Թանկանալո՞ւ է

30/09/2010

Շաքարի համաշխարհային գները գտնվում են դեռեւս շատ բարձր մակարդակի վրա: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը: Նյու Յորքի բորսայում շաքարի հումքի գինը երեկ` սեպտեմբերի 29-ին 24,86 ցենտ էր 1 ֆունտի համար (1 ֆունտը հավասար է 0,454 կգ), իսկ նախօրեին որոշ գործարքներում հասել է 25,03 ցենտի, որը առավելագույն թանկ գինն է փետրվարից հետո: Լոնդոնի NYSE Liffe բորսայում ռաֆինացված շաքարը վաճառվել է տոննան 644,1 դոլարով, որոշ գործարքներում` 648,3 դոլարով` սա շաքարավազի առավելագույն գինն է մարտի 1-ից հետո: Ներդրողները մտահոգ են, որ Բրազիլիայի երաշտը, որի հետեւանքով Ամազոնում ջրի մակարդակը իջել է մինչեւ 47 տարվա նվազագույն մակարդակին, կվնասի նաեւ շաքարեղեգի բերքին: Իսկ Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում ջրհեղեղի հետեւանքով 2,1 մլն հա շաքարեղեգի ցանքերի 10 տոկոսը հայտնվել է ջրի տակ: Շաքարի արտադրության խնդիրներին զուգահեռ` աշխարհում աճում է շաքարի օգտագործումը: Զարգացող երկրներում շաքարը դիտվում է որպես էժան կալորիայի ստացման աղբյուր: Երաշտը հարվածել է նաեւ Ռուսաստանի շաքարի ճակնդեղի ցանքերին, որի հետեւանքով երկիրը պատրաստվում է արտասահմանից շաքարի լրացուցիչ գնումներ կատարել: Ռուսաստանի շաքարարտադրողների միության կանխատեսումներով՝ երկրում շաքարի արտադրությունը կկազմի 3,2-3,5 մլն տոննա, որը միայն կիսով չափ կբավարարի ներքին պահանջարկը: Ի դեպ՝ Ռուսաստանում շաքարի ճակընդեղի մշակման նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բերքատվությունը համարյա կրկնակի աճել է: Վերջին տվյալներով` Երեւանի մեծածախ առեւտրի կետերում շաքարավազի 1 պարկը (50 կգ) վաճառվում է 15.150 դրամով (մոտ 41 դոլար), կամ` 1 կգ-ը՝ 303 դրամով (83 ցենտ): Վերջին երկու շաբաթում շաքարի մեծածախ գինը աճել է մոտ 10 դրամով` 1 կգ-ի համար: Մանրածախ առեւտրի կետերում առայժմ շաքարավազի գնի էական փոփոխություններ չկան, սակայն հաշվի առնելով, որ մեծածախ գինը բարձրացել է` հնարավոր են 10-20 դրամի թանկացումներ: