Վճարեք չաշխատելու համար

16/10/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ինչպես խոստացել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, այս անգամ անդրադառնում ենք պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների խնդրին, որոնց մասին շատ քիչ է խոսվում կամ գրեթե չի խոսվում։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում շատ ձեռնարկատերեր (որոնց թվում մեծ թիվ են կազմում հատկապես անհատ ձեռներեցները) շատ են մտահոգվում այս հարցով։

Իսկ ո՞րն է խնդիրը։ Երկու բառով՝ բովանդակությունը հետեւյալն է. նախկինում պետական գրանցում ստացած ձեռնարկությունը, եթե գործունեություն չէր իրականացնում, չէր վճարում նվազագույն 5000 դրամ վճարը, իսկ այժմ պարտավոր է վճարել։ Խնդիրն այն չէ, որ չաշխատող եւ, միեւնույն ժամանակ, լուծարվել չցանկացող ձեռնարկատերը պարտավոր է իր ամսական ծախսերն ավելացնել 5000 դրամով, թեեւ դա նույնպես կարեւոր է։ Եթե փիլիսոփայորեն նայենք այս ամենին, ապա սոցապ վճարի էությունն ամենեւին էլ ամբողջությամբ չի ընկալվում բնակչության կողմից։ Ըստ օրենքի՝ «Սոցիալական վճարները պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներն են»։ Այդ ծրագրերի կարեւոր բաղկացուցիչ մաս են կազմում նաեւ կենսաթոշակների վճարները։ Այսինքն, վճարելով այդ գումարը, մարդն, իբր թե, ապահովագրում է իր բարեկեցիկ ծերությունը։ Ասենք, եթե օր ծերության որդիները տիրություն չանեն հորը (ինչը հայերի մոտ ընդունված չէ), ապա իր կատարած վճարումների դիմաց պետությունը պետք է նրա համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծի։ Սակայն ո՞ր մի սոցապ վճար մուծողն է այդ մասին մտածում։ Մենք հեռուն նայող ժողովուրդ ենք, եւ շատերը կենդանության օրոք հոգում են անգամ իրենց հուղարկավորության արարողության եւ գերեզմանաքարի ծախսերը։ Այնպես որ, պետության վրա ոչ ոք հույս չի դնում եւ վճարում է պարզապես այն պատճառով, որ այդպես է պետք։ Սակայն արդարացի մի հարցադրում է առաջ քաշվում ձեռնարկատերերի մոտ՝ եթե չենք աշխատում, ինչո՞ւ պետք է վճարենք։

Ճիշտն ասած, կարծում էինք, որ այս նոր կարգը սահմանված կլինի «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» կամ «Անհատ ձեռներեցների» մասին ՀՀ օրենքների փոփոխությամբ։ Սակայն, ինչպես պարզվեց, փոփոխություն է տեղի ունեցել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում։ Մասնավորապես, 2-րդ հոդվածի 2-րդ կետը լրացվել է այս պարբերությամբ. «Բացառությամբ այն դեպքերի, երբ կազմակերպության ղեկավարը համատեղում է նաեւ գլխավոր հաշվապահի պարտականությունները, կազմակերպությունում գլխավոր հաշվապահը պարտադիր է։ Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող… »։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ անկախ այն բանից՝ ընկերությունն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, գոնե մեկ վարձու աշխատող պետք է լինի, որի համար պետք է վճարվի առնվազն 5000 դրամ։

Գաղտնիք չէ, որ գրեթե ամեն օր փոփոխվող օրենքներից դժվարությամբ են գլուխ հանում անգամ փորձառու հաշվապահները։ Հիմա վերցնենք համեստ կրպակ աշխատեցնող անհատ մի ձեռնարկատիրոջ, որի գործերը հաջող չեն գնացել, եւ նա փակել է իր կրպակը՝ ներկայացնելով համապատասխան հայտարարություն։ Մի քանի ամիս անց, մի գեղեցիկ օր, երբ այդ մարդը տանը նստած է, դուռը թակում են եւ ներկայացնում ծանուցագիր, որ՝ հարգելի այսինչ այսինչյան, դուք խախտել եք օրենքը, ներկայացեք այսինչ տեղը, ձեր նկատմամբ կկիրառվեն վարչական պատժամիջոցներ, եւ այլն։ Ահա սա է խնդիրը, որ պետական գրանցում ստացած, սակայն գործունեություն չիրականացնող անհատ ձեռներեցները, որոնք համատեղում են նաեւ հաշվապահի պարտականությունները, օրենքի մասին իմանում են ուշացումով։ Իհարկե, անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից, սակայն որքանո՞վ է ճիշտ մեծ թվով մարդկանց փաստի առջեւ կանգնեցնելը։ Ի դեպ, այս խնդրին անդրադարձել էին նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի մասնագետներն՝ իրենց զեկույցի մեջ նշելով, որ օրենքների փոփոխության մասին հանրությանը պատշաճ ձեւով տեղյակ չեն պահում։

Բողոքներ կան նաեւ այն առումով, որ երբեմն օգտվելով մարդկանց անտեղյակությունից՝ փորձում են համոզել, որ պետք է մուծեն նաեւ անցած ամիսների (կամ տարիների) վճարները, մինչդեռ օրենքն ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքները հետադարձ ուժ, ինչպես գիտեք, չունեն։

Խնդիրը բարդանում է նրանով, որ այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում չաշխատելու դեպքում վճարել, պետք է լուծարվեն, իսկ լուծարվելու համար պետք է մարեն բոլոր պարտավորությունները, որոնք գնալով ձնագնդիի նման աճում են։ Իսկ շատ մարդիկ, իրոք, գումարներ չունեն կուտակված վճարները, տույժերն ու տուգանքները վճարելու համար եւ հայտնվել են անելանելի վիճակում։

Ըստ մեզ հասած տեղեկությունների, օրենքի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ դրանով կանխվում է ձեւական ընկերությունների գրանցումը։ Միգուցե իրոք, այս հարցում դա որոշակի դեր խաղում է, սակայն մյուս կողմից` նման խնդիրներից խուսափելու համար շատերը պարզապես կխուսափեն պետական գրանցում ստանալուց, ինչը նշանակում է ստվերային դաշտի ընդլայնում։

Կոնկրետ թվեր այս պահին հնարավոր չէ ներկայացնել, ինչը կանենք մեր թերթի հաջորդ համարում։ Նշենք, որ 2005թ. հուլիսի 1-ի դրությամբ` ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատերերի թիվը կազմում է 70.105։ Իսկ սույն թվականի ընթացքում (մինչեւ հուլիսի 1-ը) լուծարվել է 1529 անհատական ձեռնարկություն։ Կասկած չկա, որ 70 հազարի միջից լուծարվել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե նրանք չհայտնվեին նման փակուղային վիճակում։

Կա նաեւ մեկ այլ հանգամանք, որը տարակուսանքի մեջ է գցում մարդկանց։ Կան մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել, սակայն գիտակցելով, որ այս վիճակում գտնվողների թիվը բավական մեծ է, առայժմ ձեռնպահ են մնում, հուսալով, որ պետությունը որոշ քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ։

Այս հարցով դիմեցինք Հարկային պետական ծառայություն, որտեղից պատասխանեցին, որ արդեն Ազգային ժողով է ներկայացվել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքին վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը ներառում է նաեւ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Անվանումը որոշ հույսեր է ներշնչում, իսկ թե կոնկրետ ի՞նչ արտոնություններ է սահմանում այս օրենքը, որքանո՞վ այն կօգնի ծանր վիճակում հայտնված մանր ու միջին գործարարներին, որոնց աջակցելու մասին խոսելը պետական պաշտոնյաների ելույթների անբաժան մասն է կազմում՝ դեռ պարզ չէ։

Նշենք, որ այդ փաթեթով առաջարկվել է նաեւ գործատուների մասով սոցապ վճարների նվազագույն չափը՝ յուրաքանչյուր աշխատողի հաշվով` 5000 դրամից ոչ պակաս, փոխարինել 7000 դրամի չափով։

Այս եւ այլ հարցերի պատասխանները ու դրանց վերաբերող մեկնաբանությունները կփորձենք ճշտել Հարկային պետական ծառայության ներկայացուցիչներից եւ հաջորդ համարում կներկայացնենք ձեզ։