Աբսուրդ

30/09/2010

Պաշտոնական Բաքուն «աբսուրդ» է որակել Ֆլետչերի դպրոցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե` Մադրիդյան առաջարկների աշխատանքային տարբերակներից մեկը ընդունելով որոշակի բացառություններով` Ադրբեջանը, փաստացի, չի ընդունում դրանք: «Նման հայտարարություններով Երեւանին չի հաջողվի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Դա մեծ աբսուրդ է, ես ցավում եմ, որ Էդվարդ Նալբանդյանը թեեւ հանդիսանում է արտգործնախարար, միջազգային հանրությանը խաբել նրան չի հաջողվի»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը: «Հայկական կողմը այնպիսի պահանջներ է առաջ քաշում, որ ոչ ոք դրանց չի համաձայնի: Ի՞նչ է նշանակում՝ 2-3 տարբերակ: Վերջին 2 տարվա բանակցություններում արդեն արդյունքներ պետք է լինեին: Չհամաձայնելով դրան` նրանք առաջ են քաշում այլ առաջարկներ: Ինչպես գիտեք, 2009թ. Սոչիում ներկայացվել էին այլ առաջարկներ: Դրան համաձայնել չի կարելի: Նման աբսուրդ հայտարարություններով արտգործնախարարը չի կարող խաբել միջազգային հանրությանը»,- ասել է Մամեդովը: