Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին զոհված ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, քննարկման արդյունքում հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «քննության առնել նման դիմումները, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին»:
«Մարմինը վերադարձնելու հարցում միջնորդելու խնդրանքով Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինին էր դիմել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Փաշազադեն: Խնդրանքը սեպտեմբերի սկզբին Կիրիլ Առաջինը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսին: Այս առիթով Վեհափառ հայրապետը հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանին եւ քննարկման արդյունքների մասին տեղեկացրել է Ռուսաց պատրիարքին»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վահրամ քահանա Մելիքյանը: Ըստ Վահրամ քահանայի` Գարեգին Երկրորդը տեղեկացրել է, որ հայկական կողմը մշտապես բարյացակամ է գտնվել եւ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհված զինվորների դիերի վերադարձը ադրբեջանական կողմին, «սակայն Ադրբեջանը ոչ միայն դադարել է նույն կերպ վարվել, այլեւ հաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք, ինչը բնավ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը»:
«Այսինքն, կարելի՞ է եզրակացնել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը միջնորդում է վերադարձնել Իբրահիմովի դին»` հարցին Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանել է. «Այո»: ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ փոխանցել են, որ Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցի շուրջ որեւէ մեկնաբանություն չունեն: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ տարակուսանք է հայտնել. «Ես չգիտեմ, թե ինչու են հայկական կողմին դիմում: Մենք սովորաբար միշտ վերադարձնում ենք` լինի դիակ, լինի գերի ընկած զինծառայող: Բայց այդ անձնավորությունը զոհվել է չեզոք գոտում, հասկանո՞ւմ եք, խնդիրը սա է: Եթե ադրբեջանցիներն ուզում են իրոք նրա դիակը վերցնել, պետք է համապատասխան դիմում լինի, գնան այդ չեզոք գոտին ու դուրս բերեն: Իսկ հատուկ մեր զորքերը ինչո՞ւ պետք է գնան չեզոք գոտում փնտրեն ադրբեջանցու դիակը ու վերադարձնեն նրանց` մի քիչ տրամաբանական չէ, էլի: Եվ մեզ մեղադրում են այդ դիակի պահման գործում, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»:
Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ Մուբարիզ Իբրահիմովի դին վերադարձնելու հարցով «իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսությունը շարունակվում է»: