուժկովը Ավստրիայում էր, «ծիտիկները մեզ ասում էին», որ այնտեղ են հավաքվել խոշոր գործարարներ ոչ միայն Ռուսաստանից, այլեւ ԱՊՀ երկրներից, եւ քննարկել սեփական բիզնեսները վաճառելու հարցը, որովհետեւ հստակ գիտեին, որ «մի 20 օրից մի բան է լինելու»:
Լ.Ս.