Ստամբուլի հայկական դպրոցները շատ խնդիրներ ունեն

30/09/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թուրքիայում ազգության հանգամանքն ամենաշատն է կարեւորվում: Այսինքն` ոչ թե Թուրքիայի քաղաքացի, այլ հենց ազգությամբ թուրք լինելու փաստն է առաջնային համարվում: Թուրքիայում հայ լինելն ու հայ մնալը հսկայական ներուժ է պահանջում:

Հայ լինելու միակ միջոցը փաստաթղթերում գոնե դավանանքն ընդգծելն է: Ընդամենը կարելի է նշել, որ դու թեեւ ազգությամբ թուրք ես, սակայն քրիստոնյա ես: Իհարկե, քրիստոնյա թուրքեր են նաեւ հրեաները, ռուսները, սակայն միայն այդ կետն է, որը թույլ է տալիս գոնե հայ լինելու մասին ակնարկել: Եթե շարքային ստամբուլահայը կարող է հանգիստ կյանք վարել ու ազգային խտրականության առանձնահատուկ դրսեւորումների չհանդիպելով` իր գործն անել, ապա ինստիտուցիաների (հատկապես դպրոցների, եկեղեցու) պարագայում նրանց իրավունքները խստորեն ու հետեւողականորեն սահմանափակվում են: Եվ, առաջին հերթին, դա զգացվում է Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք հետզհետե կորցնում են իրենց հայկական դեմքն ու վերածվում թուրքերեն լեզվով ուսուցանող դպրոցների: Այժմ Ստամբուլում 14 նախակրթարան, 5 վարժարան ու 1 մանկապարտեզ կա, որտեղ հայերեն ուսուցումը զուգակցվում է թուրքերենի հետ: Եվ թուրքերենը գնալով գերակշռում է:

Ստամբուլում գործող բոլոր ուսումնական հաստատությունները պարտավոր են ենթարկվել Թուրքիայի Կրթության նախարարության ծրագրերին: Եվ քանի որ հայերեն ուսուցումը իշխանությունները, մեղմ ասած, չեն ողջունում, հայկական դպրոցները անկասելիորեն թուրքանում են: Որպես կանոն, բոլոր հայկական դպրոցներում Թուրքիայի իշխանություններն «իրենց» մարդկանց են նշանակում: Դպրոցների հայ տնօրենների կողքին միշտ թուրք փոխտնօրեն է նշանակվում, որի լիազորությունները բավական լայն են լինում: Ներքին կարգով այդ մարդկանց դպրոցի «աչք ու ականջ» են անվանում, քանի որ նրանք իրենց ամենօրյա աշխատանքում հետեւում են, որ ոչ մի «սխալ» բան տեղի չունենա: «Սխալն» այս դեպքում հայկական պատմության դասավանդման արգելքին չենթարկվելն ու հայերեն լեզվի դասաժամերի քանակին հետեւելն է: Եվ բնական է, որ այդ երկակի վիճակը լարված մթնոլորտ է ստեղծում ու հայ համայնքին ստիպում է առավել զգուշավոր գործել: Ստամբուլի ամենահին ու երկար տարիների պատմություն ունեցող «Կեդրոնական վարժարանի» տնօրեն Սիլվա Գույումճեանն, օրինակ, նշում է, որ եթե իրենք հանկարծ համառեն, ապա կարող են լուրջ կորուստներ ունենալ: «Ազդեցությունը սովորաբար մեծ փոխազդեցություն է ծնում: Մենք հիմա ջանում ենք ոտքի վրա կանգնած մնալ ու չկորցնել մեր աշակերտներին»,- ասաց նա` «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով Թուրքիա ժամանած հայաստանցի լրագրողներին:

«Կեդրոնական վարժարանը» հիմնադրվել է 1886 թվականին ու գործում է Սուրբ Առաքելոց եկեղեցուն կից: Այդ վարժարանը, մերօրյա լեզվով ասած` ավագ դպրոցի կարգավիճակ ունի: Հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի կողմից հիմնադրված այս վարժարանը նախկինում ավելի մեծ տարածք էր զբաղեցնում, սակայն, երբ Ստամբուլում նոր ճանապարհ էին կառուցում, եկեղեցու մի հատվածը քանդվեց, իսկ փողոցն ու եկեղեցին հատող սահմանագծում բարձր պարիսպ կառուցվեց: Այդ բաժանարար պարիսպը մի կողմից՝ պաշտպանության ֆունկցիա ունի, մյուս կողմից` փակ գետտոյի տպավորություն է թողնում:

Եվ քանի որ հայոց պատմության դասավանդումը Թուրքիայում արգելված է, հայ երեխաները պատմության մասին տեղեկանում են սովորաբար հայ գրականության դասերի միջոցով: Հայերենի ուսուցչուհի Նատալի Բաղդադը նկատեց, որ հնարավոր չէ աշակերտներին Գրիգոր Զոհրապի կամ Կոմիտասի մասին պատմել ու անտեսել Հայոց Եղեռնի, հայ եկեղեցու ու ընդհանրապես հայոց պատմության էջերը: Այնպես որ, հայոց լեզուն յուրատեսակ միջնորդի դեր է կատարում, թեեւ, ինչպես նկատում են ստամբուլահայերը, նույնիսկ միջնորդի դերն է դանդաղորեն նվազում: Եվ շատ հայեր գերադասում են իրենց երեխաներին ոչ թե հայկական, այլ` թուրքական դպրոցներ ուղարկել:

Վարժարանում այսօր կարեւորագույն խնդիր է դարձել հայ ուսուցիչների պակասը: Երբ, օրինակ, պարզվում է, որ աշխարհագրության կամ մաթեմատիկայի հայ ուսուցիչներ չկան, նրանց տեղն արագորեն զբաղեցնում են թուրքերը: Հայերենի իմացությամբ մասնագետներ ոչ մի թուրքական հաստատություն չի պատրաստում, եւ բնական է, որ այդ քաղաքականությունն իր «պտուղներն» է տալիս. կրճատվում է հայոց լեզվի գործածությունը: Այսօր վարժարանում գրեթե բոլոր առարկաները թուրք ուսուցիչները թուրքերենով են դասավանդում: «Մեր վարժարանը հայտնի է լավ կրթությամբ, քանի որ մեր շրջանավարտները կարողանում են հեշտությամբ թուրքական բուհեր ընդունվել»,- ասաց Ս.Գույումճեանը: Հարկ է նշել, որ «Կեդրոնական վարժարանում» կարող են սովորել միայն էթնիկ հայերը, որոնց ազգության վկայականը Պոլսո հայ պատրիարքարանն է տալիս: Եվ քանի որ Թուրքիայում բոլորը թուրքեր են, ապա հայի լինելիությունը Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու կտրոնն է համարվում: Չմկրտված ու աթեիստ հայերը հայկական դպրոցներում սովորելու իրավունք չունեն: Եվ եթե հաշվի առնենք, որ ստամբուլահայերից շատերը կաթոլիկ կամ բողոքական են, կստացվի, որ հայերենով ուսուցումը նրանց համար նույնպես հասանելի չէ:

Պոլսո հայ պատրիարքը ոչ միայն հոգեւոր հովվի դերակատարություն ունի, այլեւ` աշխարհիկ գործառույթներ է կատարում` իր ուսերին վերցնելով հայ համայնքի շահերը Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու ու պաշտպանելու գործը: Եվ, թերեւս, Պոլսո հայ պատրիարքարանի կատարած այդ գործն էլ ամենաշատն է կշտամբվում հայ համայնքի կողմից: Եկեղեցու զգուշավորությունը շատերին է անհանգստացնում: Մեր լրագրողական խումբը այցելեց նաեւ Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցի, որը Պոլսո պատրիարքի նստավայրն է հանդիսանում: Բավական աղքատ ու անբարեկարգ Կումկապի թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածնի դիմաց, մոտ 15 մետր հեռավորության վրա տեղադրված է ոստիկանական անցակետը: Թուրք ոստիկանների հարեւանությունը, եկեղեցու սպասավորների գնահատմամբ` խաղաղության գրավական է: Եվ կրկին երկակի վիճակ է ստեղծվում, թուրք ոստիկանները (ինչպեսեւ դպրոցների թուրք կոմիսարները) միաժամանակ եւ պաշտպանում, եւ վերահսկում են ստամբուլահայերի հանրային ու հոգեւոր կյանքը: Ամեն դեպքում` նրանց աչքից ոչինչ չի վրիպում: Եվ հայ համայնքն էլ թուլանում է այդ վերահսկումից:

Բացի արդեն վաղուց Ստամբուլում բնակվող հայերից (որոնք քաղաքի բնիկների ժառանգներն են), շատ են նաեւ վերջին տարիներին այնտեղ տեղափոխված հայաստանցի հայերը, որոնք ոչ թե համալրում են ստամբուլահայ համայնքը, այլ` սեփական համայնք են ձեւավորում: Վերջիններս հիմնականում աշխատանք որոնելու նպատակով են Ստամբուլում հայտնվում ու այլեւս Հայաստան չեն վերադառնում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ստամբուլում առանց օրինական փաստաթղթերի ապրող ու աշխատող հայաստանցիների թիվը աճել է (մոտ 20 հազարի է հասնում): Շատերը հասցրել են Ստամբուլում բնակարան ձեռք բերել ու վստահ են, որ անպայման նաեւ աշխատանք կգտնեն: Աշխատանքը Ստամբուլում շատ է, եւ հայաստանցիներն էլ հիմնականում խանութների վաճառողներ, դայակ կամ հավաքարար են աշխատում: Ընդ որում` հայ դայակները շատ բարձր են գնահատվում ու սովորաբար թուրքական ընտանիքներում աշխատելով` լավ դաստիարակներ են դառնում դեռահաս թուրքերի համար: Նախկինում՝ երեւանցի, այժմ՝ արդեն 15 տարի Ստամբուլում ապրող Հռիփսիմեն մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստան վերադառնալու իմաստ չի տեսնում: «Այստեղ կարող եմ խանութում աշխատել, ու ստացված 600-700 եվրո աշխատավարձով տուն վարձել եւ երեխաներիս կերակրել: Իսկ Երեւանում դա անելու հնարավորություն չունեմ: Ամեն տարի գալիս եմ Երեւան` մտածելով, որ արդեն չեմ վերադառնա, սակայն մի ամիս հետո նորից Ստամբուլ եմ վերադառնում: Ի՞նչ անեմ, իմ տունն արդեն Ստամբուլում է»,- ասաց նա:

Միգրանտ հայաստանցի երեխաների համար էլ հայ բողոքական եկեղեցուն կից մանկապարտեզ ու 5-ամյա դպրոց է գործում: Նկուղում գործող այդ դպրոցում առանց օրինական փաստաթղթերի ապրող ներգաղթած 70 հայ երեխաներ են սովորում: Ուսումը իրագործվում է ՀՀ դասագրքերով ու կրթական ծրագրերով: Դասագրքերը ՀՀ Սփյուռքի նախարարությունն է ուղարկում, իսկ դասարանները ձեւավորված են ՀՀ Նախագահի ու կաթողիկոսի նկարներով: Հայաստանի փոքր կրկնօրինակը հանդիսացող այս դպրոցում աշակերտների աճի միտում է նկատվում: Եվ քանի դեռ հայրենիքում սոցիալական խնդիրները չեն լուծվելու, արտագաղթողների թիվը (այդ թվում՝ նաեւ դեպի Թուրքիա) չի նվազի, ավելին, արագ տեմպերով կաճի: Եվ զարմանալի օրինաչափությամբ` Ստամբուլ արտագաղթած հայաստանցիները ոչ թե ամրապնդում են Ստամբուլի հայ համայնքի երբեմնի կշիռն ու դերը, այլեւ` զուգահեռ իրենց իրականությունն են ստեղծում: Մասնատված համայնքները հեշտ են կառավարվում:

Ստամբուլ-Երեւան