– Հայաստանում կրոնական շարժառիթներով բազմաթիվ ինքնասպանություններ են կատարվում: Մի քանի ամիս առաջ հերթական ինքնասպանությունը տեղի ունեցավ, երբ 12-ամյա տղան էմոների երիտասարդ խմբավորումների զոհ դարձավ: Ընդ որում, երիտասարդական` էմո-խմբավորումները բոլորիս հայտնի աղանդավորական խմբավորումներից առավել վտանգավոր են համարվում: Դրանից առաջ 2004թ. կրկին կրոնական շարժառիթներով գրանցվեց 12-ամյա աղջկա ինքնասպանության դեպքը, որը կրկին որակվեց կենցաղային հողի վրա կատարված ինքնասպանություն: Մինչ օրս Հայաստանում գրանցվե՞լ է կրոնական շարժառիթներով ինքնասպանության որեւէ դեպք:
– Մեզ մոտ կրոնական շարժառիթներով կատարված հանցագործությունները որակավորվում են որպես կենցաղային, հակառակ դեպքում` տվյալ կրոնական կառույցի գրանցումը (եթե ունի) չեղյալ է համարվում: Իհարկե, կրոնական շարժառիթներով ինքնասպանության դեպք չի գրանցվել մեզ մոտ, որովհետեւ համապատասխան մասնագետներ չունենք: Մենք ունենք լավ հոգեբաններ, բայց կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություններին որակավորում տվող մասնագետներ չունենք: Իսկ քանի դեռ չունենք այդպիսի մասնագետներ, կրոնական շարժառիթներով կատարված ցանկացած հանցագործություն դժվար է ապացուցել: Մեր ուժային կառույցներին ձեռնտու է դրանք ձեւակերպել իբրեւ կենցաղային հողի վրա կատարված սպանություններ, այսպես ասած՝ գլխացավանքից ազատվելու համար: Դա է առաջին եւ գլխավոր պատճառը:
– Իսկ որո՞նք են, այսպես ասած, հարակից պատճառները:
– Ընդհանրապես ցանկացած սպանություն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ձեռնտու է ձեւակերպել որպես ինքնասպանություն. եւ՛ բացահայտումն է լինում արագացված, եւ՛ խնդիրներն են քիչ:
– Ունե՞ք տվյալներ, թե մեզանում ինքնասպանության դեպքերը հիմնականում ո՞ր աղանդների հողի վրա են կատարվում:
– Կարելի է ասել՝ բոլոր աղանդների մոտ էլ կան, բացի մորմոններից, որոնց մոտ ինքնասպանության դեպքերը ավելի շատ գրանցվում են արտասահմանում: Կրոնական այդպիսի կառույցները քարոզում են, որ ինքնասպանությունը փրկում է մարդուն: «Աստված կյանքը տվեց, Աստված էլ տարավ: Ինքնասպանության դեպքում մարդն ավելի շուտ կհասնի Աստծո թագավորությանը»,- ահա այսպիսին են նրանց դիտարկումները: Ես միայն զարմանում եմ, թե մեզ մոտ ինչո՞ւ որեւէ մեկը չի ներկայացնում ինքնասպանությունների իրական պատկերը: 15 տարի առաջ գրանցված ինքնասպանությունների ցուցանիշն այսօր գերազանցում է 10-15 անգամ: Մեր երկրում ինքնասպանությունների թիվը տարեկան հասնում է 500-ի, երբ նախկինում գրանցվում էր ինքնասպանության 40 դեպք: Ընդ որում, հիմնականում ինքնասպան են լինում երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ: Ավագ սերնդի մոտ շատ հազվադեպ են լինում ինքնասպանության դեպքեր:
– Ավելի շատ են սատանայապաշտների՞ զոհերը, այո՞:
– Սատանայապաշտների մոտ ինքնասպանության դեպքեր չկան, այնտեղ կատարվում են սպանություններ: Ճիշտ է, նրանք կարող են սպանությունը քողարկել իբրեւ ինքնասպանություն, բայց դրանք ինքնասպանություններ չեն: Մենք նման դեպք ունեինք Հայաստանում` 2003թ. ոսկերչի սպանությունը: Առաջին ցմահ ազատազրկումն էր: Սատանայապաշտներն իրենք իրենց վնաս չեն տալիս: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե սատանայապաշտներից որեւէ մեկը պատրաստվում է լքել իրենց «շարքերը»:
– Քանի՞ սատանայապաշտ կա մեր երկրում:
– Մոտ 1,5 հազար սատանայապաշտ կա, ավելին՝ սատանայապաշտների «Աստվածաշունչը» թարգմանվել է Երեւանի պետական համալսարանում:
– Կոնկրետ հավաքատեղի ունե՞ն:
– Իհարկե, ունեն: Ես երբեք չեմ ասի նրանց հավաքատեղիի անունը՝ Ձեր շահերից ելնելով (վերցնում է ձայնագիչը` նայելով ժամացույցին.- Մ.Մ):
– Մենք դեռ այդքան էլ երկար չենք զրուցել…
– Ես խնդիր չեմ տեսնում, քանի որ բացի Ձեզնից՝ մեր զրույցը ձայնագրում են նաեւ ուժային կառույցները…
Չգիտես ինչու, դեկտեմբերի 8-ին ուժային կառույցներն ապօրինաբար սկսեցին խուզարկել իմ գրասենյակը՝ տանելով այն փաստաթղթերը, որոնք մեծամասամբ կապված էին կրոնական կառույցների հետ: Տարան կրոնական կառույցի կնիքը: Ի՞նչն է պատճառը` ոչ ոք չի հասկանում: Մինչ օրս մեր համակարգիչների մեծ մասը գտնվում է նրանց մոտ: Անհասկանալիորեն ինձ սկսեցին մեղադրել ահաբեկչության մեջ: Միգուցե դրա պատճառն այն էր, որ նրանց մասին մամուլում ոչ իրենց համար նպաստավոր տեղեկատվություն հրապարակեցինք: Կարծում եմ՝ դա նրանց պատասխանն էր: Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, գլոբալ խնդիր է, որքան շատերը դրան լուրջ չմոտենան` այնքան վտանգը կմեծանա: Իսկ լուրջ չի ընդունում այն մարդը, ում ձեռնտու է, որ մեր երկրում աղանդավորական կառույցները շատանան, կամ, ներողություն արտահայտությանս համար, լուրջ չի ընդունում այն մարդը, ով թքած ունի իր երկրի անվտանգության վրա, եւ նա, ով դրանից շահ ունի: Իսկ այն, որ այսօր մեր ուժային կառուցների մեջ ներգրավված մարդկանցից շատերը դրանից շահ ունեն, միանշանակ է: Մեր գործունեության ամբողջ ընթացքում ընդամենը մի դեպք է գրանցվել, երբ մենք անուններ հրապարակեցինք՝ Սոնա Ֆարհադյանի դատավարության առնչությամբ, որտեղ կային Ներքին գործերի պաշտոնատար անձինք: Դա միակ դեպքն էր, որից հետո տեսնելով վհուկների որսը, եւ խնդիրը լուծելու փոխարեն՝ սկսեցին հետապնդել ինչ-որ ֆիզիկական անձի, հասկանալի դարձավ այն, որ մեզ մոտ անուններ տալ պետք չէ:
– Իսկ ինչո՞ւ են Ձեզ ահաբեկչության մեջ մեղադրում:
– Նրանք ինձ մեղադրում էին, իբր, լրագրողներին ահաբեկելու համար: Եթե հիմա ճիշտը խոսենք, ապա կարող եմ ասել, որ ցանկացած ահաբեկչական գործընթաց ավելի շահավետ է ուժային կառույցներին, քան ուրիշներին: Նրանք այդ անվան տակ ազատորեն գործում են, ինչպեսեւ դեկտեմբերի 8-ին, երբ ուժային կառույցներն ապօրինաբար խուզարկեցին իմ գրասենյակը: Նրանք գողություն կատարեցին՝ ինձ նյութական մեծ վնաս հասցնելով, լուսանկարչական սարքս ջարդեցին, թղթապանակներս գողացան: Այդ ընթացքում, դժբախտաբար, ես չկարողացա վերահսկել իրավիճակը, որովհետեւ առողջական խնդիրներ ունեի՝ այդ պահին շտապ օգնություն էին կանչել ինձ համար: Եվ բացի իմ սենյակից՝ նրանք ապօրինաբար խուզարկեցին նաեւ փաստաբանի սենյակը, սեյֆը: Նրանք խուզարկությունը սկսել էին դատավորի կողմից տրված սանկցիայով:
– Ինչո՞ւ չարձագանքեցինք:
– Ես դեռ սպասում եմ, որ մի տարին լրանա: Այդ ժամանակ կհրավիրեմ մամուլի ասուլիս, եւ կներկայացնեմ բոլոր ապացույցները՝ ուժային կառույցների սնուցման, կամ, այլ կերպ ասած՝ նրանց կաշառակերության մասին:
– Ի դեպ, անուններ հրապարակելուց հետո մեղավորներին հեռացրեցի՞ն ուժային կառույցներից:
– Այո, որոշ մարդկանց հեռացրեցին: Իմ նշած անուններից միայն մի հոգի է մնացել, եւ որքան հասկանում եմ՝ պաշտոնի վերականգնում են կատարում: Բայց դա արդեն երկրորդական է այն խնդրի համեմատ, որ մենք ունենք այսօր: Ուժային կառույցներին ձեռնտու չէ պայքարել աղանդների դեմ: Ո՞նց կարող է պայքարը ձեռնտու լինել, եթե դրանից ստացած «սեւ» գումարները գերազանցում են անգամ մեր պետբյուջեի գումարներին: Դա կազմում է մոտ 1մլրդ դոլար: Նայեք «Կյանքի խոսք» եկեղեցուն: Տեսե՞լ եք` 5000 տեղանոց ի՜նչ եկեղեցի են կառուցել:
– Աղանդավորական կառույցները ի՞նչ գործոններով են ազդում անչափահաս երեխաների վրա:
– Ուղեղի լվացման հետեւանքով՝ կրոնական ուսմունքների հիման վրա երեխան ընդունակ է ինքնասպանություն գործել:
– Իսկ ծնողների ազդեցությո՞ւնը:
– Զրո:
– Շատ «հակիրճ» եք խոսում: Ի՞նչն է պատճառը:
– Ձեզ եմ խնայում, որովհետեւ իմ խոսելու դեպքում Ձեր թերթի հետեւից կընկնեն:
– Ի վերջո, ի՞նչ անի ընտանիքը՝ նման դժբախտ դեպքերը կանխելու համար:
– Հասարակությունը պետք է տեղեկացված լինի: Այսօր գայթակղություններն ավելի շատ են: Չարիքն ավելի շատ է: Մենք, չգիտես ինչու, ընկել ենք քաղաքականության մեջ, մինչդեռ իրականում մոռանում ենք մեր առօրյան: Ծնողներից շատերը չեն հետեւում իրենց երեխաներին, ովքեր, մենակ մնալով, դառնում են էմոներ, գոթեր: Իսկ էմոների մոտ կարգն այսպիսին է՝ մինչեւ 15 տարեկանը գոնե մի անգամ պետք է ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ անել…