Այն օրվանից, ինչ սկսվել է սահմանադրության փոփոխությունների գործընթացը, ես համառորեն նորացված սահմանադրությանն «այո» ասելու պատճառներ եմ փնտրում։ Այն, որ նոր սահմանադրությամբ մեր երկիրը եւս մեկ կարեւոր քայլ է կատարում դեպի Եվրոպա, բավական ծանրակշիռ պատճառ է, բայց արդյոք բավարա՞ր է հարավկովկասյան մեր երկրից արվելիք անվարժ այդ քայլը, երբ մեր մնացած բոլոր քայլերը հակառակ ուղղությամբ են տանում։
Հայտնի կուսակցության ոչ անհայտ ուսանողական միությունը չարտոնված ցույց է անում Բաղրամյան պողոտայի նախագահի նստավայրին հարող հատվածում՝ Անգլիո դեսպանությունից պահանջելով չհամարձակվել սկսել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, իսկ մենք խոսում ենք խաղաղ, ոչ հեղափոխական, այլ սահմանադրական ճանապարհով դեպի Եվրոպա քայլելու մասին։ Եվրոպան ուզում է ընդլայնվել դեպի Մերձավոր Արեւելք, այսինքն՝ գալիս է մեր դուռն, իսկ մենք նրան ասում ենք. «Դու մնա քո տեղում, կամաց-կամաց գալիս ենք»։
Նորմալ պայմաններում (նորմալ ասելով՝ այդքան չարչրկված մենթալիտետը նկատի ունեմ), մենք պետք է բան ու գործ թողած երազեինք Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, որովհետեւ պարզ պիտի լիներ, որ հարեւան այդ պետությունում մեզ անհանգստացնող բոլոր խնդիրները կարող էին լուծվել եվրոպական մենթալիտետի եւ օրինակերտվածքի շրջանակում։ Օրինակ՝ մենք այլեւս կարիք չէինք ունենա անհանգստանալու, որ մեր պատմական հուշարձանները ոչնչացնում են, քանզի Եվրոպան ինքը թույլ չէր տա այդ բանը։
Կարիք չէինք ունենա նաեւ «խաղեր» տալու` սահմանը բացել-չբացելու հարցերի շուրջ, որովհետեւ Եվրոպան փակ սահմաններ չի հանդուրժում։ Հոլանդիա կամ Գերմանիա արտագաղթելու պես հնարավորություն կունենայինք ներգաղթելու մեր պապական բնակավայրերն ու ապրելու այնտեղ։ Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, կարծում եմ կամ գրեթե համոզված եմ, որ առանց պատմության այդ ծանր բեռը թոթափելու` Եվրոպան թույլ չի տալու Թուրքիայի մուտքն իր միության մեջ։ Բայց մենք դեմ ենք Թուրքիայի անդամակցությանը, որովհետեւ վերը նշված խնդիրներն, ըստ էության, մեզ առանձնապես չեն էլ հետաքրքրում։ Հուշարձանների ոչնչացումը մի ինչ-որ շատ կարեւոր հարց չէ, եթե այն դուրս ենք դնում հայ-թուրք ավանդական հարաբերությունների համատեքստից։ Հուշարձան է, ոչնչացնում են, ի՞նչ կա որ։ Մենք քի՞չ հուշարձան ենք ոչնչացրել խորհրդային տարիներին, կամ այսօր չե՞նք ոչնչացնում հին Երեւանը՝ կառուցելով թամ-թազա 2787-ամյա քաղաքամայր։
Սահմանի բացումն էլ մի եսիմ ինչ խնդիր չէ։ Մենք առանց դրա էլ կարողանում ենք ապրել, զարգանալ ու բարգավաճել՝ միաժամանակ հոխորտալով փակ սահմանի ետեւում գտնվող մեր հարեւանի վրա։ Մեր արտադրողին դա հնարավորություն է տալիս լուրջ մրցակցության բացակայության պայմաններում (կներեք փողոցային ժարգոնի համար) տուլիտ անել իր անորակ ապրանքը եւ անգամ փոքրիկ ջանք չներդնել կարգին գովազդ անելու (չեմ ասում` որակի բարձրացման) գործում։Հոլանդիա կամ Գերմանիա արտագաղթելու պես պապական հողեր ներգաղթելու հեռանկարն էլ առանձնապես ոգեւորիչ չէ, քանզի Ղարաբաղն ու հարակից յոթ շրջաններն արդեն ապացուցել են, որ աշխարհագրությունը մեզ հետաքրքրում է միայն քարտեզի վրա։ Ապրող լինեինք, հիմա Զանգելանում կամ Ջեբրայիլում էինք, էլ չասած բուն` Ղարաբաղի բնակավայրերը։
Եվ վերջապես ամենակարեւոր հարցը՝ Ցեղասպանության ճանաչումը։ Ես վստահաբար պնդում եմ, որ եվրաինտեգրման ճանապարհին Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, իսկ Եվրամիությունն իր վրա է վերցնելու փոխհատուցումների հարցը։ Եվ ինչպես մեր կառավարությունն է՝ «Օրինաց երկրի» խելքին ընկած, «փոխհատուցելու» բնակչության ավանդներն, այդպես էլ Եվրամիությունը պարտքեր ներելու կամ նոր արտոնյալ վարկեր, դրամաշնորհներ տալու միջոցով փոշիացնելու է մեր տարաբախտ նախնիների արյան գինը։ Բայց կարեւորը սա չէ։ Ցեղասպանության ճանաչմամբ գալու է հայ հասարակության համընդհանուր հեղափոխության անհրաժեշտությունը, երբ պետք է փոխվի ամեն ինչ։
Մարգարեություն թող չթվա, բայց ասածս լինելու է առաջիկա տասը տարում, եւ վերը նշված համընդհանուր հեղափոխության անհրաժեշտությունն էլ մեր դռանը չոքելու է շատ անսպասելի, որովհետեւ մինչեւ վերջին պահը հայ հայրենասերը փորձելու է կանխել փոքրասիական այդ բավականաչափ մեծ երկրի սպրդումը Եվրամիություն։
Դեպքերից առաջ չընկնելով` ասեմ, որ մենք դեռեւս գտնվում ենք նախորդ դարի սկզբի մտածողության թանձրուկի մեջ, երբ չունեինք պետություն, երբ ապրում էինք երկու կայսրությունների գավառներում, երբ երկու կայսրությունների քաղաքներում ձեւավորվում էինք որպես բուրժուազիա եւ վարժապետներին մի քանի կոպեկ տալով` հորդորում մանկանց հայ մեծացնել։ Հայ մեծացնելու ամենաուղիղ ճանապարհն էլ հակառակության ոգի ներարկելն էր։
Եվ հիմա՝ լուսավոր 21-րդ դարում, երբ համակարգիչը չի ենթարկվում միայն «թռի մի բաժակ ջուր բեր» հրամանին, 2787-ամյա մայրաքաղաքի անհամեմատ նվազ տարիք ունեցող (չեմ ակնարկում տարիքի հետ կապված տհասությունը) քաղաքապետարանը հրահանգում է դպրոցներին անցկացնել «Սրի դեմ գրիչ» թեմայով շարադրությունների մրցույթ, որն, ինչպես կռահեցիք, նվիրված է Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին։ Որքան ինձ հայտնի է քերթողահայր Խորենացու եւ մյուս պատմիչների երկերից, սուրբ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ինչ-որ պոլիգոնում էր ճգնում, այլ հարեւան երկրների գրադարաններում, եւ փորձում էր ոչ թե «գրիչ» տեսակի ինչ-որ զենք հորինել, այլ նշանագրեր, որի նպատակը սրի դեմ պայքարելը չէր։ Ի դեպ, պատմության հետագա ընթացքը՝ թղթե շերեփով եւ քաղաքական նամակագրությամբ, ապացուցում է, որ գրիչն ամենեւին էլ զենքի դեմ պայքարելու լավագույն միջոց չէր։ Մեսրոպ Մաշտոցի նպատակը Սուրբ Գրեր թարգմանելն էր։ Եթե հիշում եք, այդպես էլ եղավ. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Այբուբեն ունենալու անհրաժեշտությունը գալիս էր Սուրբ Գրեր թարգմանելու անհրաժեշտությունից, Սուրբ Գրեր թարգմանելու անհրաժեշտությունը` քրիստոնյա լինելու անհրաժեշտությունից, իսկ դա մեզ համար ճանապարհ էր բացելու դեպի քրիստոնյա Արեւմուտք։ Ճանապարհ, որ չենք անցնում արդեն 1600 երկար ու ձիգ տարի։