Տիբեթյան դեղատոմսեր

30/09/2010

«Տիբեթյան բժշկության կենտրոնի» լամա-բժիշկ, դեղագործ Վիկտոր Վոստոկովը տիբեթյան բժշկության անգնահատելի գաղտնիքների մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նա հավաքագրում եւ ներկայացնում է այդ գաղտնիքները, որոնցից շատերը վերաբերում են օրգանիզմի երիտասարդացմանը (հատկապես կանանց համար): Տիբեթյան բժիշկները տիրապետում էին երիտասարդացման, երկարակեցության գաղտնիքներին: Նրանց դեղատոմսերի բաղադրիչները բոլորիս հայտնի բույսերն ու սննդամթերքներն են: Օրինակ` սխտորը, մեղրը, մումիեն (մումիյո), տափաստանային կենդանիների միսը, եւ այլն: Օրգանիզմի երիտասարդացման համար խորհուրդ է տրվում սխտորով հետեւյալ դեղատոմսը (1): 350 գրամ մաքրած սխտորը ճզմել-մանրացնել փայտե կամ հախճապակե գդալով, դրանից առանձնացնել 200 գրամ հյութը, լցնել ապակե տարայի մեջ, վրան ավելացնել 400 գրամ 96%-անոց սպիրտ: Պինդ փակել տարան եւ 10 օր պահել սառը տեղում: Այնուհետեւ հյութը քամել եւ եւս 3 օր պահել սառը տեղում: Օրը 3 անգամ, խիստ գրաֆիկով, 50 գրամ լուծույթը սառը կաթի հետ խառնել եւ խմել, մինչեւ այն կվերջանա: Այս դեղատոմսը կարելի է կրկնել 5 տարին մեկ անգամ: Այն մաքրում է օրգանիզմը ճարպերից եւ թունավոր նյութերից, լավացնում է օրգանիզմի նյութափոխանակության բոլոր պրոցեսները: Այսկերպ դուք նաեւ կանխում եք հնարավոր սկլերոզը, ինֆարկտը, կաթվածը, կրծքահեղձուկը (ստենոկարդիա), տարբեր ուռուցքների առաջացումը, լավացնում տեսողությունը եւ այլն: Լավ տեսողության համար ձմռանը խորհուրդ է տրվում քնելուց առաջ 1 բաժակ տաք կաթ խմել` ավելացնելով 9-12 կաթիլ սխտորի հյութ: Մյուս դեղատոմսը (2) պատրաստվում է քացախով եւ մեղրով: 30 գրամ խնձորի բնական քացախը լցնել 70 գրամ ծաղկային բնական մեղրի վրա, լավ խառնել եւ պահել սառնարանում: Օրը 2 անգամ ուտելուց 1 ժամ առաջ 1-ական թեյի գդալ լուծույթը տաք ջրի հետ խմել: Դեղատոմս 3. Օրվա ընթացքում ցանկացած ժամի ճաշելուց 20 րոպե առաջ 2 կտոր (2սմ երկարությամբ) ալոէի տերեւ կերեք: Մինչ այդ տերեւը լվացեք, փշերը կտրեք եւ ուտելուց լավ ծամեք այն: Դեղատոմս 4. Շամբուկի (օշինդր, բուզինա) հասած պտուղներից մրգահյութ պատրաստեք եւ ուտելուց առաջ 1 ճ/գ խմեք:

Հոդերի ռեւմատիզմի համար պատրաստեք այս դեղատոմսը (5). Կես թեյի բաժակ մասուրի արմատները լցնել 1/2 բաժակ օղու մեջ: Պահել մի քանի օր զով տեղում, ապա առաջին 3 օրը խմել այդ լուծույթից 1ճ/գ չափով` օրը 3 անգամ, այնուհետեւ` 2 ճ/գ չափով: Բուժման ընթացքում օրը 3 անգամ 1/2 բաժակ գրեյպֆրուտի թարմ քամած հյութ խմեք: Այն հոդերի խոռոչներից հեռացնում է հեղուկը: