Հաշվեհարդա՞ր, թե՞ պատվիրված սպանություն

16/10/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

2004թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 16-ի սահմաններում Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, հրազենային կրակահերթով սպանվեցին երկու հոգի՝ Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Գրիգոր Պոդոսյանն ու նրա հորաքրոջ որդին՝ երեւանաբնակ Ստեփան Ալիխանյանը:

Սպանության համառոտ խրոնիկան

(Ըստ թիվ 13213604 քրեական գործի 16.12.2004թ. մեղադրական եզրակացության) 2004թ. հոկտեմբերի 29-ին Վրաստանի Ախալցխա քաղաքի բնակիչ Ստեֆան Սուկասյանը նույն քաղաքի բնակիչ Աշոտ Քանանովից տեղեկացել է, որ իր հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող Գրիգոր Պոդոսյանը գտնվում է Երեւանում: Հանցավոր համաձայնության գալով Ա. Քանանովի հետ, Ս. Սուկասյանը որոշում է սպանել Գ. Պոդոսյանին: Իր ցուցմունքում Ս. Սուկասյանը նշել է, որ տարիներ շարունակ ընկերական հարաբերություններ են եղել իր եւ Գրիգոր Պոդոսյանի միջեւ: 2003թ. փետրվարին նրանք արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ Օդինցովո քաղաք, որտեղ վիճաբանություն է եղել նրանց միջեւ, եւ Գրիգորը դանակով 8 անգամ հարվածել է Ստեֆանին, որից հետո նրանք թշնամացել են: Սակայն Օդինցովո արված պաշտոնական հարցումներից պարզվել է, որ Ս.Սուկասյանին դանակահարել են սափրագլուխները:

Սպանության օրը հարուցվել է քրեական գործ: Ս. Սուկասյանը կալանավորվել է դեպքի հաջորդ օրը, փախուստի դիմած Ա. Քանանովի հանդեպ հայտարարվել է հետախուզում: Ինչպես նշված է քրգործի 2004թ. դեկտեմբերի 16-ի մեղադրական եզրակացության մեջ, Ս. Սուկասյանը մասնակիորեն ճանաչել է մեղքը. «Նա լիովին մեղավոր է ճանաչել իրեն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Գրիգոր Պոդոսյանին դիտավորությամբ սպանելու, ապօրինի կերպով հրազեն հանդիսացող ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ձեռք բերելու, պահելու եւ կրելու մեղադրանքում, իսկ հանցագործությունը խմբակային կարգով կատարելու եւ Ստեփան Ալիխանյանին դիտավորությամբ սպանելու մեղադրանքում մեղավոր չի ճանաչել՝ հայտնելով, որ Աշոտ Քանանովի հետ համաձայնություն չի ունեցել Գրիգոր Պոդոսյանին սպանելու հարցում, իսկ Ստեփան Ալիխանյանի վրա չի կրակել եւ նրան սպանել է անզգուշությամբ»: Աշոտ Քանանովը հայտնաբերվել է 2005թ. հունիսի 21-ին, եւ նրա մասով քրգործի վարույթը վերսկսվել է: Մեղադրյալը հրաժարվել է իրեն առաջադրված մեղադրանքներից: Թեեւ 16.12. 2004թ. մեղադրական եզրակացության մեջ ասվում է նաեւ, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է Գրիգոր Պոդոսյանին սպանելու Ս. Սուկասյանի եւ Ա. Քանանովի հանցավոր համաձայնությունը, ինչպես նաեւ` Ստեփան Ալիխանյանի միտումնավոր սպանությունը, սակայն 2005թ. հուլիսի 15-ին գործով զբաղվող ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը որոշում է ընդունել` դադարեցնել Աշոտ Քանանովի հանդեպ քրեական հետապնդումն ու վերացնել որպես խափանման միջոց կիրառված կալանքը՝ վերջինիս մեղքը ապացուցված չլինելու հիմքով:

Երեկ խմբագրություն այցելեցին Ստեփան Ալիխանյանի ծնողներ Ալինա եւ Հենրիխ Ալիխանյանները եւ հայտնեցին, որ թեեւ դատաքննչական մարմինները քրեական բնույթ են հաղորդում այս սպանությանը, սակայն այն քաղաքական ենթատեքստ ունի, եւ այդ մասին ոչ ոք լսել չի ուզում: Նրանք գտնում են, որ գործի քննությունը կատարվել է խիստ մակերեսային, միջոցառումներ չեն ձեռնարկվել գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման համար, մեղադրյալի ցուցմունքները հաստատված են համարվել առանց ստուգման եւ գնահատման: «Նախաքննության մարմինը որեւէ միջոց չի ձեռնարկել պարզելու, թե ինչից ելնելով է, որ նախաքննության սկզբնական փուլում ցուցմունքներ տված վկաները Ս. Սուկասյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկվելուց եւ Ա. Քանանովի հայտնաբերվելուց հետո կտրուկ փոխել են իրենց ցուցմունքները եւ տվել բացառապես մեղադրյալի շահերից բխող ցուցմունքներ,- ասում էին Ալիխանյան ծնողներն ու համոզված պնդում,- սպանության պատվերն անմիջապես Աշոտ Քանանովին է տրված եղել, Գրիգորը վրացական կրիմինալի զոհն է, իսկ Ստեփանին սպանեցին, որպեսզի ազատվեն ավելորդ վկայից»:

Ալիխանյան ծնողների համոզմամբ` անտեսվել են նաեւ մի շարք հանգամանքներ: Մասնավորապես` այն, որ իրենց որդին սպանվել է ոչ թե այն պատճառով, որ կանգնած է եղել Գրիգորի հետեւում, եւ գնդակն` անցնելով Գրիգորի միջով, դիպել է նաեւ Ստեփանին, այլ, վկաների որոշ ցուցմունքների համաձայն, չի բացառվում, որ Ստեփանին սպանած լինի երկրորդ մարդ: Ծնողները հույս չունեն, որ երկրորդ մարդասպանի գոյության վարկածը երբեւէ կքննվի: Երկրորդ մարդասպանի ինքնության մասին շրջանառվող լուրերը մատնանշում են հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդուն:

Ո՞ւմ էր պետք Գրիգոր Պոդոսյանի սպանությունը

Գրիգոր Պոդոսյանը ծնվել է Ախալցխայում, 1978 թ.: Եղել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի սան: «Ուսումը կիսատ է թողել ընտանեկան հոգսերի պատճառաբանությամբ եւ մեկնել Ախալցխա»,- ցուցմունքում գրել է Գրիգորի երբեմնի դասախոս, ճեմարանի փոխտեսուչ, այժմ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը: Վերջին տարիներին զբաղվել է փայտի ներկրմամբ` Վրաստանից Հայաստան: Ակտիվ մասնակցություն է ունեցել վրացահայ համայնքի հասարակական կյանքում:

«Մեծ կորուստ էր դա Ախալցխայի հայ համայնքի եւ մանավանդ մեր հոգեւոր դասի համար, քանզի Գրիգորը ազնվաբարո ու առաքինի, մարդկային վեհ արժանիքներով ու գաղափարներով օժտված երիտասարդ էր, ապրում էր համայնքի յուրաքանչյուր անդամի՝ մեծ ու փոքրի կյանքով՝ նրանց հոգսն ու ցավը համարելով իր սեփականը»,- Գրիգորին բնութագրել է Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ քահանա Տեր Շմավոն Սաղոյանը: «Նա Ախալցխայի հայության կուռքն էր եւ հեղինակությունը: Նա տուժածին պաշտպան էր, զրկվածին` հովանավոր, աղքատին` ստնտու…»,- բնութագրել է «Ախալցխան մեր ընդհանուր տունն է» բարեգործական միությունը: «Իր այս նկարագրով նա վայելեց Ախալցխայի հասարակության սերն ու հարգանքը, դարձավ շունչ ու ոգի, ջանք ու եռանդ չխնայեց հայ երիտասարդությանը միավորելու գործում»,- գրել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը: 2004 թվականի հոկտեմբերին Գրիգոր Պոդոսյանը երեւանում հյուրընկալվել է հորաքրոջ՝ Ալինա Ալիխանյանի տանը: Հորաքրոջ համոզմամբ` Գրիգորն Ախալցխայում անախորժություններ է ունեցել եւ ժամանակավորապես հանգրվանել իրենց մոտ: Այլ մանրամասներ չգիտեն: «Գրիգորը շատ զուսպ էր ու սակավախոս, մենք հետո իմացանք, որ վրացական կրիմինալը հալածում էր նրան` իր հայանպաստ գործունեության պատճառով»,- ասում են:

Սպանության օրը Գրիգորը Երեւանում պատահաբար հանդիպել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգեն աբեղա Սալբիյանին, որի հետ պայմանավորվել են նույն օրն ավելի ուշ հանդիպել՝ քննարկելու վիրահայ համայնքին վերաբերող խնդիրներ: Հանդիպումը սակայն չի կայացել: Սպանությունը կայացել է մոտավորապես նրանց պայմանավորված ժամին, հանդիպման նախանշած վայրում: Դեպքի վայր եկած Սալբիյանն արդեն տեսել է սպանված Գրիգորին եւ Ստեփանին:

Ալիխանյանների հավաստմամբ` Ստեֆան Սուկասյանն ու Աշոտ Քանանովը վիրահայ համայնքին հայտնի են իրենց քրեական անցյալով: Թե ինչ կապ կարող էր լինել Գրիգորի եւ քրեական անցյալով այդ տղաների միջեւ, Ալիխանյանները պատասխանում են. «Նրանց միջեւ սերտ մտերմություն չի եղել, այստեղ դեր է ունեցել նրանց հայ լինելու հանգամանքը, ասում էր՝ հայ են վերջապես, Գրիգորը միշտ ջանում էր, որ վիրահայ երիտասարդությունը միասնական լինի, պայքարում էր, որ չփակեն հայկական դպրոցն ու եկեղեցին, որ հայերը կարողանան օտար երկրում չկորցնել իրենց ինքնությունը»: