Բուժիչ նամակներ

28/09/2010

Նարնջագույն հրաշքը

Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն: Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում:

E վիտամինի մեծ քանակությունը կանխում է օրգանիզմի ծերացումը, իսկ մաշկը պաշտպանում է կնճիռներից եւ ծերության հետքերից: Կարոտինը E վիտամինի հետ ոչ միայն կանխում է բջիջների ծերացումը, այլեւ հնարավոր քաղցկեղը, նպաստում է աչքի լորձաթաղանթի աշխատանքին, կանխում մրսածությունը, ամրացնում դիմադրողականությունը` պաշտպանելով տարբեր վիրուսներից եւ մանրէներից: Դդումի բուսական թելիկները (ֆիբրերը) դադարեցնում են փորկապությունը, կանխում քաղցկեղը, կոլիտի առաջացումը եւ շաքարախտը: Կալցիումը եւ վիտամիններ C-ն եւ B-ն հեռացնում են օրգանիզմում կուտակված աղերը եւ իջեցնում արյան բարձր ճնշումը: Պեկտինային նյութերի մեծ քանակությունը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը եւ խոլեստերինը: Դդումը դիետիկ լավագույն բույսերից է: Քրոնիկ եւ սուր նեֆրիտի (երիկամների տարբեր հիվանդությունների) դեպքում խորհուրդ է տրվում այն ընդգրկել ամենօրյա սննդակարգի մեջ: Թարմ բուսահյութը շատ օգտակար է քրոնիկ փորկապության, միզամուղ համակարգի բորբոքումների, երիկամային անբավարարության, հեմորոյի եւ նյարդային խանգարումների դեպքում: Այն օրգանիզմը մաքրում է աղերից եւ ջրից` չվնասելով երիկամային թաղանթը: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները եւ պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ: Նպաստում է արյան մակարդելիությանը: Կարոտինի քանակությունը դդումի մեջ 5 անգամ ավելի բարձր է, քան գազարի մեջ, եւ 3 անգամ ավելի շատ, քան տավարի լյարդի մեջ: Այդ պատճառով դդումի պտուղը եւ բուսահյութը խորհուրդ է տրվում նաեւ տեսողական խնդիրների դեպքում:

Դդումը երկաթի մեծ քանակությամբ բոլոր բույսերին հաղթում է. ասում են, որ դդումի սիրահարներին կարելի է տարբերել դեմքի մաշկի գույնով եւ փայլով, լավ տրամադրությամբ: Դդումը խորհուրդ է տրվում հատկապես անեմիայով` սակավարյունությամբ տառապողներին: Դդումի հյութը խթանում է տղամարդկանց սեքսուալ կենսագործունեությունը: Դդումը հաճախ է օգտագործվում կոսմետոլոգիայի մեջ` դիմակների, լոսյոնների, քսուքների: Դեմքի յուղոտ մաշկը սնուցելու համար 3 ճ/գ եփած դդումի քերուկի վրա ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ 1 թ/գ բնական մեղր: Դիմակը փոքր-ինչ տաք վիճակում քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, ապա լվացվեք սառը ջրով: Պզուկներից, դեմքի մազանոթների ճարպից ազատվելու համար դդումի փոքրիկ կտորով մերսեք դեմքը: Չոր մաշկի համար 2 ճ/գ եփած դդումի քերուկի վրա ավելացնել 1 ճ/գ ձիթապտղի (կամ այլ բուսական) յուղ: Դիմակը քսել դեմքին, պահել 20 րոպե եւ լվանալ գոլ ջրով: Բոլոր տիպի մաշկերի համար խորհուրդ է տրվում դդումի քերած զանգվածը քամել, հյութը քսել դեմքին, պահել 15-20 րոպե: Կրկնել այս դիմակը շաբաթը 2-3 անգամ: Թարմացնում եւ սնուցում է մաշկը: Անքնության դեպքում օրը 2 անգամ 50-ական գրամ դդումի քերվածք ուտել: Սրտային հիվանդությունների դեպքում օրը 1/2 բաժակ դդումի հյութ խմեք: Նյութափոխանակության խանգարման եւ լյարդի հիվանդության դեպքում օրական 1/2 կգ դդումի միջուկից ուտել եւ 1-2 բաժակ պտղահյութ խմել: Այրվածքների դեպքում պտղահյութով կոմպրեսներն են օգնում: Տափակ ճիճուների դեպքում դդումի 80-100 գրամ սերմերը մաքրեք կճեպից, լավ ծամելով կերեք այն, ապա, 1 ժամ հետո 1 ճ/գ գերչակի յուղ (կաստորովոյե մասլո) խմեք: Ժապավենաձեւ ճիճուների դեպքում 300 գրամ հում կամ չորացրած սերմերը կլպել չոր հատվածից` թողնելով կանաչ նուրբ թաղանթը: Սերմերը մաս-մաս տրորել-մանրացնել հավանգով եւ լցնել առանձին ամանի մեջ: Այնուհետեւ ավելացնել 50-60 մլ ջուր (ջուրը 10-15 կաթիլ չափերով լցնել եւ անընդմեջ խառնել): Համը լավացնելու համար կարող եք նաեւ 10-15 գրամ մեղր ավելացնել, եւ ստացված զանգվածը սոված ստամոքսին խմել 1 թեյի գդալով. մեկ ժամվա ընթացքում ամբողջ զանգվածը 1-ական թեյի գդալով պետք է խմեք: 3 ժամ հետո ծծմբաթթվային մագնեզիում (մեծահասակները` 1/2 բաժակ տաք ջրի հետ պետք է խառնեն 10-30 գրամ, իսկ երեխաները` հաշվարկելով 1 գրամը 1 տարեկանին, այսինքն` եթե երեխան 3 տարեկան է, ուրեմն` 3 գրամ): Երեխաների դեպքում սերմերի հետեւյալ չափն է խորհուրդ տրվում. 150 գրամ` 10-12 տարեկանների համար, մինչեւ 100 գրամ` 10-12 տարեկաններին, մինչեւ 75 գրամ` 3-4 տարեկաններին, 30-50 գրամ` 2-3 տարեկաններին:

Դդումով շիլան նիհարեցնող միջոց է, մաքրում է օրգանիզմը շլակներից: Դդումի բջջանյութը իջեցնում է տաքությունը, օգնում է բարձր թթվայնությամբ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում: Շատ օգտակար է նաեւ դդումի կորիզների բուսայուղը, որն օգտագործվում է սալաթների մեջ: Պրոստատիտի (սկզբնական փուլում) դեպքում ամեն օր առավոտյան` սոված ստամոքսին, եւ երեկոյան խորհուրդ է տրվում 20-30 դդումի սերմեր ուտել:

Առողջ եղեք: