Անկախությունը Հայաստանի քաղաքացիներիս մատուցվում է իբրեւ իրավաբանական արժեք ունեցող, դե յուրե ֆիքսված հռչակագիր: Իսկ իրականությունն այն է, որ անկախությունը բարձր գիտակցության եւ մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված վիճակ է, զգացողություն: Կա՞ն մեր հասարակության մեջ մարդիկ, ովքեր անկախ են պայմանականություններից, իրենց հանդեպ իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքից, ունեն սեփական փորձով եւ գիտելիքով ամրապնդված կարծիք: Կան, բայց այդպիսիք շատ քիչ են: Ինքս քչերին գիտեմ: Եվ որերորդ անգամ տալիս եմ նույն մարդկանց անունները` դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյան, մաեստրո Տիգրան Մանսուրյան: Կլինեն էլի մի քանիսը: Ու վերջ: Նման մարդիկ ազատ ու անկախ են` անկախ այն հանգամանքից` պետությունն ինքը հռչակված է որպես անկա՞խ, թե՞ կախյալ է, իշխանությունները նրանց հանդեպ բարեհա՞ճ են, թե՞ անտարբեր: Թե՛ խորհրդային Հայաստանում, թե՛ անկախ Հայաստանում նման մարդիկ նույնքան պրոֆեսիոնալ են, հետաքրքիր ու իմաստուն: Պետության անկախության աստիճանը երեւում է այն բանից, թե ինչպիսին են նրա քաղաքացիները: Ինչպե՞ս են զգում իրենց երկրում` արժանապատի՞վ, թե՞ նվաստ: Զբաղվա՞ծ են, թե՞ գործազուրկ, արդարամի՞տ են, թե՞ ստրկամիտ: Կարեկի՞ց են ուրիշի դժբախտությանը, թե՞ անտարբեր: Նրանց տրվո՞ւմ է ժամանակի ընթացքում աճելու, զարգանալու հնարավորություն, թե՞ ժամանակին շնորհալի մարդիկ տարիների հետ դառնում են ոչ պրոֆեսիոնալ, անհետաքրքիր, ձանձրալի:
Ի դեպ, ահավոր անակնկալի եկա, երբ երեկ պատահաբար միացրեցի «Արմենիա» հեռուստաալիքն ու չհասցրեցի արագ շրջել ալիքը. էկրանին դերասանուհիներ Վիոլետ Գեւորգյանն ու Ալլա Թումանյանն էին: Շնորհալի այս դերասանուհիները ինչ-որ սերիալում են ներգրավվել եւ այնպիսի ցածրորակ, քաղքենիական երկխոսության էին բռնվել, որ իրենց թույլ չէին տա անգամ փողոցում կանաչի վաճառող կանայք: Այդ ինչպե՞ս պատահեց, որ «Աշնան արեւի» Աղունը մնաց ինչ-որ տեղ, Խորհրդային Հայաստանում: Իսկ անկախ Հայաստանում դարձավ կամ դարձրեցին անասելիք, անբովանդակ մի հերոսուհի: Եվ այդ ճանապարհին են մեր արվեստագետներից, մտավորականներից շատերը: Խնդիրը, ստացվում է, ոչ թե պետության կարգավիճակն է, այլ մարդը: Գիտակից մարդն ազատ ընտրելու հնարավորությունն օգտագործում է գրագետ. հրաժարվում է խոտանից, ընտրում արժեքավորը:
Չկա մի լրագիր, ով 19 տարի շարունակ, սեպտեմբերի 21-ին չգրի անկախությանը նվիրված հոդվածներ: Բացեք դրանք եւ կարդացեք. այս 19 տարիներին գրվել են բառացիորեն նույն մտքերը, արվել նույն հետեւությունները: Ու խնդիրը ոչ թե լրագրողների երեւակայությունն է, որ 19 տարի ոչ մի կերպ չի զարգանում, այլ այն, որ 19 տարի անկախ Հայաստանի իրականությունը գրեթե անփոփոխ է: Բառացիորեն ոչինչ չի փոխվել: Ընդհուպ` քաղաքական գործիչները. նրանք մեծացել են 19 տարով, ճերմակել են, սակայն չեն շտապում հրաժարվել քաղաքականությունից: Անկախ Հայաստանում քաղաքականությունն ընթանում է դանդաղեցված ռեժիմով, ոչ ոք ոչինչ անել չի շտապում: Այնպես որ` քաղաքական դաշտը նման է տարեց մարդկանց սանատորիայի:
Պնդումը, թե քանի որ 19 տարեկան մարդն այնքան հասուն չէ, հետեւաբար անկախության 19 տարիներն այն ժամանակը չեն, որ հասցնենք նվաճումներ արձանագրել, նաիվ է: Ո՛րն է այն ոլորտը, որն այս 19 տարիներին փոքր-ինչ ձեռքբերումներ է արձանագրել: Առողջապահությո՞ւնը, կրթությո՞ւնը, տնտեսությո՞ւնը, սոցիալական ոլո՞րտը, ներքին կամ արտաքին քաղաքականությո՞ւնը: Անկախությունը մեզ համար դարձել է անհաջողությունները հիմնավորելու, սեփական սխալները, ձախողումներն արդարացնելու միջոց:
Այդ դեպքում` ինչի՞ վրա են վատնվել այս տասնինը թանկարժեք տարիներն այն դեպքում, երբ ամենամեծ եւ անհասկանալի հրաշքը` երեխայի ծնունդը, տեւում է ինը ամիս: Իսկ մենք ասում ենք` տասնինը տարին քիչ ժամանակ է…
Անկախության 19-րդ տարում Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Եվ դա շատ հուսահատեցնող է, որքան էլ իմ գործընկեր Նիկոլ Փաշինյանը գրի, թե մեկուսարանում ինքն իրեն ավելի ազատ է զգում, քան ազատության մեջ գտնվող մեզնից շատերը: Թեեւ դա ճշմարտություն է:
Անկախությունն այնպիսի հնարավորություն է, պատմական աննախադեպ շանս յուրաքանչյուր պետության համար` վարել արժանապատիվ քաղաքականություն: Սեպտեմբերի 21-ից օրեր առաջ, երբ սկսում ենք վերլուծել այն ձեռքբերումները, որոնք տեսականորեն ընձեռում է անկախությունը, մեր երկրի նախագահը ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին հարցազրույց է տալիս: Խոսելով մեր երկրի տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը 25-49 տարով երկարաձգելու մասին, նա, որպես անկախ երկրի նախագահ, չի նշում, որ մեզ համար ցանկալի չեն օտար երկրների ռազմակայանները, որ նման ռազմակայանները կախվածություն են ենթադրում տվյալ երկրից: Որ դա, դիցուք, ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված քայլ էր: «Գիտե՞ք, ես դա արել եմ հաճույքով»,- լրագրողին ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Շարքային քաղաքացին սկսում է հետո ինքն իրեն հարց տալ` «հիմա` հաճույքո՞վ, թե՞ անհրաժեշտությունից դրդված»: Բայց սեւով սպիտակին գրված է` «հաճույքո՛վ»: Հետեւաբար, անկախությունն այնքան էլ անսակարկելի արժեք չէ, ինչպես սեպտեմբերի 21-ին պնդում էին «Հայլուրի» հաղորդավարները: Ստացվում է` անկախ երկրի համբավի համար մենք շատ թանկ գին ենք վճարում` կորցնում ենք իրական անկախությունը: Եվ խնդիրն այն է, որ «հաճույքով»: