Ուզում են կանխել

30/09/2010

Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ծրագիր է մշակվել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսել կիրառել նոր հալածանքներ: Նշվում է, որ Քրեակատարողական վարչության ղեկավարությանը ՀՀ ամենավերին իշխանական օղակներից հրահանգված է քրեական տարրերի ներգրավմամբ բռնաճնշումներ սկսել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ: Նպատակը մամուլում ծավալած նրա հրապարակախոսական գործունեությունը կանխելն է: Նշանակալի է այն հանգամանքը, որ քաղբանտարկյալին լռեցնելու իրենց նպատակին հասնելու համար ՀՀ իշխանությունները փորձում են օգտագործել քրեական աշխարհը, գործելաոճ, որ լայնորեն կիրառվում էր խորհրդային կալանավայրերում: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, բոլոր շահագրգիռ մարդկանց, ՀՀ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու կողմնորոշումներից` իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն ՀՀ կալանավայրերում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալների եւ, այս կոնկրետ դեպքում, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Ն. Փաշինյանի: Միայն մեր համատեղ բողոքի ու պայքարի արդյունքում է հնարավոր չեզոքացնել այն վտանգը, որ կախված է Ն. Փաշինյանի գլխին: Այսօր միասին պաշտպանելով Ն.Փաշինյանին եւ մյուս քաղբանտարկյալներին, մենք պաշտպանում ենք մեզ, մեր ազատ ապրելու, մեր ազատ արտահայտվելու, մեր ապագան ազատ ու անկաշկանդ կերտելու իրավունքը»: