Ճգնաժամը մնում է չլուծված

02/10/2010

«Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետեւանք է 2008թ. նախագահական կեղծված ընտրությունների եւ այդ կեղծիքը բողոքարկող խաղաղ ցույցերի` մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր, ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված»,- ասված է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին հղած նամակում, որտեղ թվարկված են բոլոր այն խնդիրները, որոնք, ըստ ՀԱԿ-ի` շարունակում են մնալ չլուծված: «13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում` բացառապես իրենց օրինական քաղաքական իրավունքները իրագործելու պատճառով` հակառակ միջազգային հանրության, Եվրոպական Միության հայտարարություններում, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1677 (2009), ինչպես նաեւ դրան նախորդած երեք բանաձեւերում տեղ գտած հորդորներին եւ պահանջներին: Չեն բացահայտվել մարտիմեկյան 10 սպանությունները, ոչ ոք ձերբակալված չէ, ոչ մեկին առաջադրված չէ որեւէ մեղադրանք այդ գործերով, իսկ դատարանները մերժում են զոհերի իրավահաջորդների բոլոր հայցերը: ԽՍՀՄ տարիներից ի վեր հայ ժողովրդի քաղաքական ակտիվության` հանրահավաքների եւ ցույցերի ավանդական տեղը` Ազատության հրապարակը (հենց այդ պատճառով վերանվանված Ազատության հրապարակ) շարունակում է արգելափակված մնալ քաղաքական միջոցառումների համար, եւ միայն վերջին ամսում ընդդիմության 10 հայտ` այնտեղ հանրահավաք անցկացնելու համար, ապօրինաբար, առանց որեւէ օրինական հիմքի մերժվել է իշխանությունների կողմից: 2008-2010թթ. ընթացքում բոլոր ընտրությունները. 2008թ. փետրվարի 19-ի նախագահական, 2009թ. մայիսի 31-ի մայրաքաղաք Երեւանի ավագանու, 2010թ. հունվարի 10-ի ԱԺ լրացուցիչ ընտրությունները, եւ այլ ընտրություններ, որոնցում մասնակցել է միացյալ ընդդիմությունը, ամբողջովին կեղծվել են, զուգակցվելով համատարած բռնություններով, լրագրողների, ընդդիմության վստահված անձանց եւ անկախ դիտորդների նկատմամբ ծեծուջարդով, ինչի հետեւանքով ընդդիմությունից գողացվել է հաղթանակը եւ մերժվել է սեփական կառավարություն ձեւավորելու քաղաքացիների իրավունքը, ինչպես արձանագրված է նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ-ի վերջնական եզրակացության եւ ԱՄՆ Պետական դեպարտամենտի 2009 թվականի մարդու իրավունքների զեկույցում: Երկրում չի գործում որեւէ անկախ հեռուստաընկերություն, շարունակում է փակված մնալ «Ա1+» հեռուստաընկերությունը:

Եվրոպայի խորհուրդը եւ նրա Խորհրդարանական վեհաժողովն ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի եւ ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, եւ որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը: Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության նկատմամբ Եվրոպայի խորհուրդը շարունակում է դրսեւորել չհիմնավորված հանդուրժողականություն` դրանով նպաստելով ապօրինությունների կրկնմանը: ՀԱԿ-ը վերահաստատում է այն պահանջները, որոնք շարադրված են ԵԽ ԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովին մարտի 16-ին ներկայացված քաղաքական ճգնաժամի հաղթահարման այլընտրանքային ժամանակացույցում, ներառյալ՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը եւ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Նկատի առնելով Եվրոպայի խորհրդի ստանձնած պատասխանատվությունը Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հաստատման եւ պաշտպանության գործում, նաեւ պահանջում ենք Եվրոպայի խորհրդից` Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ավելի համարժեք միջոցների կիրառում, ընդհուպ մինչեւ մոնիտորինգի ռեժիմի խստացում»,- ասված է նամակում: