Երեկ Երեւանում մեկնարկել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը, որին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանի, Մերձբալթյան երեք երկրների` Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի վերահսկիչ մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ Լեհաստանի վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Եզիերսկին, ով նաեւ հանդիսանում է Եվրոպայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության` ԵՎՐՈՍԱ-ի նախագահը:
Հիշեցնենք, որ նստաշրջանի հիմնական թեման է՝ «Բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման գործում»: Քննարկումների օրակարգում էր նաեւ տարածաշրջանում բարձրագույն վերահսկիչ մարմինների համագործակցության սերտացումը: «Այս նիստի հիմնական թեման սոցիալ-տնտեսական զարգացումներն են: Պետք է խոսենք այն մասին, թե արդյոք մի՞շտ է, որ ճիշտ ծրագրեր են կազմվում, մի՞շտ է, որ կառավարությունները կարողանում են հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների հետ կապված ճիշտ մոտեցումներ ցուցաբերել: Այս հարցերն այն հարցերն են, որոնց մասին առաջին հերթին պետք է խոսենք: Պետք է խոսենք աղքատության հաղթահարման, պետք է խոսենք այն ծրագրերի մասին, որոնք միայն բարեկեցություն են ապահովում: Պետք է խոսենք նաեւ այն ծրագրերի մասին, որոնք անարդյունավետ են եւ, մեր խորին համոզմամբ, չպետք է տեղ գտնեն կառավարությունների ընդունած ծրագրերում»,- նիստը ներկայացրել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Բացման խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կարեւորելով վերահսկիչ մարմինների դերը պետության կառավարման գործում` ասել է. «Վերահսկիչ պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացումը կնպաստի կառավարության աշխատանքների, մասնավորապես՝ ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, առավել թափանցիկ աշխատելուն: Դա կառավարությանը սեփական ռեսուրսների բացահայտման հնարավորություն կտա: Հենց այս առումով Վերահսկիչ պալատի դերը մեծ նշանակություն է ստանում»: Ըստ Տ. Սարգսյանի` ՀՀ կառավարությունը ներկայումս բավական արդյունավետ է համագործակցում Վերահսկիչ պալատի հետ` փորձելով պետական տարբեր գերատեսչություններում իրականացնել ֆինանսական միջոցների արդյունավետ կիրառում:
Ըստ Տ. Սարգսյանի` նստաշրջանի թեման խիստ արդիական է, որն էլ պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ երկրների կառավարություններն այսօր զբաղված են առաջին հերթին հակաճգնաժամային գործողությունների արդյունքների գնահատմամբ: «Դուք գիտեք, որ ԱՊՀ շրջանակներում աշխատում են մեր ենթախմբերը, որոնք նախապատրաստում էին համատեղ ծրագրեր այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել հակաճգնաժամային միջոցառումները, որպեսզի կարողանանք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները միասին հաղթահարել»,- ասել է նա: Տ. Սարգսյանի հավաստմամբ` վերջին երկու տարիների ընթացքում Վերահսկիչ պալատի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել. «Մենք շատ գոհ ենք կառույցի կատարած աշխատանքից եւ հնարավորության չափ փորձում ենք աջակցել: Մեր հասարակությունը նկատում է, որ Վերահսկիչ պալատի գործունեությունը կտրուկ արդյունավետ է դարձել, հայտնաբերված խնդիրները համապատասխանաբար քննարկվում եւ ներկայացվում են հանրությանը, ինչը նպաստում է նրան, որ հասարակությունում կրճատվում են կոռուպցիոն ռիսկերը, քանզի բոլորը գիտեն, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած ցանկացած խնդիր բաց քննարկման է ենթարկվում նաեւ ՀՀ կառավարության նիստերում»: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյանն իր խոսքում տեղեկացրել է, որ ըստ ծրագրի` 2011-2012թթ. ընթացքում նախատեսվում է վերահսկողություն իրականացնել «ՎՏԲ» բանկի հայաստանյան մասնաճյուղում, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում: Համատեղ վերահսկողություն կիրականացվի նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կողմից հողային պաշարների, անշարժ եւ շարժական գույքի օգտագործման օրինականության եւ տնօրինման վերաբերյալ: «Ռուսաստանը լուրջ ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսությունում: Մենք աշխատում ենք միասնական չափորոշիչներով, կա ընդհանուր փոխըմբռնում կողմերի միջեւ, եւ համագործակցությունը պետք է ընդլայնել»,- իր հերթին ասել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս տարի կողմերի միջեւ նաեւ մինչեւ 2012թ. համագործակցելու պլան կստորագրվի: «Դրանում մի շարք համատեղ միջոցառումներ նախանշված կլինեն, որոնք վերաբերում են տնտեսական ոլորտի համալիր համաձայնագրին, որը վերջերս ստորագրվեց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Դա եւ ռազմաբազայի տեղակայման, եւ հիդրոէներգետիկ ոլորտին առնչվող հարցերին է վերաբերելու: Ընդհանուր առմամբ, կողմերը տնտեսական ոլորտում 4 կարեւոր միջոցառումներ պետք է իրականացնեն մինչեւ 2012թ.: Եվ նախկինում, եւ հատկապես այսօր, երբ մեր նախագահի վերջին այցից հետո համագործակցության նման լուրջ ծրագիր է ստորագրվել կողմերի միջեւ, մեր գործը շատանում է, ինչը լավ է»,- նշել է Ստեպաշինը: ՌԴ հաշվիչ պալատի նախագահը պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ կոռուպցիոն երեւույթները տարածված են թե ՀՀ-ում, թե ՌԴ-ում, ամենուր: «Կոռուպցիոներներ կան թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Հարկավոր է բռնել ու նստացնել, առավել եւս, որ հայ կոռուպցիոներներ Մոսկվայում էլ շատ կան»,- ասել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահը:
Նիստի շրջանակներում ՌԴ եւ ՀՀ վերահսկիչ մարմինների համատեղ ստուգումների ծրագրի ստորագրումից հետո Ս. Ստեպաշինն ավելացրել է. «Ռուսաստանը լուրջ ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսությունում: Մենք աշխատում ենք միասնական չափորոշիչներով, կա ընդհանուր փոխըմբռնում կողմերի միջեւ, եւ համագործակցությունը պետք է ընդլայնել»: Երեկ Հայաստանի վերահսկիչ պալատը համագործակցության համաձայնագրեր է ստորագրել նաեւ Լատվիայի եւ Ղրղըզստանի վերահսկիչ մարմինների հետ: Մինչեւ օրս համագործակցության համաձայնագիր չի ստորագրվել Հայաստանի եւ Վրաստանի վերահսկիչ մարմինների միջեւ: Այս հարցին ի պատասխան` Վրաստանի վերահսկիչ պալատի նախագահ Լեւան Բեժաշվիլին հավաստել է, որ առաջիկայում համաձայնագրի ստորագրումը չի ուշանա:
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ