Ռուսաստանի կողմից Ադրբեջանին երկու դիվիզիա զենիթահրթիռային C-300 համալիրներ (ԶՀՀ) վաճառելու պատմությունը ժամանակավոր լռությունից հետո կրկին քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես, որոշ ԶԼՄ-ներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` այս առթիվ վերջերս արած հայտարարությունը մեկնաբանելով՝ գրեցին, թե ՀՀ նախագահը տեղյակ էր Մոսկվայի եւ Բաքվի միջեւ նախապատրաստվող այդ գործարքի մասին: Այնինչ, մինչ օրս այս հարցի շուրջ վերջնական հստակություն դեռեւս չկա: «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ռազմական հարցերով ռուսաստանյան հայտնի փորձագետ, «Անկախ ռազմական տեսության» պատասխանատու խմբագիր Վիկտոր Լիտովկինը հայ ընթերցողներին կոչ է անում չդրամատիզացնել իրավիճակը, եթե նույնիսկ գոյություն ունի զենիթահրթիռային C-300 համալիրներ մատակարարելու մասին համաձայնագիրը:
– Երկու դիվիզիա C-300-ների ձեռքբերումը ի՞նչ է տալիս Ադրբեջանին:
– Ես ամենեւին էլ վստահ չեմ, թե այդպիսի համաձայնություն ձեռք է բերվել: Համենայն դեպս, «Ռոսօբորոնէկսպորտ»-ը այդ մասին լռում է: Երբ այդ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչներից որեւէ մեկը մամուլում կհայտարարի Ադրբեջանին C-300-ներ վաճառելու մասին, այդ ժամանակ այլեւս հարցեր չեն ծագի:
– Սակայն ոչ միայն ադրբեջանական, այլեւ ռուսաստանյան ԶԼՄ-ներն են համապատասխան տեղեկատվություն տպագրել` հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին մոտ կանգնած աղբյուրներին: Առանց կրակի ծուխ չի լինում: Ի՞նչ առավելություններ կարող է ստանալ Ադրբեջանը` ձեռք բերելով այդ C-300 համակարգերը:
– Ընդհանրապես զենիթահրթիռային C-300 համալիրները լինում են երկու տեսակի` C-300-կԾձ, որն անիվների վրա է` նախատեսված անշարժ օբյեկտների, քաղաքների, գործարանների, հրամանատարական կետերի պաշտպանության համար, եւ C-300-B` թրթուրավոր անիվներով` նախատեսված ռազմերթի եւ մարտական դիրքերում զորքի պաշտպանության համար: Հենց այդպիսի C-300-B է գտնվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանում: Նրանք մոտավորապես նույն բնութագիրն ունեն. երկուսն էլ ռադիոլոկատորներով հայտնաբերում են նշանակետը մինչեւ 400 կմ հեռավորության վրա, կարող են հետեւել միաժամանակ մինչեւ 40 նշանակետերի եւ դրանք հրթիռակոծել 120-150 կմ հեռավորության վրա: Այդ նշանակետերը կարող են տարբեր լինել` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, թեւավոր հրթիռներ: Ես կասկածում եմ, թե երկու կողմերից որեւէ մեկին սա կարող է որեւէ առավելություն տալ: Քանի որ այդ համակարգերը պաշտպանական բնույթի են, այսինքն` նախ եւ առաջ օբյեկտների, տարածքների, զորքի պաշտպանության համար են նախատեսված: Այո, հրթիռը կարող է ընկնել գետնին եւ տեսականորեն վնաս հասցնել, սակայն վերգետնյա նպատակակետերի վրա նշան բռնելու համակարգեր C-300-ը չունի, այդ պատճառով անիմաստ է խոսել դրա առավելության մասին: Եթե Ադրբեջանը դրանք ձեռք բերի, ապա դա ակնհայտորեն կանի իր նավթահանքերը, խողովակաշարերը, Բաքուն եւ մյուս բնակավայրերն ու ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար: Օրինակ` Բաքուն պաշտպանելու համար մեկ դիվիզիա
C-300 բավական է, եթե հաշվի առնենք, որ մեկ ավիահարձակման ինտենսիվությունը (իհարկե, տեսականորեն) առանձնապես բարձր չի լինի: Սակայն ես խիստ կասկածում եմ, որ հարեւաններից որեւէ մեկը եւ ընդհանրապես որեւէ մեկը մտադիր է օդային հարձակում գործել Բաքվի, Ադրբեջանի վրա: Լեռնային Ղարաբաղն օդային հարձակում իրականացնելու այդքան միջոցներ չունի` ոչ ռմբարկուներ, ոչ կործանիչներ, ոչ գրոհիչներ: Ուղղաթիռներ ունի, սակայն Բաքվին կամ նավթարդյունաբերության օբյեկտներին հարվածներ հասցնելու համար դրանք պիտանի չեն. ուղղաթիռները նախատեսված են կռվի դաշտում կրակակետերի, զրահատեխնիկայի դեմ կռվելու համար: Իմ կարծիքով` Ռուսաստանի կողմից գ-300-ի հնարավոր վաճառքը բարոյա-հոգեբանական բնույթ է կրում` Անդրկովկասյան երկրների նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ցուցադրելու համար: Ի դեպ,
C-300-ը կռվի դաշտում դեռ երբեւէ չի կիրառվել: Մի ժամանակ շատ էին խոսում նման համակարգերի միջոցով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ոտնձգություններից Հարավսլավիան իբր պաշտպանելու մասին, սակայն Ռուսաստանը Բելգրադին դրանք չվաճառեց, ու մենք տեսանք Հարավսլավիայի ռմբակոծումները: Խոսում էին Իրանի մասին, բայց C-300-ներ չհայտնվեցին նաեւ այնտեղ: Դրանք կան Հայաստանի 102-րդ ռազմակայանում: Սակայն պետք է անպայման հաշվի առնել, որ դրանք պատկանում են ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին: Այո, Ռուսաստանը, իբրեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, համաձայն պայմանագրի` պարտավոր է պաշտպանել Հայաստանը` կրկին որպես ՀԱՊԿ անդամի: Եվ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում հաստատեց այս պարտավորությունը: Սակայն զենիթահրթիռային այդ համակարգը բոլոր դեպքերում պատկանում է Ռուսաստանին, եւ Մոսկվան է որոշելու, թե որտեղ այն կիրառի: Իսկ ընդհանուր առմամբ ես չեմ հավատում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կարող են հասնել նրան, որ ռազմական գործողություններ լինեն ավիացիայի հարվածներով, որ
C-300-ը կիրառելու իրավիճակ ստեղծվի: Հայտնի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է խնդիրը ուժային միջոցներով լուծելու մասին, եթե չգտնվի խաղաղ, Ադրբեջանին ձեռնտու լուծում, այլ ոչ թե այնպիսի լուծում, ինչպիսին առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս առիթով ռուսական հիանալի ասացվածք կա. «Խոսք տալ` դեռ չի նշանակում՝ ամուսնանալ»: Կովկասում բոլորը գիտեն, որ շատ բան կարելի է ասել, բայց գործողությունը, արարքը փոքր-ինչ ուրիշ բան են: Այդ պատճառով չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է կամ ի վիճակի է ուժ կիրառելու, թեեւ անդադար սուր է ճոճում: Իսկ Հայաստանն, ի դեպ, ի պատասխան սպառնալիքների` իրեն հանգիստ, արժանապատիվ է պահում, ավելորդ բաներ չի ասում: Ես չեմ կարծում, թե նրան որեւէ բան է սպառնում:
– Համենայն դեպս, քննարկենք վատթարագույն տարբերակը` կապված ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման հետ: Հայկական կողմը նշում է, որ այդ դեպքում պատասխան հարվածներն իրենց սպասեցնել չեն տա ոչ միայն Ադրբեջանի էներգետիկ օբյեկտների ու հանքավայրերի, այլեւ Մինգեչաուրիի ՀԷԿ-ի ուղղությամբ: Եվ այդ դեպքում Ադրբեջանի կեսն ուղղակի ջրի տակ կանցնի: Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 վաճառելը հայկական կողմին ուղղակի զրկում է այդպիսի ավերիչ հարվածներ հասցնելու հնարավորությունից:
– Չեմ կարծում, թե հակամարտությունը կարող է այնքան սրվել, որ հարկ լինի Ադրբեջանի կեսը ջրասույզ անել: Դա ոչ մեկին պետք չէ: Կան բաներ, որոնք անհնար է հետ վերադարձնել:
– Հայաստանում որոշ շրջանակներ դեմ չեն հանրապետությունում երկրորդ ռուսական ռազմակայան ունենալու հեռանկարին եւ դրան վերաբերվում են իբրեւ անվտանգության եւ կայունության հավելյալ երաշխիք, ինչպես նաեւ՝ այդ տարածքում գործազրկության հիմնախնդրի մասնակի, իսկ գուցե եւ լիովին լուծման հնարավորություն: Այնպես որ` գուցե Հայաստանն իսկապես ունի երկրորդ ռազմակայանի կարիքը: Իսկ պե՞տք է դա արդյոք Ռուսաստանին, հնարավո՞ր է արդյոք, որ Մոսկվան շահագրգռված լինի այդ հարցում:
– Արտերկրում ռուսական ռազմաբազաների տեղակայման խնդիրը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ: Ռուսաստանում ամեն ինչի համար չէ, որ փողը հերիքում է: Մենք ուզում ենք ռազմակայան ունենալ Ադենյան ծոցում` Սոկոտրա կղզու վրա: Այնտեղ ակտիվ են Սոմալիի ծովահենները, եւ միանգամայն օրինաչափ է այդ տարածքը վերահսկելու ցանկությունը: Ռուսաստանն անգամ համաձայն է համատեղ ռազմակայան ստեղծել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ում հետ ասես: Սակայն դրա համար ֆինանսական միջոցներ չկան: Ռազմակայան կա Սիրիայում` Տարտուսում, այսպես կոչված, նյութատեխնիկական ապահովման կետ: Ռուսաստանն ուզում է այն ընդլայնել մինչեւ Միջերկրական ծով, սակայն դրա համար եւս միջոցներ չկան, նավերը եւս չեն հերիքում… Սեւծովյան նավատորմից այնտեղ ընդամենը մի հածանավ կա` «Մոսկվան» եւ փոքրիկ հետախուզական ռազմանավեր, ուրիշ ոչինչ: Եվ հետո, այսօր Ռուսաստանի համար գերակա է Կենտրոնական Ասիան, որտեղ զինված բախումներ են տեղի ունենում, որտեղ աֆղանական տրաֆիկն է, ազգամիջյան բախումներ են արձանագրվում: Ռուսաստանին անհրաժեշտ է ներկա գտնվել այդ տարածաշրջանում: Նախ եւ առաջ` ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերին աջակցելու, երկրորդ` Կենտրոնական Ասիայում իրավիճակն անմիջականորեն վերահսկելու համար: Սա շատ կարեւոր է, առավել եւս, որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մասին է: Առաջին հերթին հենց այնտեղ պետք է ուղղել ուժերն ու միջոցները: Այդ պատճառով ես վստահ չեմ, թե Ռուսաստանն այդ աստիճան շահագրգռված է Հայաստանում երկրորդ ռազմակայանն ունենալու հարցում: Հարավային Կովկասում առկա լարվածությունը հաշվի առնելով` այնտեղ բավարար ուժեր կան. ռազմակայաններ են տեղակայված Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում: Սուր հակամարտությունների նախադրյալներ չկան: Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որն ամենավտանգավորն է, հիմա սառեցման փուլում է` չնայած ադրբեջանական կողմի ռազմաշունչ հայտարարություններին: Գործը հատուկենտ փոխհրաձգություններից կամ դիվերսիոն գործողություններից այն կողմ չի անցնի:
– Իսկ եթե որոշում կայացվի՞ ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին:
– Այդ ժամանակ Ռուսաստանը դժվար թե հրաժարվի: Դա նրա շահերի գոտին է: Հայկական կողմը հավանաբար կուզենա դա, քանի որ այսօր Ղարաբաղի համար ստատուս-քվոն կարեւոր է: Իսկ խաղաղապահների ներկայությունը կնպաստի դրան: Գումարած նաեւ այն, որ Ղարաբաղի բնակչությունը, որքան ես եմ հասկանում, շատ լավ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ. նրանք չեն մոռացել ռուսերենը, ռուսական մշակույթը, ավանդույթները եւ այլն: Հասկանալի է, որ ռուսական խաղաղապահները կպաշտպանեն Լեռնային Ղարաբաղը: Սա ակնհայտ է: Այսինքն` ոչ միայն կփորձեն հաշտեցնել հակամարտող կողմերին, ինչպես ընդունված է խաղաղապահ գործողությունների ընթացքում, այլեւ կպաշտպանեն: Սակայն նման սցենարին դեմ կլինի Ադրբեջանը, քանի որ կզրկվի իրավիճակի վրա ազդելու առանց այն էլ ոչ այնքան արդյունավետ լծակից` ռազմաշունչ հայտարարություններ անելու հնարավորությունից: Ես կարծում եմ, որ դա հարցի լավ լուծում կլիներ` խաղաղապահների մուտքը փոխանակել բուֆերային տարածքների հետ, այն տարածքների, որոնք Ադրբեջանը պահանջում է վերադարձնել առաջին հերթին, իհարկե` պահպանելով Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը: Կարծեմ հենց այս մասին է խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, սակայն միջնորդները գաղտնի են պահում բանակցությունների թեման` խուսափելու համար միանգամայն անտեղի իրարանցումից ու խառնաշփոթից: Իսկ եթե ԼՂ խաղաղապահ ուժեր մտցնելու մասին որոշում այնուամենայնիվ կայացվի, ապա միայն ռուսաստանցի խաղաղապահներով չեն սահմանափակվի: Ինչպես ցույց է տալիս փորձը, ամենայն հավանականությամբ, ներկայացուցիչներ կլինեն տարբեր երկրներից, որոնք այսօր միջնորդական առաքելությամբ են հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ռուսաստանին դեպքերի նման ընթացքը ձեռնտու կլիներ: Նա կընդգծի իր ներկայությունը Հարավային Կովկասում` ի հավելումն երեք ռազմակայանների` Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում: Այլ երկրների ռազմական ներկայությունը եւս ձեռնտու է Ռուսաստանի համար. նա ուրիշների` Ադրբեջանի կամ միջազգային հանրության աչքում չի ներկայանա որպես բռնազավթող: Ինչի մեջ էլ այսօր Ռուսաստանին մեղադրում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: