Վատ ճաշակ չունի

30/09/2010

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Rolling Stones» ամսագրին պատմել է իր երաժշտական նախասիրությունների մասին: Նա նախկինի պես գերադասում է իր երիտասարդ ժամանակների երաժշտությունը` ռոքն ռոլը, «The Rolling Stones»-ի կատարմամբ, Բոբ Դիլանի բալլադները, ինչպես նաեւ՝ Սթիվի Ուանդերի սոուլ ստեղծագործությունները: Օբամայի երաժշտական ճաշակը, սակայն, բազմազան է. Ջոն Կոլտրեյնի կամ Մայլս Դեւիսի ջազից մինչեւ Մարիա Կալլասի օպերային դերերգերը: Օբաման խոստովանել է, որ նաեւ դասական երաժշտության մեծ սիրահար է: «Կան օրեր, երբ Մարիա Կալլասն այն է, ինչ ինձ պետք է»,- ասել է ԱՄՆ նախագահը` տեղեկացնելով, որ իր iPod-ում մոտ 2000 երգ կա: ԱՄՆ նախագահը նաեւ պատմել է, որ վերջին շրջանում հետաքրքրվում է ռեփով` իր օգնական ու նախկին բասկետբոլիստ Ռեջի Լավի շնորհիվ: Ռեփ կատարողների ցուցակում Jay-Z-ին ավելացել են Nas-ը, Lil Wayne-ը եւ ուրիշներ, այդուհանդերձ, Օբաման նշել է, որ այդքան էլ լավ չի տիրապետում այդ երաժշտական ուղղությանը: