Ո՞ւմ շահը հաշվի կառնեն

23/09/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Հայաստանում ամեն տարի պետբյուջեից հսկայական միջոցներ են տրամադրվում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար: Միլիարդների հասնող գումարներ են ներգրավվում նաեւ Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից եւ միջազգային այլ ֆինանսական կառույցներից: Չնայած դրան, Հայաստանի ավտոմայրուղիների վիճակը մնում է, մեղմ ասած, անբարեկարգ:

Եթե մայրաքաղաքում կամ հարակից վայրերում գոնե արտաքուստ ճանապարհների թերությունները նկատելի չեն, ապա հատկապես որոշ մարզային ճանապարհներ պարզապես քարուքանդ վիճակում են: Իսկ վերանորոգման աշխատանքներն էլ հաճախ կատարվում են այնքան անփույթ, որ մի քանի ամիս հետո դարձյալ հարկ է լինում նորից վերանորոգել: Գաղտնիք չէ, որ այս ոլորտում շատ մեծ գումարներ են յուրացվում այն ընկերությունների կողմից, որոնք շահում են այս կամ այն ճանապարհահատվածի շինարարության համար հայտարարված մրցույթը: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից բավարար հսկողություն չի իրականացվում բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս եզրակացությանն է հանգել ՀՀ Վերահսկիչ պալատը, որը հայտնաբերել է այս ոլորտում արձանագրված տասնյակ ֆինանսական չարաշահումներ ու բացթողումների դեպքեր: Սակայն անգամ դրանից հետո նախարարության կողմից բավարար հետեւողականություն չի ցուցաբերվել եւ միջոցներ չեն ձեռնարկվել նախորդ ստուգումների ժամանակ արձանագրված թերությունների եւ բացթողումների վերացման ու հետագայում բացառման ուղղությամբ: Սա եւս փաստել է Վերահսկիչ պալատը: Այսպես, 2008-2009թթ.-ի ընթացքում ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի աշխատանքների ընդունումը հանձնաժողովի կողմից կրել է ձեւական բնույթ եւ չի ունեցել համապատասխան փաստաթղթային հիմնավորում: Շինարարական կապալառու կազմակերպությունների կողմից շինարարական աշխատանքները կատարվել են նորմատիվային խախտումներով եւ լուրջ թերություններով, որոնք ժամանակին չեն հայտնաբերվել ու կանխվել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը 2008-2009թթ.-ի ընթացքում իրականացրել է «Տրանսպորտային օբյեկտների եւ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագիրը: Թվով 16 օբյեկտների հիմնանորոգման համար հատկացված 5,031,228.2 հազար դրամից ստուգվել են 972,041.4 հազար դրամ ծավալով աշխատանքները, որի արդյունքում արձանագրվել են 345,565.73 հազար դրամի տարբեր բնույթի խախտումներ, այդ թվում` ծավալային եւ գնային հավելագրում` 201,090.4 հազար դրամ, նախահաշվային թանկացում` 123,038.15 հազար դրամ, անորակ աշխատանք` 1,635.48 հազար դրամ, անարդյունավետ ծախս` 19,801.7 հազար դրամ: Այսինքն, շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունները բազմաթիվ դեպքերում ուռճացրել են ճանապարհների նորոգման համար պահանջվող գումարների չափը, անտեղի գումարներ են վատնել, կամ, ավելի ճիշտ, յուրացրել, իսկ որ ամենավտանգավորն է` կատարել են անորակ աշխատանք: Իսկ այդ անորակ աշխատանքն ընդունվել է նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից: Հայտնի են նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ ճանապարհների շինարարությունն իրականացվել է առանց նախագծերի: Մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպություններն այսօր իրենց մտահոգությունն են հայտնում, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունը: Այս մայրուղին Հայաստանի համար ունի խիստ կարեւոր նշանակություն: Այս ծրագրի իրականացմամբ Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային տարանցիկ երկիր: Ճիշտ է, չի կառուցվելու նոր ավտոմայրուղի, բայց նախատեսվում է, որ Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահմանն ընկած հատվածում կվերակառուցվի եւ կընդարձակվի ավտոճանապարհը: Առանձին հատվածներում կկառուցվեն թունելներ կամ կամուրջներ: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժողությունը մոտ 1 մլրդ դոլար է, որից 500 մլն դոլարի չափով ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի կողմից: Ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Գյումրի-Բավրա մայրուղիներն ու ճանապարհային ենթակառուցվածքները: Այս կերպ, բարելավելով կապը Իրանի եւ Վրաստանի հետ, Հայաստանը կունենա ելք` դեպի միջազգային առեւտրային ուղիներ եւ շուկաներ: Մասնագետների գնահատմամբ, առաջին հայացքից խիստ շահավետ թվացող այս ծրագրի իրականացման խոչընդոտներն ու խնդիրները շատ են: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում նախագծային աշխատանքները կատարվում են սխալ կամ թերի, բավարար զարգացած չեն շինարարական տեխնոլոգիաները, խոչընդոտ է նաեւ վերահսկողական մարմինների թերի աշխատանքն ու նաեւ փորձառու մասնագետների պակասը: Բացի այդ, գոյություն ունի մեկ այլ խնդիր, որն այսօր խիստ արդիական է: «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին, ըստ էության, լինելու է Բավրայի ավտոմայրուղու շարունակությունը: Մեր տեղեկություններով, Տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցները ուսումնասիրել են հարեւան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի փորձը, որտեղ ասֆալտի տարբեր մոդիֆիկացիաներ օգտագործելուց բացի, կառուցվել են նաեւ բետոնե ծածկով ճանապարհներ: Հայտնի է, որ բետոնապատ ճանապարհային ծածկույթը ունի շատ առավելություններ, սակայն բետոնի օգնությանն են դիմում միայն համապատասխան բնակլիմայական պայմաններում գտնվող երկրները: Ոչ Հայաստանը եւ ոչ էլ Վրաստանը այդ գոտիներում չեն գտնվում: Տեղեկություններ եղան այն մասին, որ վրացիները դիմել են այդ քայլին, քանի որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է ամերիկյան մի ընկերության կողմից, որին պատկանում է նաեւ Վրաստանում ցեմենտի խոշոր գործարաններից մեկը: Վրացի մասնագետներն արդեն իսկ ստիպված են փաստել այն բարդությունների մասին, որոնց առջեւ կանգնել են բետոնապատ ճանապարհ կառուցելու պատճառով: Բացի այդ, բետոնապատ ծածկույթը շատ ավելի թանկ է: Խնդիրն այն է, որ ըստ մեր տեղեկությունների, ներկայումս ՀՀ Տրանսպորտի եւ Կապի նախարարության համապատասխան մարմինները եւս քննարկում են «Հյուսիս-Հարավ» մայրուղու որոշ հատվածները բետոնապատելու տարբերակը:

Մասնագետները, որոնց մեկնաբանություններին կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածներում, նշում են, որ եթե այս դեպքում եւս կառավարությունն առաջնորդվի մի քանի մարդկանց նեղ անձնական շահերով, ապա կվտանգվի նման կարեւորագույն նախագիծը: Բնականաբար, այսպիսի խոշորամասշտաբ նախագծերը չեն կարող իրականացվել առանց շահերի բախման: Իսկ այս դեպքում ակնհայտ է դառնում, որ մի կողմում՝ ցեմենտ արտադրողների, իսկ մյուս կողմում` ասֆալտի համար անհրաժեշտ բիտում արտադրողների կամ ներկրողների շահն է: Նկատի ունենալով այն բազմաթիվ խնդիրները, որոնք առաջանում են նախագծողների անպատասխանատու եւ ոչ գրագետ աշխատանքի շնորհիվ, դժվար է հավատալ, որ գոնե այս անգամ նախարարությունը բավարար վերահսկողություն կիրականացնի եւ ճիշտ ու տեխնիկապես հիմնավորված որոշում կկայացնի: Թեեւ դեռ պաշտոնապես որեւէ տեղեկություն չի հրապարակվել, սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, սեպտեմբերի 3-ին Տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են նախագծային աշխատանքների հայտ ներկայացրած ընկերությունների փաթեթները, եւ օրերս կհրապարակվի հաղթող ընկերության անունը: