Առաքելությունը սկանդալներ չի հայտաբերել

30/09/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Սաֆարյան, ինչո՞ւ համաձայն չեք այն կարծիքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ հոկտեմբերի 4-14-ն ընկած ժամանակամիջոցում իրականացվող փաստահավաք առաքելությունը հայկական կողմի համար մտահոգիչ կարող է լինել:

– Ես կասեմ նույնը, ինչ ասել եմ 2005թ. ԵԱՀԿ մեկ այլ առաքելության կապակցությամբ, որը ուսումնասիրում էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի բնակեցման խնդիրները: Նույն աղմկոտ առաքելությամբ եկան Լաչինի ու Քելբաջարի շրջաններն ուսումնասիրելու եւ գրեցին արձանագրություն: Ըստ որում, ցույց տվեցին, որ այդ տարածքները բոլորովին էլ այնպես չեն բնակեցված, ինչպես որ ասում էին ադրբեջանցիները:

Այդպիսով իմաստ չունի մեծ բան սպասել այս առաքելությունից, որովհետեւ Հայաստանը երբեք չի վարել զբաղեցված տարածքների հատուկ բնակեցման քաղաքականություն: Լավ է, թե վատ է, դա այլ խնդիր է, բայց դա փաստ է: Նրանք կգան եւ կտեսնեն, որ այդ տարածքները բնակեցված չեն, որ դրանց պատմական դերը եղել ու մնում է իբրեւ անվտանգության գոտի, որը երաշխավորում է ԼՂՀ անվտանգությունը:

– Միգուցե ճիշտ էր բնակեցնե՞լ այդ տարածքները: Հատկապես, երբ իշխանական շրջանակներից երբեմն հայտարարություններ են հնչում, թե դրանք մեր պատմական հողերն են, եւ մենք չենք ազատագրել, որ վերադարձնենք: Միջազգային հանրությունը նույնպես այդ մասին կմտածեր:

– Դա ուրիշ խոսակցություն է, եւ այդ հարցը պետք է ուղղվի ուրիշ ատյանների: Չբնակեցնելը ոչ ճիշտ է, ոչ սխալ է, դա փաստ է: Ես քաղաքականության մեջ եմ երեք տարի եւ ձեզ ասում եմ, որ ԵԱՀԿ այս առաքելությունից մեծ ակնկալիք ոչ մեկը` ոչ դիտորդական առաքելության անդամները, ոչ Մինսկի խմբի համանախագահության երկրները եւ ոչ էլ Ադրբեջանը պետք է չունենան: Բայց եթե շատ պնդում են, թող գան ու տեսնեն:

– Բայց գոնե Լաչինի ու Քելբաջարի շրջաններն ավելի կարեւոր նշանակություն ունեն, քան անվտանգության գոտի լինելը: Չէ՞ որ այդ տարածքներն ընկած են Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ, եւ ԼՂՀ-ի հետ կապն ապահովող տարածքներն են: Դրանց ետ վերադարձնելու հարցը երբեմն ՀՀ իշխանություններն էլ են հերքում: Այդ շրջաններն ինչո՞ւ չեն բնակեցվում: Հատկապես, որ վերջին տարիներին այդ շրջաններից էլ արտագաղթ է եղել:

– Ես ոչինչ չեմ կարող ասել, այդ մեկնաբանություններն իմ խնդիրը չեն: Գոյություն ունեն գործադիր իշխանության պատկան մարմիններ, հարցերը նրանց ուղղեք: Ես ընդամենը արձանագրում եմ այն հանգամանքը, որ 2005թ. մի աղմկոտ առաքելություն եկավ այդ տարածքները ուսումնասիրելու, եւ խելոք, սուսուփուս վերադարձան, որովհետեւ բոլորովին չստացվեց այն աժիոտաժը, ինչն Ադրբեջանը ուզում էր ստեղծել: Այնքան բնակեցված չեն, ինչպես ասում էին ադրբեջանցիները:

– Իսկ ինչո՞ւ Հայաստանն էլ Ադրբեջանի նման հետեւողական չի լինում, որ նման առաքելություն իրականացվի նաեւ Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքներում: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանն այդ տարածքները բնակեցնում է:

– Ես կարծում եմ, որ այդտեղ խնդիր կա: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ մեր դիվանագիտությունը բարձրացներ, օրինակ, Շահումյանի շրջանի, կամ Դաշքեսանի ու Խանլարի շրջանների հայկական բնակավայրերի խնդիրները, որովհետեւ այդ տարածքների բնակչությունն է տեղափոխվել ու ապրում Ղարաբաղում: Բայց խնդիրը մեծ չէ, որովհետեւ դուք գիտեք, թե այդ առաքելության գինը որն է եղել: Դրա գինը եղել է ՄԱԿ-ի ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից ԼՂՀ-ի մասին Ադրբեջանի բանաձեւը ետ կանչելը: Իսկ բանաձեւ մտցնելն այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են պրպտումները՝ հարցը առաջ մղելու ուղղությամբ, գնահատվում էր ոչ կառուցողական: Եվ հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանին նրանք հորդորել են բանաձեւը ետ վերցնել: Դրա դիմաց Ադրբեջանը պնդել է այդ առաքելությունը կազմակերպել: Ես կարծում եմ, որ առանձնապես բան չկա, եւ դուք կտեսնեք, որ Մինսկի խմբի անդամ որոշ երկրներ, օրինակ, Ռուսաստանի դիվանագետներն արդեն իսկ ասում են, որ մեծ ակնկալիք այդ առաքելությունից պետք չէ ունենալ: Սկանդալային հայտնագործություններ, ինչպես կարծում են ադրբեջանցիները, այստեղ պարզապես չեն արվելու:

– Այդ դեպքում իզո՞ւր է 10 օրով այդքան մեծ առաքելություն կազմակերպվում: Այդ առաքելության կազմում Մինսկի խմբի համանախագահների հետ միասին լինելու են խորհրդատուներ ու փորձագետներ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն ներկայացուցչի մասնագետները:

– Դա իրենց գործն է: Գալիս են, որ վստահ լինեն: Ես ասում եմ, որ պետք է ստեղծել բոլոր պայմանները, որ նրանք ինչ որ ուզում են, գնան տեսնեն: Ու բոլորս էլ այդ տարածքներում եղել ենք, շատ լավ գիտենք, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում: Թող նրանք էլ գան ու տեսնեն:

– Ամեն դեպքում այդ առաքելության արդյունքում նրանք փաստաթուղթ են կազմելու եւ ներկայացնելու միջազգային ատյաններին: Դուք կարծում եք, որ այն ՀՀ-ի դեմ չի՞ աշխատի:

– Բացարձակ Հայաստանի դեմ աշխատող փաստաթուղթ ուղղակի չի կարող լինել, որովհետեւ, եթե նման փաստաթուղթ լինի, ուրեմն իրենք մեղանչած կլինեն ճշմարտության դեմ:

– Հոկտեմբերին մեկնարկող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում այդ առաքելության հետ կապված հարցեր կբարձրացվե՞ն:

– Ոչ, բայց այնտեղ ուրիշ բան կա: Սպասվում է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում կփոխվի ԼՂՀ հարցով զեկուցողը, որովհետեւ պարոն Գորան Լերմարկերը Շվեդիայում պատգամավոր չի ընտրվել: Հետեւաբար, 6 տարվա մեջ առաջին անգամ ԼՂՀ հարցով զեկուցողը կփոփոխվի: Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր հարց է: Ինչպես ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով զեկուցողներն են, այդպես էլ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում այդ զեկուցողը: ԼՂՀ-ի համար դա այն մարդն է, որն ունի բացառիկ հնարավորություններ ձեւավորելու հասարակական կարծիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մեջ, եւ ավանդաբար սերտորեն աշխատել են Մինսկի խմբի հետ, Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ կենտրոնակայանի հետ:

– Իսկ Հայաստանին վերաբերող ի՞նչ հարցեր են քննարկվելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում:

– Տեղեկություն չունենք, հարցը պետք է քննարկվի ամսի 7-ին կամ 8-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյում: Իսկ ԽՎ-ի օրակարգի մասին կարող եք իմանալ եկող շաբաթ, երբ օրակարգը պաշտոնապես կբաժանվի մասնակից երկրներին: