Բելառուսական «Ստոլիչնոե տելեվիդենիե» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանը «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում ներկայացրած Եվա Ռիվասն ասել է, որ իրեն հրավիրել են Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքական: «Այո, նման բան եղել է, ինձ հրավիրել են: Հնարավոր է` դա կատակ էր, սակայն ինձ մոտեցել է թիմի մարզիչը եւ հրավիրել»,- ասել է նա: Հարցին, թե՝ Հայաստանում «Եվրատեսիլի» մասնակցության ուղեգրի համար անցկացվող ընտրական փուլի մասնակիցները դժգոհել էին, որ Դուք եք հաղթել, եւ խոստացել էին դիմել դատարան, Ռիվասը պատասխանել է. «Նրանք այդքան համարձակություն չունեին: Ոչ ոք դատարան չի դիմել: Ապացուցվել է, որ քվեարկության արդյունքները չեն կեղծվել: Սակայն պատասխանը կարելի է գտնել Երեւանի փողոցներում: Ում էլ հարցնեք, բոլորն էլ գոհ են, որ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանը ես եմ ներկայացրել»: Պատասխանելով հարցին, թե արդյոք ունենալով նաեւ հունական արմատներ՝ Եվա Ռիվասն իրեն պատկերացնո՞ւմ է հունական շոու-բիզնեսում, երգչուհին հայտարարել է. «Ես շատ եմ սիրում Հայաստանը, եւ Հայաստանն էլ ինձ է սիրում: Ես կանեմ հնարավորը, որ այդ սերը միայն ամրապնդվի: Իսկ իմ կարիերան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դա ես եմ ցանկանում: Երգում եմ հունարեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ես նաեւ իտալերեն երգեր ունեմ, սակայն դա չի նշանակում, որ ամեն երկրում ես կգտնեմ տատիկ կամ պապիկ: Յուրաքանչյուր կնոջ մոտ այնպիսի պահ է գալիս, երբ նա սկսում է ավելի շատ մտածել իր ընտանիքի, այլ ոչ թե այն մասին, թե որտեղ է ինքը երգելու»: