Թշնամություն՝ սեփական ժողովրդի հանդեպ

28/09/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Անցած 19 տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականությունը մշտապես կառուցվել է սխալ հիմքի վրա: Կոռումպացված, մենաշնորհային ու ստվերային. այսպես կարելի է բնորոշել Հայաստանի տնտեսության ներկա վիճակը: Տնտեսական ճգնաժամն էլ իրականում լավ պատրվակ էր Հայաստանի իշխանությունների համար, որով էլ նրանք վերջին տարիներին փորձում են արդարացնել ձախողումները:

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, ինչպես ինքն է ասում` Հայաստանի չկայացած տնտեսության պատճառն, ու նաեւ իր դեղատոմսերն առաջարկեց ՀՀ կառավարությանը` վիճակը շտկելու համար: Ամենամեծ խնդիրն, ըստ պարոն Սանդոյանի, ստվերային տնտեսությունն է. «Այն դաժան մեթոդները, որով մենք վարչարարություն ենք իրականացնում փոքր բիզնեսի նկատմամբ, առնվազն թշնամություն է սեփական ժողովրդի հանդեպ: Մենք չենք կարողանում հարկել խոշոր բիզնեսմեններին այն պարզ պատճառով, որ նրանք իշխանության մասնիկն են, հետեւապես՝ նաեւ որոշումներ կայացնողներն են: Ստիպված հարկում ենք փոքր բիզնեսին, մինչդեռ նրանք պետք է լինեն խիստ արտոնյալ եւ ընդհուպ ազատված լինեն բոլոր տեսակի հարկերից: Այդ դեպքում կունենանք հրաշալի ցուցանիշներ»: Տնտեսագետը փաստում է, որ իրականում այնքան էլ բարդ չէ նորմալ ու համաչափ զարգացող տնտեսություն ունենալը, դրա համար միայն ցանկություն է պետք. «Ամեն ինչ հայտնի է, թե ինչ պետք է անել: Եթե անգամ չես կարողանում պայքարել մոնոպոլիաների դեմ, ապա շատ հեշտ է հաշվարկել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողի գերշահույթը, որը կախված է արտարժույթի փոխարժեքի փոփոխություններից, շուկայի մոնոպոլիզացիայից, թե որ սեգմենտն է նա տնօրինում, եւ շատ հեշտ է նորմավորել: Նման գերշահույթները կարող են հարկվել անգամ մինչեւ 200 տոկոսով: Մենք պետք է հասկանանք, որ բացի նրանից, որ նրանք վնաս են հասցնում տնտեսությանը (ոչ միայն այն պատճառով, որ հարկեր չեն մուծում), այլ նաեւ խարխլում են մեր տնտեսության կառուցվածքային հենքը: Նման շահութաբերություն ունեցող տնտեսվարողը կարող է մրցակցին ոչնչացնել դեմպինգի կամ այլ մեթոդներով: Բացի այդ, հարկերի մոտ 80 տոկոսը ձեւավորվում է անուղղակի հարկերից, այսինքն` վճարում է ոչ թե բիզնեսմենը, այլ` սպառողը: Հերիք չի, որ իրենք հարկ չեն վճարում, դեռ մի բան էլ մեր վճարած հարկերի մի մասը բյուջե չեն փոխանցում»: Էդ. Սանդոյանի խոսքով, «մի կախարդական փայտիկի շարժումով» կարելի է ներդնել ազգաբնակչության համընդհանուր եկամուտների եւ գույքի հայտարարագրման ինստիտուտ. «Մի հատ ճղճիմ օրենք ունենք, որ մինչեւ 3 միլիոն եկամուտ ունեցող պաշտոնյաները պետք է ներկայացնեն հայտարարագիր, բայց ոչ մեկը դրանով չի զբաղվում: Դա ընդամենը քաղաքական գործիք է, իսկ եթե սա դառնա հարկային վարչարարության հիմնական գործիքը, ապա կոռուպցիան կվերանա եւ փող լվանալու շատ քիչ միջոցներ կմնան: Օրինակ՝ կազինոն, որը զզվելի է, այն բարոյական անկման փաստ է ու պետք է իսպառ վերացնել: Բոլոր հարաբերությունները բացվում են եկամտահարկի հայտարարագրման պահին, ինչո՞ւ ենք վախենում, քաղաքական կամքը չի՞ բավարարում: Ազգային ժողովը չի՞ համաձայնվում. բնական է, որովհետեւ նրանց 90 տոկոսը բիզնեսմեն է եւ սահմանադրական նորմ է խախտում: Կամ` կառավարությունում ո՞վ բիզնես չունի»:

Տնտեսագետը փաստում է, որ ինչքան էլ ՀՀ իշխանությունները բարձրաձայնեն, միեւնույն է` արդեն ակնհայտ է, որ մեր խնդիրներն այլեւս կոսմետիկ միջոցներով հնարավոր չէ փակել. «Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք համակարգային հիմնախնդիրներ ունենք եւ չկայացած տնտեսություն: Այս խնդիրները չես կարող լուծել այն մեթոդներով, որոնք օգտակար են ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Այդ երկրներն ունեն կայացած տնտեսություն, եւ նրանց դեղատոմսերը մեզ վրա չեն ազդում: Չես կարող հիվանդին անալգին տալ, որի գլուխը ցավում է, որովհետեւ հիվանդի գլխացավը նրանից է, որ հիվանդը րոպեն մեկ ընկնում է յոթերորդ հարկից: Դու պետք է այնպես անես, որ հիվանդը չընկնի»: Իսկ հարցին, թե ի՞նչ պետք է անի պետությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, Էդ. Սանդոյանը պատասխանեց. «Պետությունն իր բոլոր գործիքներով պետք է ապահովի համընդհանուր զբաղվածությունը: Սա չի նշանակում, որ պետությունը պետք է աշխատատեղեր ստեղծի, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որոնք կնպաստեն զբաղվածության աստիճանի բարձրացմանը: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գները համապատասխանեն բնակչության կենսամակարդակին: Օրինակ, անշարժ գույքի գները բացարձակապես չեն համապատասխանում մեր բնակչության եկամուտներին, որովհետեւ եւ՛ առաջարկը, եւ՛ պահանջարկը էկզոգեն են: Այդ քառակուսի մետրերը կառուցում են ոչ թե մեր, այլ սփյուռքահայերի ու օտարերկրացիների համար: Երրորդ ֆունկցիան, որ պետք է անի մեր պետությունը` տնտեսական աճի ապահովումն է, որը պետական քաղաքականության արդյունք է եւ, իհարկե, վճարային հաշվեկշիռը: Այս մոգական քառանկյունուց այն կողմ պետությունը խնդիր չունի, մինչդեռ մեր պետությունը անընդհատ միջամտել է ու քվոտավորել է, թե ով իրավունք ունի բենզին, դեղորայք ներկրել: Դրա համար էլ արդյունքում ստացել ենք այն, ինչ հիմա ունենք»:

Ի դեպ, Էդ. Սանդոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ «Հանրակրթության եւ լեզվի մասին օրինագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը երեկ քննարկվում էր ԱԺ-ում: «Օտարալեզու դպրոցների հետ կապված հայտնվել ենք շատ ծիծաղելի վիճակում: Մեզանում ընդունված է, որ բոլորը խոսում են ամեն ինչից` առանց հասկանալու, թե ինչի մասին են խոսում, եւ ընդունված է ժամանակ առ ժամանակ քաղաքականացնել քաղաքականության հետ կապ չունեցող խնդիրը ու դրանից դիվիդենտներ շահել: Սա շատ ծանր հիվանդություն է եւ մեր հասարակության լրջագույն հիվանդություններից մեկը: Խայտառակ ծիծաղելի բանավեճ է ընթանում օրինագծի հետ կապված: Գնացին հասան մինչեւ Վանո Սիրադեղյան: Զզվելի է դառնում, երբ խոսքը վերաբերում է մեկ այլ արժեքի, եւ այն մեկնաբանվում է շատ պրիմիտիվ ձեւով»,- ասում է տնտեսագետն ու հավելում, որ ցանկացած մարդ, որը առնչություն ունի ուսումնական պրոցեսի հետ եւ պատկերացում ունի կրթական համակարգից, գիտի, որ ամեն պետություն ունի իր կրթության չափանիշները: Եվ, ըստ նրա` ինչքան ճիշտ են մշակված այդ չափանիշները, այնքան առավել պաշտպանված է այդ երկրի մշակութային ու լեզվային անվտանգությունը: «Եթե, ասենք, Հայաստանում գործում է մի դպրոց, որն օտարալեզու է, այն պարտավոր է գործել ՀՀ-ում հաստատված ուսումնական պլաններով: Դու սովորում ես անգլերեն լեզվով դպրոցում, սակայն անցնում ես նույն ծավալի հայերենը, նույն ծավալի հայոց պատմությունը եւ ցանկացած այլ առարկա, ինչ այն դպրոցում, որը կոչվում է հայերեն լեզվով դպրոց, ուղղակի դու ունես նաեւ որոշակի այլ տարրեր: Խոսքը բնավ հայկական դպրոցները փակելու մասին չէ: Հարցը շատ պրիմիտիվացրեցին»,- ասաց պարոն Սանդոյանը: Նա իր դժգոհությունը հայտնեց նաեւ այն առնչությամբ, որ չիրագործվեց հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ծրագիրը. «Ռուբեն Վարդանյանը մի հրաշալի նախաձեռնություն առաջարկեց: Այդ մարդը պատրաստ էր Դիլիջանում 50 միլիոն դոլար ներդնելով՝ միջազգային որակի անգլիական դպրոց կառուցել, որտեղ կգային նաեւ սովորելու աշխարհի տարբեր երկրներից: Դա կրթության արտահանման հրաշալի ծրագիր էր, որը տանուլ տվեցինք: Փոխանակ ամբողջ ազգովի ընկնենք, ասենք՝ Ռուբեն Վարդանյան ջան, ցավդ տանեմ, ինչով քեզ օգնենք` արի մեկս այստեղ ավել անենք, մեկս ջուր բերենք, մեկս մի ուրշի բան անենք, մենակ թե այդ հոյակապ ծրագիրն իրականություն դառնա, փչացրեցին ամբողջ գաղափարը: Այդ մարդն էլ հիասթափվեց ու ասաց` չեք ուզում, Աստված ձեզ հետ, ես կգնամ ուրիշ երկրում կանեմ»: