Մոսկվացիների միանգամից մի քանի խմբեր (ուսուցիչներ, գործարարներ, վետերաններ, մշակույթի գործիչներ եւ այլն) նամակներ են գրել՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի: Ամենաուշագրավը, սակայն, մշակույթի գործիչների նամակն է, որոնց մի մասը պարտական է Լուժկովին իրենց թատրոնների շենքերի կամ պարգեւների համար: Պատմաբանները նշում են, որ սա, թերեւս, ռուս մտավորականության առաջին նամակն է` ի պաշտպանություն իշխանության: Ամենազավեշտալին էլ այն է, որ քաղաքապետի աջակցության նամակը (ընդ որում, ակնհայտ ոճաբանական սխալներով) գրել են մշակույթի գործիչները: Նամակի տակ իրենց ստորագրությունը դրել են 32 մարդ: Այդ թվում՝ Մարկ Զախարովը, Ալեքսանդր Շիրվինդտը, Անդրեյ Սոկոլովը, Ալեքսանդր Զբրուեւը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Կալյագինը, Նադեժդա Բաբկինան, Իլյա Ռեզնիկը եւ այլք: Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը GZT.RU-ին ասել էր. «Փառք Աստծո, որ կա Լուժկովը, ով պարզապես փրկում է քաղաքային թատրոնները»:
Ի դեպ, ըստ «Կոմերսանտի»` Յուրի Լուժկովի հրաժարականի մասին կարող է հայտարարվել հաջորդ շաբաթվա սկզբին, հնարավոր է անգամ՝ երկուշաբթի: Այդ մասին թերթին հայտնել են քաղաքապետարանին մոտ աղբյուրները, որոնց տեղեկությամբ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշման շրջանակներում կիսվելու են քաղաքապետի եւ քաղաքային կառավարության ղեկավարի պաշտոնները: Ընդ որում` առաջին պաշտոնը զբաղեցնելու է իշխանության դաշնային կառույցների ներկայացուցիչը, ինչպես, օրինակ, դաշնային կառավարության ապարատի ղեկավար Սերգեյ Սոբյանինը, իսկ երկրորդ պաշտոնը` Մոսկվայում տնտեսական աշխատանքի մեծ փորձ ունեցող մեկը, ինչպես, օրինակ, Նիժեգորոդսկի ներկա ղեկավար Վալերի Շանցեւը: Պարբերականը նշում է, որ Լուժկովի հնարավոր փոխարինման խոսակցություններում այդ տեղեկությունը շրջադարձային է, քանի որ մինչեւ այդ՝ պաշտոնը կիսելու մասին խոսք չկար: