Դդմիկ
Դդմիկը ազգական է սովորական դդումին, լինում է բաց եւ մուգ կանաչավուն։ Այն առողջարար բազմաթիվ հատկություններ ունի, դիետիկ բույս է: Նրան իր նամակում անդրադարձել է մեր ընթերցող Ջուլիետա Սահակյանը: Չնայած ցածր` գրեթե զրոյական կալորիականությանը, դդմիկը արագ հագեցնում է քաղցը։ Հրաշալի մթերք է նրանց համար, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ քաշից։ Օրվա մեջ կարելի է ուտել 1-1,5 կգ դդմիկ։ Դդմիկը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը օգտակար է սրտի աշխատանքի համար։ Դդմիկի պտուղները կարոտին (վիտամին A) են պարունակում եւ վիտամին C: Կարոտինը օգտակար է ատամների, մազերի, տեսողության համար։ Դդմիկի մեջ պարունակվող B վիտամինն անհրաժեշտ է մարդու սրտամկանի աշխատանքի համար։ Դդմիկը միզամուղ հատկություն ունի, մաքրում է արյունը։ Այն կարգավորում է ստամոքսի միկրոֆլորան, պաշտպանում է լորձաթաղանթը եւ աղիները, նպաստում դրանց ապաքինմանը, օգտակար է նաեւ փորկապության դեպքում։
Դդմիկի պտուղների սերմերի միջուկի մոտ 50%-ը ճարպեր են պարունակում։
Սերմերի մեջ նաեւ փրփրանյութեր (սապոնին) են հայտնաբերվել, որոնք ավանդական բժշկության մեջ օգտագործվում են որոշ հիվանդություններից բուժվելու համար։ Դդմիկի եփուկով կարելի է մաշկային վերքերը բուժել։ Պղնձի պարունակությունը օգտակար է երեխաների սակավարյունության եւ հղի կանանց սննդի համար, նորմալացնում է արյունագոյացումը։
Դդմիկի հյութն ամենալավ հանգստացնող միջոցն է անքնության դեմ։ Եփած դդմիկի կանոնավոր օգտագործումն օգտակար է նյարդային համակարգին։
Դդմիկային սննդակարգը հրաշալի միջոց է ցածր թթվայնության (գաստրիտ) ստամոքսաբորբի դեպքում։
Դդմիկը օգտակար է նաեւ հում վիճակում։ Որպես նախապահպանություն` թույլատրվում է հում դդմիկի միջուկն ուտել շիլայատիպ սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ, օրը 2-3 անգամ։ Բուժման ժամկետը՝ 1,5-2 ամիս։ Հում վիճակում օգտագործելիս դդմիկը պետք է մատղաշ լինի եւ նուրբ կանաչ փափկություն ունենա։ Դդմիկով կերակրատեսակները օգտակար են հեպատիտով հիվանդներին, խոլեցիստիտով, լեղաքարային հիվանդությունների, քրոնիկ փորկապության, հիպերտոնիայի դեպքում։
Դդմիկի պտուղներով չի թույլատրվում հրապուրվել միայն երիկամային հիվանդությունների խախտումների դեպքում, որը կապված է կալիումի հեռացման հետ։ Դդմիկով կերակրատեսակներ ուտելուց հետո սուրճ եւ ալկոհոլ չի թույլատրվում օգտագործել, քանի որ դրանք քայքայում են B վիտամինը։
Կոշտուկների դեպքում խորհուրդ է տրվում կրունկների վրա թարմ դդմիկով դիմակի խյուս քսել։ Անհրաժեշտ է դդմիկները քերիչով անցկացնել, տեղադրել թանզիֆին եւ դնել կրունկներին, պահել 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով եւ սնուցող քսուք քսել: Կանոնավոր օգտագործելու դեպքում կրունկները կդառնան վարդագույն եւ հարթ։
Դդմիկն օրգանիզմից հեռացնում է նաեւ ավելորդ ջուրը եւ աղը, մաքրում է արյունը: Պեկտինի պարունակության շնորհիվ այն դյուրամարս է օրգանիզմի համար եւ հեռացնում է նատրիումային աղերը, ինչպես նաեւ՝ խոլեստերինը:
Դդմիկը 0,6 % սպիտակուց եւ 5,7% ածխաջուր է պարունակում: Հարուստ է հանքային նյութերով: Կալիումի եւ պղնձի մեծ քանակության շնորհիվ այն խորհուրդ է տրվում սակավարյունությամբ եւ աթերոսկլերոզով տառապող հիվանդներին: Դիետոլոգները մեծ տեղ են հատկացնում դդմիկին: Բացի այն, որ 100 գրամ դդմիկը 238մգ կալիում է պարունակում, այն նաեւ հարուստ է ֆոսֆորով, մագնիումով, երկաթով, օրգանական թթուներով, եւ այլն: