«Լեզվի տեսչությունից եկան եւ մեզ պարտադրեցին հոկտեմբերի 1-ից հիմնարկի ողջ գրագրությունը միայն հայերենով անել»,- պատմում են թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցները: Լեզվի տեսչության ցուցաբերած նման սկզբունքայնությունից «նախանձելի» վիճակում է հայտնվել ոչ միայն այս պոլիկլինիկայի բուժանձնակազմը: «Մենք տեղեկություններ ունենք, որ այս խնդրի առաջ են կանգնած բոլոր բուժհիմնարկները, արդեն բազմաթիվ դեպքեր կան, երբ ռուսական կրթությամբ բուժաշխատողները գործից ազատվելու դիմումներ են ներկայացրել, որոնց, սակայն, ընթացք չի տրվել միայն այն պատճառով, որ մարդիկ ազնվորեն գրել են, թե գործից ազատվելու պատճառը լեզվական խնդիրներն են, վերադասն էլ ստիպում է այլ պատճառ հորինել»,- պատմում էին 19-րդ պոլիկլինիկայի բուժաշխատողները:
Եթե մեր լեզվի պահապանները շարունակեն նույն համառությամբ, կարելի է պատկերացնել, թե շատ շուտով հանրապետության առողջապահական համակարգը քանի փորձառու մասնագետ կկորցնի: Ավելի վատ բան էլ կարող է լինել: Մինչ լեզվի տեսչության որոշումները հարգող ռուսական կրթությամբ բժիշկները կփորձեն մեր հիվանդություններն իրենց չիմացած հայերենով նկարագրել, ախտորոշել ու բուժում նշանակել, մեր առողջությունը գուցե վերջնականապես քայքայվի: «Հանրապետության փորձառու բժիշկների 80 տոկոսը ռուսական կրթություն ունի, ինչպե՞ս կարելի է այդքան մարդու իրավունքները այդպես կոպիտ ոտնահարել, եւ դա` այն դեպքում, երբ մենք հայերենով նույնիսկ մի նորմալ մասնագիտական գիրք չունենք»,- ասում էր պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի տնօրեն Սվետլանա Օվչիյանը: Նա նույնպես ռուսական կրթություն ունի, ավելի քան երեք տասնամյակի աշխատանքային փորձ, սակայն տիկին Օվչիյանին անգամ «Այբբենարանի» կամավոր ընթերցումները չեն փրկում. նա օրվա ընթացքում բոլոր անհրաժեշտ գրառումները ռուսերեն անում է, հետո ինչ-որ մեկին խնդրում թարգմանել: Այդպես աշխատում են այս հիմնարկի գրեթե բոլոր ռուսախոսները, նրանցից շատերն օրվա գրագրությունը տուն են տանում, որպեսզի հայերեն իմացող հարազատները թարգմանեն: «Բա դա աշխատելու ձեւ՞ է»,- զարմանում են: «Եթե նախկինում մի հիվանդության նկարագրությունն ինձանից 5 րոպե էր պահանջում, հիմա ես հիվանդներին ստիպված ժամերով հերթ եմ կանգնեցնում, որպեսզի գոնե մի կես ժամում հայերեն մի քանի տառ նկարեմ»,- ասում էր մանկաբույժ Քնարիկ Խաչատրյանը: Նրա բախտը բերել է, որ գոնե ստիպված չի տառերից սկսել: Ակնաբույժ Տամիլա Ստեփանյանը բաքվեցի է: «Այս տարիքում,- ասում է,- չեմ կարծում, թե ինձ կհաջողվի հայերեն գրել սովորել, բա ի՞նչ պետք է անենք մենք, հիմա էլ Հայաստանի՞ց հեռանանք»: Ի դեպ, նոր-նոր հայերեն «ստեղծագործող» բժիշկների «ստեղծագործություններն» առայժմ իրարից չեն տարբերվում, նրանք հավանաբար խորհրդակցում են միմյանց հետ, եւ արդյունքում ստացվում են տարբեր հիվանդությունների միանման պատմություններ: Համենայնդեպս, մանկական բաժանմունքում մի քանի հիվանդների պատմություններ թերթելուց եկանք այն եզրակացության, որ նրանք ունեն միայն փափկացած հազ, ջերմություն չունեն, բուժումն էլ շարունակվում է. հայերենի նրանց իմացությունն առայժմ այսքանն է թույլ տալիս գրել: «Մենք մեզ նվաստացած ենք զգում, վաղը եթե այս հիվանդության պատմությունը մեկ այլ բժշկի պետք գա, ի՞նչ է հասկանալու նա այս մի քանի կցկտուր նախադասությունից»,- տարակուսած են բժիշկները:
Լավ է, որ գոնե շուտ գլխի են ընկել ու դեղատոմսերում դեղանունները լատինական տառերով են գրում:
Ն.Ա.