Հոկտեմբերյան կինոցանց

30/09/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանի ազգային Կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ հոկտեմբեր ամիսն այսուհետ հայ կինոյի միամսյակ է դառնալու:

Այս տարվա հոկտեմբերի 10-ից սկսած, «Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաեւ` «Նարեկացի» արվեստի կենտրոնում ու բացօթյա տարածքներում` Կասկադում, Սիրահարների այգում, հայաստանյան արտադրության ֆիլմեր են ցուցադրվելու:

Ինչպես հայտնի է` Հայաստանի անկախությունից հետո վերացան ֆիլմերի տարածման մեխանիզմները. կինոթատրոնները սեփականաշնորհվեցին, անհետացավ նաեւ կինոցանցը: Կինոյի տարածման խողովակները վերականգնելու միտված «Կինոաշուն» ծրագիրը փորձ կանի հայ կինոն հանդիսատեսին հասցնելու ուղիներ գտնել: «Այսօր հայ հանդիսատեսը (հատկապես՝ երիտասարդները) շատ աղոտ պատկերացում ունի ժամանակակից կինոարտադրանքի մասին: Փառատոները եւ այլ մշակութային միջոցառումները բավարար չեն հայ կինոն մշակութային բաղկացուցիչը դարձնելու համար»,- ասում է Կինոկենտրոնի ներկայացուցիչ Ռուզան Բագրատունյանը: Նա նշում է նաեւ, որ խնդիրը ոչ միայն կինոֆոնդում պահվող ֆիլմերի ցուցադրումներն են, այլեւ արդի հայ կինոյի նկատմամբ հասարակական կարծիք ձեւավորելը: Վերջիվերջո, գնահատելու համար, նախեւառաջ պետք է ծանոթ լինել գնահատվելիք նյութի հետ: Իսկ մենք շատ հաճախ տեղյակ էլ չենք լինում, որ ամեն տարի մի քանի տասնյակ նոր ֆիլմեր են ստեղծվում (լիամետրաժ, խաղարկային, կարճամետրաժ, անիմացիոն), որոնք հազվադեպ են ցուցադրվում կինոթատրոններում ու հեռուստաեթերում: Այժմ այդ հնարավորությունը ստեղծվել է: «Կինոաշունը» ներկայացնելու է ինչպես հայ կինոյի գլուխգործոցները («Նամուսը», «Պեպոն», «Շորն ու Շորշորը», «Կարինեն», «Առաջին սիրո երգը», «Հարսնացու հյուսիսիցը» եւ այլ սիրված ֆիլմեր), այնպես էլ վերջին տարիների պրեմիերաները: Տարածման պահանջ ունեն հատկապես 1980-2010թթ. ստեղծված ֆիլմերը, որոնք չեն հասցրել օգտվել խորհրդային կինոպրոկատի բարիքներից ու մեծ իմաստով` չեն գնահատվել հանդիսատեսի կողմից: Ռ. Բագրատունյանը նշում է նաեւ, որ կցուցադրվեն այնպիսի ֆիլմեր, որոնք արգելված են եղել Խորհրդային Հայաստանում, երբեք չեն ցուցադրվել կամ էլ գրաքննության են ենթարկվել: Հատկապես արժանի է ուշադրության Բագրատ Հովհաննիսյանի նուրբ ու բազմաշերտ «Հնձան» ֆիլմը, որը Հրանտ Մաթեւոսյանի պատմվածքի հիման վրա ստեղծվելով, այդպես էլ մեծ էկրան չի բարձրացել:

Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությանը կնախորդեն կինոգետների ելույթները, իսկ Թատրոնի եւ կինոյի ակադեմիայում ու Մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցող ցուցադրումներին կհետեւեն նաեւ քննարկումները: Երիտասարդ կինոքննադատների համար քննարկման եւ գնահատման դաշտ կբացվի, քանի որ Կինոկենտրոնը լավագույն գրախոսականների համար հատուկ մրցանակներ է սահմանել: Իսկ Տիկնիկային թատրոնում երեխաների համար կցուցադրվեն ազգային մուլտֆիլմերն ու մանկական կինոժապավենները: «Կինոաշունը» լավ հարթակ է բացում հայկական կինոյի ընտրանու հետ ծանոթանալու համար:

«Կինոաշուն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում ֆոտոցուցահանդես կբացվի, որտեղ կներկայացվեն հայ կինոյի նշանակալից էջերը: Հոբելյանական մեծարման ձեւաչափով կնշվի կինոօպերատորներ Ալբերտ Յավուրյանի, Լեւոն Աթոյանցի, կինոռեժիսորներ Հենրիկ Մալյանի, Սուրեն Բաբայանի ու սիրելի դերասան Մհեր Մկրտչյանի վաստակը:

Կինոն վայելելու (կամ էլ վանելու) համար պետք է սկսել դիտումներից: Համենայնդեպս, Կինոկենտրոնը նման առիթ տալիս է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ բոլոր կինոդիտումներն անվճար կլինեն (միայն «Մոսկվա» կինոթատրոնում է տոմսերի համար սիմվոլիկ 300 դրամ գին սահմանված):

Հայկական կինոն պետք է դիտել՝ գոնե հասկանալու համար, թե որքանո՞վ է այն արտահայտում մեր նկարագիրը եւ որքանո՞վ է կարողանում հուզել մեզ:

Տեղեկացված լինել՝ նշանակում է՝ զինված լինել: Իսկ երբ զինվում ես ինֆորմացիայով, կարողանում ես սթափ գնահատականներ տալ: Մեր արդի հայ կինոն սթափ հասարակական գնահատականի կարիք ունի: