Ահազանգ

25/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Էմո կործանիչ շարժումը վաղուց արդեն ներթափանցել է հայաստանյան դպրոցներ, մշակութային-կրթական հաստատություններ, հասարակական կյանք…

Էմո-շարժման երիտասարդ անդամներին, որոնցից շատերը ժամանակ առ ժամանակ ինքնասպանության փորձ են կատարում, տրվում է «Աստիճանաբար պլանավորեք Ձեր ինքնասպանությունը» պատգամը: Այդ փորձերից շատերն, ինչպես հայտնի է` ողբերգական ավարտ են ունենում: Հայաստանում, սակայն, ինքնասպանությունները մնում են չբացահայտված:

Վերջին տարիներին Հայաստան մուտք գործած արեւմտյան շարժումներից ամենավտանգավորը, թերեւս, մեզ համար նորույթ, բայց եվրոպական երկրների եւ Ռուսաստանի համար հայտնի` էմոական (emo) շարժումն է: Մասնավորապես մայրաքաղաքի փողոցներում այսօր կարելի է տեսնել երիտասարդական այնպիսի խմբերի, որոնք հագուկապով, սանրվածքով, շպարով եւ կեցվածքով խիստ տարբերվում են իրենց հասակակիցներից: Գաղտնիք չէ, որ մեզանում երիտասարդների միջավայրը հեղեղված է տարբեր շարժումների փիլիսոփայություններ կրող խմբերով` աղանդավորներ, սատանիստներ, միասեռականներ, սադիստներ, պանկեր եւ այլն: Նաեւ բոլորիս է հայտնի, որ վերջին մի քանի տարիների ընթացքում երիտասարդների ինքնասպանությունների դեպքերը ոչ միայն շատացել են, այլեւ մնում են չբացահայտված եւ խորհրդավոր քողի տակ: «168 Ժամի» խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում դպրոցականների ծնողներից, որոնք վերաբերում են հանրակրթական դպրոցներում էմոների առկայությանը. «Նրանք շատ վտանգավոր են այնպիսի տարիքի երեխաների համար, որոնք դեռեւս շատ հարցերում կողմնորոշվելու ընդունակ չեն: Դպրոցներում շրջեք եւ կտեսնեք, թե նրանք արդեն ինչ մեծ թիվ են կազմում: Երեխաներն արդեն ճանաչում են, ասում են` մամա, սա էմո ա: Ընդ որում, իրենց ոճը շատ գրավիչ ա դպրոցականների համար, որովհետեւ երեխաները կարծում են, թե այդպես հագնվելը մոդայիկ ու առաջադեմ ա: Մենք ծնողներով հավաքվել եւ ինտերնետով ուսումնասիրել ենք էմոների գաղափարախոսությունը եւ շատ մտահոգված ենք: Դպրոցներում դրանց պատճառով նաեւ շատ ռազբորկաներ են լինում»,- ասում են մեզ զանգահարած դպրոցականների ծնողները` խնդրելով երեխաների անվտանգությունից ելնելով՝ անուններ չհրապարակել: Վերջիններս շուտով դիմելու են ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրելով մասնագետների հետ շրջայցեր կատարել, ուսումնասիրել, փորձել տեղեկատվություն ստանալ նրանց մասին եւ այդ շարժումը կանխելու համար միջոցներ ձեռնարկել: Էմո անվանումն առաջացել է «էմոցիոնալ» բառից, հետեւաբար՝ էմոական շարժման փիլիսոփայությունը մարդու էությունը էմոցիոնալ դաշտից դիտարկելն է: Էմո դառնում են այն երիտասարդները, որոնք իրենց համարում են մերժված` հասարակությունից, ընտանիքից, ընկերական միջավայրից, եւ շատ հուզական, լալկան բնավորություն ունեն: Նրանց հագուկապը բնորոշում է իրենց հոգու դառնությունը, իսկ դեմքի արտահայտությունը մշտապես դեպրեսիվ եւ տխուր է: Որպես կանոն՝ նրանք հատուկ կիպ տաբատներ եւ ոտքի համարից փոքր կոշիկներ են հագնում, որպեսզի դեմքի արտահայտության վրա ցավ արտացոլվի: Շպարի ներկերով ընդգծում են աչքերի տխուր արտահայտություն, իսկ սանրվածքը պարտադիր պետք է այնպիսին լինի, որ մազափնջի մի հատվածը ծածկի մի աչքը: Էմոների հագուստի մեջ գերակշռում է սեւը` շատ դեպքերում՝ վառ գույների համադրությամբ: Մի խոսքով` նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հասարակության մեջ տարբերվեն եւ ուշադրություն գրավեն: Էմոներից շատերն ատում են իրենց ծնողներին եւ ընտանիքներում իրենց դերակատարումը սահմանափակում են ըմբոստությամբ, հակառակվելով եւ մեկուսանալով հարազատներից` միանձնյա կյանք են վարում: Նրանց գաղափարախոսության մեջ ինքնավնասումը հոգեկան բավարարվածություն զգալու միջոց է: Նրանք համարում են, որ ֆիզիկապես վնասների ճանապարհով մեղմում են հոգեկան վիրավորվածությունն ու դառնությունը: Նրանց մարմնի վրա կարելի է բազմաթիվ սպիներ տեսնել. սպիներ ունենալը յուրայինների մեջ էմոյի գաղափարների նկատմամբ հավատարմության նշան է համարվում: «Հիշո՞ւմ եք, անցյալ տարի 2-րդ Մասիվում մի ջահել երեխա իրեն 9-րդ հարկից ցած գցեց, ու ոչ ոք չհասկացավ պատճառը: Ասում են` երբ իրեն գցել է` հայրը ներքեւի բեսեդկայում նարդի խաղալիս է եղել: Աղջիկը վերեւից տապալվել է գետնին, բոլորը ցնցվել են, իսկ ինքը հանգիստ, ձեռքը թափ տալով՝ ասել ա` աղջիկս ա… Էմոներն իրենց ծնողներին էնքան են ասում, զզվացնում, որ ինքնասպանություն են գործելու, որ հարազատները հասկանում են, որ մի օր կանի: Էդ երեխայի հայրն արդեն զզված ա եղել: Ասում են` նա տանը մշտապես էդ արտահայտությունն արել ա, ծնողներին անընդհատ վախի մեջ ա պահել, մի քանի անգամ գնացել ա էդ քայլին, բայց ծնողները ետ են պահել: Ինքնասպանության օրը հոր հետ նարդի խաղացողներն ուղղակի ապշել են, բայց պարզվել ա, որ էդ մարդու վերաբերմունքը պատճառներ ա ունեցել»,- մեզ հետ զրույցում պատմեց դպրոցականներից մեկի մայրը: Համաձայն էմո փիլիսոփայության` էմոն յուրահատուկ կենսաձեւ եւ մտածելակերպ է: Նրանց ապրելու իմաստը ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ էմոցիաների մեջ խորասուզվելն ու էմոցիաների ընդգծված արտահայտումն է, իսկ որպես վախճան՝ նրանք որպես կանոն` ընտրում են ինքնասպանության ճանապարհը: Էմոների համար էմոցիաների մասին բարձրաձայնելը թուլության նշան չէ, ճիշտ հակառակը` նրանք դա համարում են ուժեղ մարդու բնավորություն: Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա էմոների կարծիքով` ինքնասպանություն կատարում են ուժեղ բնավորությամբ մարդիկ: Այդ քայլով նրանք վրեժ են լուծում իրենց ցավ պատճառած մարդկանցից եւ այդ կերպ հարազատներին ստիպում են տառապել: «Ինքդ քեզ սպանելու համար դու պիտի շատ համարձակ եւ խենթ լինես: Տառապանք, ցավ… եւ կարեւոր չէ, թե ով է քեզ ցավ պատճառում` դո՞ւ, թե՞ ուրիշները: Հենց թույլերն են հպարտ, գլուխները բարձր կանգնում կյանքի առաջ՝ կրկին ու կրկին պատրաստ լինելով կյանքի հարվածները ստանալ: Նրանք չեն հասկանում, որ ցավ ու վիրավորանք ստանալն իրենց տրված է ճակատագրով, դա նախախնամված է ծնված օրվանից: Նրանք երբեք իրենց հանգիստը չեն գտնելու, որովհետեւ ոչինչ չեն կարող անել, վատ ժառանգության արդյունք է, անուղղելի հոգեբանություն եւ գիտակցություն է: Նման դեպքերում անկառավարելի ենթագիտակցությունը, նյարդային պոռթկումները, ադրենալինի քաոսը մարդուն դարձնում են լալկան: Հասունանում է մի պահ, երբ այս էներգետիկան հզորանում է, եւ տրանսի մեջ գտնվելով՝ ընտրում ես փրկության ճանապարհը` ինքնասպանությունը»,- սա էմոների փիլիսոփայությունից մեջբերում է, իսկ ինքնասպանության ճանապարհը նրանք նաեւ համարում են իրենց ցավ պատճառած մարդկանց հանդեպ վրեժխնդրություն: Զոհելով իրենց` նրանք ստիպում են տառապել իրենց մտերիմներին ու ծնողներին: Իսկ ընդհանրապես էմոները կարծում են, որ մահվան հետ առերեսման իրենց մոլուցքը մշտապես արժանանալու է հանրության դատապարտմանը, սակայն մարդիկ երբեք չեն կարողանալու հասկանալ այն հոգեվիճակն, ինչ ապրում է էմոն: Ինքնասպանության քայլն էմոների շրջապատում համարվում է հաղթանակ, հետեւաբար՝ այդ շարժման կրողները դանդաղ ու համբերատար մշակում են ինքնասպանության իրենց համար ցանկալի գործողությունը: Էմո «տուսովկաներում» բաց տեքստերով քննարկվում են այդ շարժման անդամների` հարազատների հետ ունեցած փոխհարաբերություններն ու դժվարությունները: Այնուհետեւ սկսում են քննարկել իրավիճակից դուրս գալու ծրագիրը: Էմոներից յուրաքանչյուրը ինքնասպանության իր ծրագիրն ու իր ժամանակացույցն ունի: Եթե հաշվի առնենք, որ էմոն ատում է սեփական անձը, ապա հասկանալի է դառնում այս շարժման մեջ ինքնասպանությունների ռիսկի գործոնը:

Արեւմտյան փոփ-կուլտուրայի ազդեցությունից առաջացած էմո-սուբկուլտուրան Ռուսաստանում հայտնվեց 2000թ.-ին եւ մեծ սկանդալների, քննադատությունների առիթ հանդիսացավ: Շարժման հակառակորդները հայտարարություններ արեցին, որ էմո-շարժումը դեպրեսիան եւ տառապանքը դարձնում է հավատամք, կուռք, պրոպագանդում է ինքնասպանությունը: 2008թ.-ին Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը սկսեց պայքարել էմո-շարժման քարոզչության եւ նրանց գործողությունների դեմ: 2008թ. հունիս ամսին Ռուսաստանի Պետդումայում այս խնդրի հետ կապված պառլամենտական լսումներ տեղի ունեցան, որտեղ քննարկվեցին «ՌԴ պետական քաղաքականության կոնցեպցիան` երեխաների հոգեւոր-մշակութային դաստիարակության հարցում, եւ նրանց պաշտպանությունը պետական մակարդակով» ամենաարդիական խնդիրները: Պառլամենտականները հասկանալով էմո-շարժման վտանգավորությունը` փորձեցին նրանց հոսանքը կասեցնելու միջոցառումների նախագծեր ներկայացնել, իսկ որոշ պառլամենտականներ նրանց նույնացրեցին սքինհեդների հետ: Ռուսաստանում, սակայն, այդ շարժման տարածումը սահմանափակող օրինագիծը տապալվեց հասարակական կազմակերպությունների եւ որոշ կուսակցությունների քննադատության արդյունքում: Մինչդեռ էմո-շարժման արդյունքում ՌԴ-ում գրանցված ինքնասպանությունների թիվը ռուս փորձագետները աղաղակող ցուցանիշներ են համարում: Ի դեպ, նշենք նաեւ, որ էմոներն ունեն հատուկ «սուրբ գիրք», որի պատվիրաններից մեկն էլ հետեւյալն է. «Ձեր բառապաշարի մեջ ամենաշատ օգտագործվող բառը պետք է լինի fuck»: Էմո «սուրբ գրքում» գրված է. «Քարոզիր ամեն տեղ, ամեն անկյունում սիրով զբաղվել, ցանկալի է, որ ինքդ օրինակ ծառայես: Խրախուսվում է բիսեքսուալ լինելը, գտիր քեզ համար աղջիկ եւ տղա ընկերներ: Հարմար առիթի դեպքում բոլորին ասեք, իբր դուք մեծ քանակությամբ անտիդեպրեսանտներ եք օգտագործում»:

Հ.Գ.
Առաջիկայում մենք կփորձենք որոշ մեկնաբանություններ ստանալ այս շարժման ակտիվիստներից, իրավապահ համապատասխան մարմիններից: