Թույլ չեն տալիս տեսակցել

28/09/2010

Մանվել Սարիբեկյանը, ով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղի բնակիչ է, սեպտեմբերի 11-ին մոլորված նախիրը փնտրելիս ձիով պատահաբար հատել է հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծը եւ գերի ընկել: Բաքվում, սակայն, հայտարարել են, որ նա հայկական հատուկ հետախուզական խմբի անդամ է: «Շարքային Սարիբեկյանը մի քանի ամիս առաջ է ավարտել ժամկետային զինծառայությունը: Մինչ օրս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս տեսակցել նրան, տեղեկանալ նրա վիճակի մասին: Հայկական կողմը ամեն ինչ անում է ՀՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ, բայց ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի արձագանքում, միայն անընդհատ հայտարարում է, թե հայ գերիները ցանկանում են գնալ երրորդ երկիր»,- «Ա1+»-ին տեղեկացրել են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: ՊՆ տվյալներով, այսօր հայկական կողմում կան 3 ադրբեջանցի գերիներ: Հայ գերիների թիվը Ադրբեջանում 7-ն է, որից 6-ը՝ զինծառայող: Բացի այդ, շփման գծից այն կողմ է գտնվում նաեւ 5 անդամից բաղկացած հայ ընտանիք, որը 2010թ. հունվարի 10-ին Երասխ-Նախիջեւան հատվածից ինքնակամ հատել է սահմանը:

«Այս ընտանիքի անդամներն ազատ կարողանում են նամակագրական կապ պահպանել Հայաստանում գտնվող իրենց բարեկամների հետ: Մինչդեռ մեկ ու կես տարի առաջ գերի ընկած մեր զինծառայողներին իրենց հարազատներից որեւէ նամակ ստանալ կամ փոխանցել կտրականապես չի հաջողվում»,- ասել են ՀՀ ՊՆ-ում: