27-ամյա կնոջը բռնաբարելու համար Սարանսկի բնակիչը հատուցել է սեփական կյանքով: Զոհի քաղաքացիական ամուսինը` հայաստանցի 21-ամյա Գոռ Գյարգրցյանը, իր կնոջը բռնաբարողին սպանել է` սրտի շրջանում 5 հարված հասցնելով: Սեպտեմբերի 17-ին Գոռ Գյարգրցյանն իր սիրելի կնոջ եւ ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացրել «Բելի Մեդվեդ» ժամանցային համալիրում, սակայն առավոտյան նրանք վիճել են եւ կինն ուղեւորվել է Կենտրոնական շուկա` տաքսի նստելու նպատակով: Ճանապարհին նրան է միացել 38-ամյա Վլադիմիր Ռիբակովը, որն իր մի քանի ավտոմեքենաները վարձակալությամբ տվել է տաքսի ծառայությանը: Տաքսի նրանք նստել են միասին, տղամարդը համառորեն համոզել է աղջկան շարունակել շփումը, գիշերային ակումբ է հրավիրել: Մեքենայի մեջ նրանք սկսել են վիճել, վարորդը նրանց իջեցրել է «հՈՐՈվրՍ» հյուրանոցի մոտ: Վլադիմիրը վարդ է նվիրել աղջկան` առաջարկելով նրան տուն ուղեկցել: Աղջիկը համաձայնել է, սակայն տուն ուղեկցելու փոխարեն՝ տղամարդը նրան տարել է Սարանսկի շրջանի Իվանկովա գյուղում գտնվող իր եղբոր տուն եւ բռնաբարել նրան: Կինը կարողացել է ազատվել նրանից միայն առավոտյան ժամը 8:00-ին: Նա լացակումած տուն է գնացել ու պատմել ամուսնուն կատարվածի մասին: Այնուհետեւ նրանք ուղեւորվել են Իվանկով, որտեղ էլ Գոռը Վլադիմիրին սպանել է` սրտի շրջանում դանակի հինգ հարված հասցնելով: Մի քանի օր անց ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Գոռ Գյարգրցյանին: Այժմ նա կալանքի տակ է եւ պնդում է, որ սպանությունն իրականացրել է աֆեկտի վիճակում: