Ռուբոյի հերոսները

23/09/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սեպտեմբերի 16-ին Երեւանի «Արտ գալերի» ցուցասրահում տեղի ունեցավ ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի «Սեւ կյանք» հայտնի ֆոտոշարքի ցուցահանդեսի բացումը:

Այս նախագիծը Ռ. Մանգասարյանի վերջին ֆոտոնախագիծն էր: «Սորոս» հիմնադրամի աջակցությամբ լուսանկարները տպագրվել են 1,5 մետր մեծությամբ: Լուսանկարների գույների խտությունն ու լույսի ու ստվերի խաղը այնպիսի պատրանք էին ստեղծում, ասես, դրանք գեղարվեստական կտավներ էին: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ եվրոպացի արվեստաբանները Ռ. Մանգասարյանի լուսանկարչական արվեստը նմանեցրել են գեղանկարչությանը: «Սեւ կյանք» ֆոտոնախագիծը ներկայացնում է մի ընտանիքի տարեգրություն, որի նկարահանումները շարունակվել են շուրջ 7 տարի: Բաքվից Բագրատաշեն գաղթած ընտանիքի համար կյանքը սեւ պատերի ներսում է, որի հակադրությունն առավել քան ընդգծվում է երեխաների աչքերի ժպիտով: Ժպիտը դառնում է կարիքավոր ընտանիքի ու լավ ապագայի, լավ կյանքի միջեւ միակ կամուրջը, որը տարիների ընթացքում այնքան է խարխլվում, որ մի օր իսպառ քանդվում է: Վերջին տարիների լուսանկարներում երեխաների ժպիտը վերածվում է հուսահատության: Պատկերներում հատկապես շեշտադրվել են երեխաների դիմանկարները, որոնք տեսանելի են դարձնում հերոսների ներքին դրաման: «Ռուբենն ասում էր, որ օգնություններով այլեւս չէր կարողանում փրկել այդ ընտանիքը: Միակ փրկությունը նա համարում էր այն, որ մորը զրկեին խնամակալությունից եւ երեխաներին հանձնեին մանկատան խնամքին: Ռուբենն ինքն էլ հուսախաբված էր»,- նշում է Ռուբեն Մանգասարյանի եղբայրը՝ Տիգրան Մանգասարյանը: «Ես հիմա իսկապես վախենում եմ գնալ այնտեղ, որովհետեւ հնարավոր է՝ այդ ընտանիքն այլեւս չլինի, այսինքն՝ լինի այն սցենարը, ինչ Ռուբենը կանխատեսում էր: Վերջին լուսանկարներում ընտանիքի տատն արդեն չկար, մայրն անկողնային հիվանդ էր, իսկ երեխաներն էլ անպաշտպան ու բարձիթողի էին: Նրանց համար աշխարհն այդ սեւ սենյակն էր, որտեղից դուրս էին գալիս միայն ջուր բերելու համար: Դպրոց չէին գնում, ընկերներ չունեին: Սեւ սենյակն իրենց աշխարհն էր: Իրականությունը սա է»,- շարունակում է Տ. Մանգասարյանը՝ շեշտելով «Սեւ կյանք» ֆոտոնախագծի հնչեղությունն ամբողջ աշխարհում: Զրուցակցիս խոսքով՝ այս ցուցադրության նպատակը լուսանկարները սոցիալական շրջանակից դուրս` կերպարվեստային արժեքներով ներկայացնելն է: «Զարմանալի է, բայց Ռուբենի համար art-ֆոտոն այդքան մեծ արժեք չուներ, ինչպես լրագրողական ռեպորտաժը: Այդ առումով էլ նա մաքուր լրագրող էր: Հատկապես վերջին տարիներին աշխատում էր կոնկրետ թեմաներով: Աշակերտներին էլ էր հանձնարարում աշխատել թեմաներով»,- նշում է Տ. Մանգասարյանը: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ Ռուբեն Մանգասարյանի աշակերտները, ովքեր օրեր առաջ բացեցին «Ռուբեն Մանգասարյան» մեմորիալ-ֆոնդը, որից ստացված գումարներն ամբողջությամբ ուղղվելու են Ռուբենի հիմնադրած «Պատկեր» ֆոտոգործակալության վերականգնմանը: «Ռուբենն էնպիսի դասախոս էր, էնպիսի մարդ էր, որ նրանից հետո մի տարի ուշքի չես գալիս…»,- հանկարծակի հուզմունքով նշեց Ռ. Մանգասարյանի աշակերտներից Անահիտը՝ լուսանկարչական սարքի միջոցով փորձելով թաքցնել արտասվալից աչքերը: «Ռուբոյին կարոտել ենք»,- «Արտ գալերի» ցուցասրահում ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի լուսանկարներին նայելիս՝ աննկատ «մրմնջում» էին մարդիկ՝ այդպես էլ չհաշտվելով նրա մահվան փաստի հետ: «Ռուբոն գնաց»,- աչքերի անզուսպ թրթռոցով խոսում էին, երբեմն սրբում թաց կոպերն ու շարունակում նայել նրա լուսանկարներին, որտեղից նայում էին Ռուբոյի հերոսները՝ դրամատիզմով լի ու սեւ կյանքի հետ համակերպված: «Մեր Ռուբիկի մեջ ոչ մի շինծու բան չկար: Շատ բծախնդիր էր: Մի մարդուն կարող էր մի տասն անգամ լուսանկարել: Դա գալիս է նրանից, որ հայրը նկարիչ էր: Նա կարողանում էր կերպարներ ստեղծել: Դրանք պարզապես լուսանկարներ չէին: Դրանք գեղարվեստական արժեք ունեն, որոնք ասում են՝ կանգ առ ու ինձ նայիր: Ռուբիկն առանց սահմանների մարդ էր»,- ասում էր կապանցի նկարիչ Ռոբերտ Կամոյանը՝ Ռ. Մանգասարյանի հորաքրոջ տղան, ում հետ հանդիպեցի նախորդ տարվա ամռանը, երբ գնացել էի Վաչագան գյուղ, որտեղ թաղված է Ռ. Մանգասարյանը: