Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը նիստ է հրավիրել եւ որոշել է անվստահություն հայտնել Ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին: «Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նիստը, որտեղ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվեց Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի գործելաոճը, որի վերաբերյալ որոշվեց անվստահություն հայտնել վերջինիս` հիմք ընդունելով հետեւյալ պատճառները. Էթիկայի կանոնների խախտում, իրավասությունների գերազանցում, ապատեղեկատվության տարածում, հաշվետվողականության սկզբունքների խախտում»,- ասված է հինգշաբթի օրը տարածված հաղորդագրությունում: Որոշվել է նաեւ ժամանակավորապես ստեղծել Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի նախագահի պաշտոն եւ համակարգող խորհրդի նախագահի պաշտոնակատար ընտրել համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին: Ազգային պլատֆորմի կազմից դուրս է եկել նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Այս ծրագրով Հայաստանի հասարակական սեկտորը զգալի դրամաշնորհներ է ստանալու երկրում եվրոպական արժեքներ արմատավորելու համար: «Կոնֆլիկտը իմ եւ համակարգող խորհրդի մի շարք անդամների միջեւ ծագեց այնտեղից, որ նրանցից մի քանիսը չէին ընտրվել Քաղաքացիական հասարակության ֆորումի բեռլինյան հանդիպմանը, որը պետք է կայանա նոյեմբերին, եւ այդ կոնֆլիկտը, ի վերջո, մի շարք վեճերից հետո, որպես արդյունք` ստացավ իմ հրաժարականը համակարգող խորհրդի անդամությունից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բորիս Նավասարդյանը, ով ներկայումս բացակայում է Հայաստանից: «Բոլոր մեղադրանքները ես համարում եմ անհիմն: Ցավոք, կան մարդիկ, որոնք համարում են, որ այդպիսի ճանապարհներով կարող են հարցեր լուծել եւ գնալ տարբեր ֆորումների` առանց բավարար հիմքեր ունենալու` իրենց այդ անփոխարինելիությունը գիտակցելու»,- հավելել է նա: Հարցին՝ մասնակցե՞լ է արդյոք համակարգող խորհրդի տվյալ նիստին եւ իր փաստարկները ներկայացրե՞լ է, Բ. Նավասարդյանը պատասխանել է. «Մինչ այդ ես ներկայացրել էի համակարգող խորհրդին ամբողջ գործընթացը` ինչպես էին ընտրվում ֆորումի հանդիպման մասնակիցները, եւ ինձ թվում է` 100 տոկոս համոզիչ եւ սպառիչ էր իմ բացատրությունը: Այնուհետեւ, երբ համակարգող խորհրդի նիստի համար առաջարկվեց օրակարգ` գործելաոճի քննարկում, էթիկայի խախտում եւ այլն, ես չշարունակեցի մասնակցել այդ կարգի քննարկումներին, քանի որ գտնում եմ, որ այդպես նաեւ խախտել է համակարգող խորհուրդը իր իրավասությունները: Ազգային համակարգողը ֆորմալ առումով հաշվետու չէ Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդին: Դա բոլորը գիտակցում են, բայց, ցավոք, շարունակում էին պնդել, որ այդ կարգի քննարկում պետք է լինի: Ես, իհարկե, պարտավոր եմ ամբողջ տեղեկությունները տալ` ինչպես է անցել ընտրությունը, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, առավել եւս` Ազգային պլատֆորմին եւ իր համակարգող խորհրդին, եւ այդ բացատրությունը ես տվել եմ: Բայց հաշվետու լինել` ֆորմալ առումով, ես չեմ կարող, եւ դա համակարգող խորհրդի լիազորությունների կոպիտ խախտում է եւ գերազանցում»:
Ի դեպ, ըստ Բ. Նավասարդյանը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասն ներկայացրել էր իրավիճակը: