Սերկևիլ

30/09/2010

Հին հույները սերկեւիլի պտուղը սիրո եւ պտղաբերության խորհրդանիշ էին համարում: Այս պտղի մեջ մեծ քանակության պեկտինային միացություններ, ֆրուկտոզաներ, գլյուկոզա, կալիումային աղեր, երկաթ, կալցիում, ֆոսֆոր եւ պղինձ է պարունակվում: Թարմ կամ չոր սերկեւիլի եփուկը հնում օգտագործել են արգանդային արյունահոսությունները կանգնեցնելու համար. օրը 3 անգամ սերկեւիլի մանր կտրատած պտուղներից պատրաստված թեյ խմել: Սերկեւիլի սերմերից պատրաստված եփուկը եւս շատ օգտակար է նման դեպքերում: Հատկապես դաշտանադադարի` կլիմաքսի շրջանում: Սերմերը լորձային մաս են պարունակում: 10 գրամ սերմերի վրա 1 բաժակ եռացրած ջուր ավելացրեք, 7-9 րոպե թափահարեք: Ստացված լորձային լուծույթից, օրը 3-4 անգամ, ուտելուց 20-30 րոպե առաջ 1 ճ/գ ընդունեք: Շատ օգտակար է նաեւ գաստրիտի, վերին շնչուղիների համար: Նաեւ օգտակար է մաշկային այրվածքների, գրգռվածությունների դեպքում: Հիշեք, որ սերկեւիլի սերմերը չի կարելի մանրացնել. հակառակ դեպքում նրանում պարունակվող թունավոր նյութերը կարող են վնասել օրգանիզմը: Սերկեւիլի 5 բաժին տերեւների վրա 200 մլ եռացրած ջուր լցրեք եւ թողեք սառչի. այս եփուկը կանխում է նաեւ բրոնխիալ ասթմայի նոպաները: Հնում հեքիմները սերկեւիլի հյութով նաեւ բուժել են անպտղությունը: Ամեն օր անհրաժեշտ է երեկոյան 1 ճաշի գդալ թարմ պտղահյութ խմել: Տերեւների եփուկով կարող եք սպիտակող (սկզբի շրջանում) մազերը ներկել. հրաշալի երանգ է պարգեւում հատկապես շագանակագույն մազերին: Ավիցենան մարսողականության խանգարումների դեպքում խորհուրդ էր տալիս ստամոքսը եւ լյարդի աշխատանքը ամրացնել սերկեւիլի պտղահյութից, խնձորի բնական քացախից եւ բնական մեղրից պատրաստված լուծույթով: Նրա համոզմամբ` սերկեւիլը նաեւ նպաստում է դեմքի մաշկի լավացմանը:

Բրոնխիալ ասթմայի դեպքում օգտակար է հետեւյալ դեղատոմսը. 5 գրամ տերեւների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, 15 րոպե լավ տաքացրեք գոլորշու վրա: Օգտագործեք օրը 3-4 անգամ` 2 ճաշի գդալով` ուտելուց 20 րոպե առաջ: 3 օրից ավելի չի կարելի լուծույթը պահել սառնարանում:

Սերկեւիլը խորհուրդ չի տրվում օգտագործել փորկապության, պլեւրիտի դեպքում: Այն վնասում է ձայնին, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երգիչներին:

Սերկեւիլի 100 գրամ չոր տերեւներով եւ 1 լիտր ջրով պատրաստված եփուկը 1 ժամ թողեք սառչի, այնուհետեւ դրանով շփեք մազերը շաբաթը 2-3 անգամ: Ամրացնում է մազերը: