Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ՝ պաշտպանական բարեփոխումների ոլորտում Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որի համար անհրաժեշտ պայմաններ են դիպուկահարների կրակի եւ դիվերսիոն գործունեության արգելմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը, այդ թվում` ռազմագերիների փոխանակումը: