Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով երեկ խճուղի է այցելել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Ծրագիրը բաղկացած է 2 փուլից, շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 1 մլրդ 664 մլն դրամ է: Ի սկզբանե, 2010թ. նախատեսված էր իրականացնել մոտ 798 մլն դրամ ծավալով առաջին փուլի աշխատանքները, որոնք սկսվել էին հունիսին եւ նախատեսվում էր ավարտել հոկտեմբերի վերջին:
Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը եւ տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին` որոշվել է 866 մլն դրամ արժողությամբ 2-րդ փուլի աշխատանքները նույնպես ավարտել այս տարի:
Խճուղու թողունակությունը մեծացնելու, խցանումներն ու վթարային իրավիճակները բացառելու նպատակով ճանապարհը 4-5 մետրով լայնացվել է: Նախկին միաշերտ երթեւեկի փոխարեն՝ ճանապարհի երկու կողմից 7 մ լայնությամբ երկշերտ երթեւեկություն կապահովվի: Այս ճանապարհը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը: