Բրիտանացի երաժիշտների դասընթացները

25/09/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հրավերով սեպտեմբերի 22-ին ու 23-ին Երեւանում ելույթ ունեցավ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Բրիտանացի երաժիշտները հանդես եկան նաեւ անվանի հայ օպերային մեներգիչներ Հասմիկ Պապյանի ու Բարսեղ Թումանյանի հետ:

Արդեն 11-րդ անգամ անցկացվող «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի (որը վերջերս վերանվանվել է «Երեւանյան հեռանկարներ») հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը նշում է, որ հանրահայտ երաժիշտների ու բարձրակարգ նվագախմբերի հյուրախաղերի շնորհիվ փառատոնն արդեն կայուն ու շնորհակալ հանդիսատես է ձեռք բերել: «Երբ նախաձեռնեցինք այս փառատոնը, նման հաջողության մասին նույնիսկ չէինք էլ երազում: Դասական երաժշտության ժամանակ դահլիճները լեփ-լեցուն են, եւ հանդիսատեսի շարքերում հիմնականում երիտասարդներ են: Դա մեծագույն հաջողություն է»,- ասաց նա: Իսկ փառատոնի վերանվանումն այսպես մեկնաբանեց. «Վերանվանումը մեր ցանկությամբ չի եղել, դա պահանջ էր: Մենք, միջազգային փառատոնային ասոցիացիայի անդամ լինելով, պարտավոր էինք կամ կոնկրետ քաղաքը նշել, կամ էլ որեւէ կոմպոզիտորի: Մենք նախընտրեցինք նշել վայրը, քանի որ 21-րդ դարը կոնկրետ վայրի հետ չէր կապվում»:

Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը հայտնի է աշխարհում ոչ միայն երաժշտական կատարումներով, այլեւ` կրթական ծրագրերով, որոնք որպես կանոն՝ հասցեագրվում են ծնողազուրկ երեխաներին: Վարպետության դասի ձեւաչափով անցկացվող այդ հանդիպումները անցնում են աշխարհի տարբեր անկյուններում ու միտված են տաղանդավոր երեխաների կատարողական արվեստը բարձրացնելու ու երեխաների մեջ վստահ կեցվածք ամրապնդելու:

Սեպտեմբերի 23-ին Երեւանի կոնսերվատորիայում բրիտանացի երաժիշտներ Բրայան Թոմսոնը, Ատոմ Բրոյցը եւ Ռոջեր Էվջենթը հանդիպեցին Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի աշակերտների հետ` խոսելով փողային գործիքների տիրապետման գաղտնիքների ու «հոգեբանության» մասին: Երաժիշտները նշեցին, որ մարդկային ձայնի ու շնչառության հետ անմիջական կապ ունեցող փողային գործիքները ամենօրյա վարժանքի կարիք ունեն, եւ առաջարկեցին հատուկ դպրոցի սաներին հետեւել իրենց օրինակին ու մերթ շնչել փոքր շան նման, մերթ էլ` ավելի խոշոր շան ձայները կրկնօրինակել: «Մի ամաչեք, մենք ամեն օր նման վարժանքներ ենք անում, քանի որ պետք է մարզական լավ վիճակում պահենք մեր կոկորդը: Փողային գործիքների վրա լավ նվագելու համար ներքին մեծ կարգապահություն է անհրաժեշտ»,- երաժշտական դպրոց-ինտերնատի աշակերտներին դիմեց տրոմբոնահար Ռոջեր Էվջենթը: Նշենք, որ այդ ինտերնատը եզակի կարգավիճակ ունեցող դպրոց է, որտեղ ապրող եւ սովորող երեխաները օրական 4 ժամ երաժշտություն են ուսանում: 1937 թվականին Աբխազիայի Սուխում քաղաքում հիմնադրված այդ գիշերօթիկ դպրոցը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվել է Հայաստան եւ մինչ օրս էլ պահպանում է իր երաժշտական ուղղվածությունը: Դպրոցում գործում են դաշնամուրի, քանոնի, փողային ու հարվածային գործիքների, ինչպես նաեւ՝ վոկալի դասարանները: «Բրիտանական խորհրդի» նախաձեռնությամբ կազմակերպված Միացյալ թագավորության երաժիշտների վարպետության դասընթացների ժամանակ երեխաները նաեւ սեփական կատարումներով հանդես եկան: Փոքր-ինչ կաշկանդված հայ երեխաները փորձում էին հետեւել բրիտանացի երաժիշտների խորհուրդներին` ակնհայտ դարձնելով նման շփումների անհրաժեշտությունը: Հայաստանում առավել մտահոգիչ են երիտասարդ երաժշտական կադրերի պատրաստման համակարգի խնդիրները: Վերջին տարիներին զգալիորեն պակասել է երաժշտական դպրոցների աշակերտների թիվը, ինչն էլ, բնականաբար, ազդում է նաեւ Կոնսերվատորիայի ուսանողների որակի վրա: Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանը ցավով է ընդգծում ուսանողների պրոֆեսիոնալիզմի անկման փաստը: «Երաժիշտը մեր օրերում գին չունի եւ չի կարողանում նորմալ ապրել»,- ասաց նա: