Բոլորը դեպի խորհրդարան

02/10/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մոտալուտ ձմռան շեմին, երբ շարքային մարդկանց համար օրվա հացը, բնակարանի ջերմությունն ու առաջին անհրաժեշտության մթերքի թանկացման հեռանկարն արդեն լրջագույն խնդիրներ են, այնքան էլ հասկանալի չեն քաղաքական գործիչների աշխույժ եւ իրարամերժ վերլուծությունները կամ, ավելի ստույգ, վարկածները` ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին: Կուսակցականները, քաղաքականությամբ զբաղվող անհատները ձեւացնում են, թե հավատում են, որ մարդիկ ուշի ուշով հետեւում են իրենց մտքի ընթացքին` այն հանկարծ չկորցնելու եւ 2012թ. խորհրդարանական ընտրություններին սխալ ընտրություն չանելու համար:

Խորհրդարանի վերանորոգված դահլիճում հնարավորինս շատ տեղեր ապահովելու համար վաղուց արդեն մեկնարկել է արշավը: Բայց ունե՞ն ակնկալիքներ ընտրությունների հավակնորդ կուսակցությունները։

«Հիմա մենք երկու բան պիտի հասկանանք. Հայաստանում ընտրություններով ոչ մի բան չի փոխվում, չի փոխվելու: Ես դա բացահայտ հայտարարում եմ ձեզ: Եկանք, հասանք հերթական ընտրություններ, միեւնույն է, ստիպված ենք լինելու այդ ընտրություններից հետո հեղափոխական ճանապարհով գնալ»: «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն այս միտքն արտահայտել է տակավին երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բայց ի՞նչ ռեսուրսով: Հատկապես որ, ըստ Կարապետյանի, կուսակցական դաշտը մեր երկրում վարկաբեկված է, անգամ «ՆԺԿ-ում ներդրված է ԱԱԾ ամենամեծ ագենտուրան»:

Իշխանափոխություն Հայաստանում ցանկանում են բոլոր կուսակցություններն` անխտիր, բայց միայն սահմանադրական ճանապարհով: Ինչը գործնականում անհնար է, եթե, իհարկե, Ղարաբաղյան խնդրի կարգավորման ալիքի վրա չակտիվանան ազգայնական, հայրենասիրական ուժերը, ովքեր առանց երկար մտածելու` կգնան մինչեւ վերջ:

Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսը, ինչպես հայտնի է, որպես իշխանափոխության գործիք, հեղափոխություն չի առաջարկում, այլ պարզապես պնդում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Նոր իշխանությունների անհրաժեշտության մասին արդեն հայտարարել է նաեւ Դաշնակցությունը` օրերս Աշտարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: «Ժառանգությունը» եւս իր պայքարը խորհրդարանում տեղ ունենալու համար հիմնավորելու է իշխանափոխության անհրաժեշտությամբ: Եվ որպես ապացույց` չի բացառել խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի հետ դաշինք ձեւավորելու, այսինքն` ընդհանուր ցուցակով մասնակցելու հավանականությունը: Սակայն ի՞նչ հերթականություն կունենա ցուցակը. ո՞վ կլինի՝ առաջին, իսկ ո՞վ` երկրորդ համարը: «Ժառանգություն»-ՀԱԿ դաշինքը կկայանա միայն այս փոքրիկ ճշգրտումից հետո: Թեեւ նախադեպը ցույց է տալիս, որ հավանական է նաեւ հակառակը:

«Բարգավաճ Հայաստանում» էլ, բոլորս տեսանք, անգործ չեն. կադրային փոփոխությունները վկայում են, որ ԲՀԿ համակիրների թիվը պարտավորվելու են լրացնել նաեւ «Ալեքսանդրապոլ» գարեջրի եւ Բելառուսի արտադրության նրբաճաշակ սպիտակեղենի սիրահարները: Կլինի՞ ԲՀԿ նախագահը հաջորդ խորհրդարանում: Օրերս լրագրողների հետ հանդիպած «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը ներկայացրեց Արեւմուտքի ծրագրերի նրբությունը: Ըստ նրա ունեցած տեղեկությունների` «Նոր պառլամենտում օլիգարխների համար տեղ չի լինելու»: Ավելի՛ն, «այն բոլոր օլիգարխները, ովքեր երազում են 2012թ. հայտնվել խորհրդարանում, կարող են հայտնվել բանտում»: Իսկ բանտում մութ է, եւ մկներ կան: Եվ հետո, շաքարավազի ներմուծման մենաշնորհ ունեցող Սամվել Ալեքսանյանը հավանաբար չգիտի, որ, ըստ «Կոշում» գտնվող Նիկոլ Փաշինյանի տեղեկության, կալանավորները զրկված են նույնիսկ նրա ներմուծած շաքարավազի մեկ գդալից: Կիրականանա՞ն պարոն Մանուչարյանի կանխատեսումները` գոնե օլիգարխների մասով: Հակված ենք կարծել, որ ոչ: Նախագահական ընտրություններին բաժանվող ընտրակաշառքը, երթուղային տաքսիներով մարդկանց ընտրատեղամաս հասցնելը, մարդկային ռեսուրսը, որը պատրաստ է ընտրատեղամասեր հասնել հենց այդ երթուղայիններով, լրագրողներին, ընդդիմության վստահված անձանց ծեծելը ապահովում են հիմնականում օլիգարխներն ու քրեական հեղինակությունները: Իսկ դրա համար նրանց պետք է անձեռնմխելիության եւ հասարակական դիրքի մասին կնքած հավաստագիր, որն էլ հենց պատգամավորի մանդատն է:

Եվ սա այդպես է, որքան էլ պարոն Մանուչարյանը նկատի, թե «Արեւմուտքի ազդեցությունն այսօր էապես ավելի ուժեղ է, քան Ռուսաստանինը պառլամենտի նախապատրաստման գործում»: Ըստ Արեւմուտքի ծրագրի, պարզվում է, մեր ապագա խորհրդարանն առատ է լինելու երիտասարդ կադրերով: Սա եւս մի փոքր վիճելի կանխատեսում է, եթե հաշվի առնենք, որ հայոց խորհրդարանում առավելապես հարգի է առաջացած տարիքը, իսկ ծննդյան վկայականով երիտասարդի համբավ ունեցող պատգամավորներն իրենց մտածողությամբ, շողոմությամբ եւ կարծրացած մտքերով ավելի անկանխատեսելի են, քան, դիցուք, ոչ պատանի Գալուստ Սահակյանը կամ Ռազմիկ Զոհրաբյանը:

Ի դեպ, հանգիստ են միայն Հանրապետական կուսակցությունում: Դա էլ` ըստ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի: Նա «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Այն քաղաքական ուժերը, ովքեր վստահ չեն իրենց վրա, այսինքն` որ շատ ձայներ կարող են տանել ընտրություններին, բնականաբար, ավելի շուտ են սկսում: Այն քաղաքական ուժերը, ովքեր վստահ են իրենց վրա, նրանք սկսում են իրենց քարոզարշավը ժամանակին, ինչպես մենք ենք անում: Այսինքն` մենք հիմա քարոզարշավ չենք տանում ընտրությունների հետ կապված. դեռ տարիուկես կա»:

Երեկ Ժպիտի համաշխարհային օրն էր: