Գյումրիի քաղաքապետի հինգ թեկնածուների` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած սեփականության եւ եկամուտի մասին հայտարարագրերը բավական հետաքրքիր տեղեկություններ են պարունակում: Հայտարարագրերում պահանջվում է նշել միայն այն ունեցվածքը, որը գրանցված է հենց թեկնածուի անունով:
Պարզվում է, որ հինգ թեկնածուներից ամենահարուստը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանն է: Վերջինս, ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած սեփականության եւ եկամուտի մասին հայտարարագրի, վերջին մեկ տարվա ընթացքում աշխատավարձի տեսքով ստացել է 3 մլն 92 հազար դրամ եկամուտ: Մարտին Սուքիասյանը հայտարարագրել է մեկ բնակելի տուն Գյումրիում, մեկ բնակարան` Երեւանում: ԱԺ պատգամավորը Երեւանում ունի մեկ ավտոտնակ, իսկ Գյումրիում` 0,31 հեկտար տնամերձ հողամաս: Բացի այդ, քաղաքապետի թեկնածուն բաժնետոմսեր ունի «Գյումրի-Հաց» ՍՊԸ-ում: Իսկ նրա ունեցած դրամական միջոցները 2004 թվականին կազմել են 30 հազար ԱՄՆ դոլար եւ 2 մլն 18 հազար հայկական դրամ: Իսկ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն աշխատավարձի տեսքով հայտարարագրել է 2 մլն 160 հազար դրամ եկամուտ: Պարոն Ղուկասյանը նշել է, որ ունի 79 քառակուսի մետր մակերեսով բնակելի տուն, տնամերձ հողամաս: Բացի այդ, Վարդան Ղուկասյանին է պատկանում Գյումրիի Շահումյան 192/4 հասցեում գտնվող խանութը, որը նա տվել է վարձակալությամբ: Քաղաքապետը հայտարարագրել է նաեւ «Անբերդ» եւ «Ղուկասյան եղբայրներ» ՍՊԸ ունեցած իր բաժնետոմսերը: «Անբերդ» ՍՊԸ-ում նա ունի 3 հատ 25 հազար դրամ, իսկ «Ղուկասյան եղբայրներ» ՍՊԸ-ում` մեկ հատ 1 մլն 330 հազար դրամ անվանական արժեքով բաժնետոմս: Իսկ հաշվետու ժամանակահատվածի վերջում` 2004 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ: Քաղաքապետի մյուս երեք թեկնածուներն առանձնապես աչքի չեն ընկնում իրենց ունեցվածքով: Մարզպետարանի Տրանսպորտի վարչության պետ Մարզպետունի Մարգարյանը հայտարարագրել է միայն մեկ բնակարան` Գյումրիի Մայակովսկու փողոցում, եւ 5 հեկտար վարելահող` Շիրակի մարզի Ողջի գյուղում: Իսկ նրա աշխատավարձը կազմել է 790 հազար դրամ: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանն էլ նշել է, որ ունի 71 քառակուսի մետր մակերեսով սեփական տուն, 125 քառակուսի մետր մակերեսով հողամաս: 2004թ. ընթացքում նրա աշխատավարձը կազմել է 1 մլն դրամ: Ի դեպ, թեկնածուներից միայն Աշոտ Մկրտչյանն է հայտարարագրում նշել, որ ունի ավտոմեքենա: Ընդ որում, նա մեկի փոխարեն երկու ավտոմեքենա է հայտարարագրել` մեկը 1995թ. արտադրության «Դայմլեր բենս» է, մյուսը` 2004թ. արտադրության «Ժիգուլի 2107»: Իսկ ահա ամենաաղքատ թեկնածուն «Գյումրիի Տեքստիլ ԲԲԸ»-ի անվճարունակության գործով կառավարչի օգնական, ավագանու անդամ Հունան Ավետիսյանն է: Նա հայտարարագրում նշել է, որ չունի ոչ բնակարան, ոչ հողամաս, ոչ անշարժ գույք, ոչ էլ փոխադրամիջոց: 2004թ. ընթացքում նա ստացել է ընդամենը 1 մլն 250 հազար դրամ աշխատավարձ: Իսկ նրա` անձնական խնայողության տեսքով ունեցած դրամական միջոցները կազմում են 4 մլն 208 հազար դրամ:
Իհարկե, Գյումրիում շատերը գիտեն, թե այս թեկնածուներից յուրաքանչյուրը «որտեղ ինչ ունի»: Այլ հարց է, որ իրենց ունեցվածքը մեր պետական-քաղաքական այրերը գերադասում են գրանցել իրենց բարեկամների, հարազատների, երբեմն էլ` բոլորովին օտար անձանց անունով: Օրինակ` Մարտին Սուքիասյանն իր ունեցվածքը գրանցել է փեսաների անունով, իսկ Վարդան Ղուկասյանը իր ժառանգների, եղբայրների ու նրանց զավակների անունով է գրանցել Գյումրիում` շուրջ մեկ տասնյակի հասնող խանութներն ու նմանատիպ այլ օբյեկտները: Բայց դա կարեւոր չի, կարեւորը, որ այդ գումարներն իրենց գրպաններն են հոսում: