Ուկրաինայում լուրեր են տարածվել, որ օրենքով գող «Դեդ Հասանի» սպանությունը պատվիրել է վերջերս Կիեւում ձերբակալված Ռովշան Ջանիեւը` «Լենքորանսկի» մականունով: Այդ հեղինակությունն իբր չի կարողացել կիսել ազդեցության գոտին Հասանի հետ: Սակայն Ուկրաինայի օրենքով գողերից մեկը, ով ընկերություն է անում «Դեդ Հասանի» հետ, հերքել է այդ լուրերը` ասելով, որ «Ռովշանը բոլորի հետ լավ հարաբերություններ ունի: Ջանիեւի անմեղությունն անուղղակիորեն ապացուցվում է եւ այն փաստով, որ քրեական աշխարհում նա հայտնի է որպես գողական հին ավանդույթները հարգող: Նույն հայացքների կրողն է նաեւ «Դեդ Հասանը»: Ուստի հենց ինքն էլ ժամանակին նպաստել է, որ 35-ամյա քրեականը դառնա Ադրբեջանի «նայողը», ռուսական քրեականների անունից վերահսկի տեղացի հեղինակություններին»,- ասել է ուկրաինացին: Սակայն Ուկրաինայի իրավապահները կարծում են, որ շշուկները տարածել է նա, ով հանձնել է Ջանիեւին, քանի որ վախենում է, թե հեղինակությունը կարող է վրեժ լուծել իրենից: Հիշեցնենք, որ ըստ լուրերի` «Դեդ Հասանը» վերջերս կայացած մեծ «հավաքում» ասել է, թե իր դեմ մահափորձը պատվիրել է Ջանիեւը, որի հետ ազդեցության գոտիների համար ընդհարում է ունեցել: