Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ֆարիդուն Մահմադալիեւը սեպտեմբերի 19-ին հաստատեց, որ օտարերկրյա իսլամիստները ահաբեկչական հարձակում են գործել տաջիկական զինուժի վրա երկրի արեւելյան Ռաշտ շրջանում` տաջիկա-աֆղանական սահմանից 50կմ հեռավորության վրա, մայրաքաղաք Դուշանբեից 180կմ դեպի արեւելք։ Նա մեղադրեց «պակիստանցի, աֆղան եւ չեչեն վարձկաններին, ովքեր իսլամի հավատքի քողի ներքո ցանկանում են Տաջիկստանը վերածել ֆեոդալական պատերազմների թատերաբեմի»։ Մահմադալիեւը հարձակումը կապեց նաեւ իսլամիստ զինվորականների հետ, ովքեր քաղաքացիական պատերազմ էին մղում կառավարության դեմ 1992-1997թթ.։ Կառավարական աղբյուրները նշում են, որ 75 հոգանոց միավորման վրա կատարված հարձակման հեղինակը ընդդիմության առաջնորդ, հրամանատար Մուլլո Աբդուլլան է։
Զինծառայողները գնդակոծման են ենթարկվել նռնականետերից եւ ինքնաձիգներից, երբ զբաղված էին բանտից փախուստի դիմած հանցագործների որոնումներով։ Օգոստոսի 24-ին Դուշանբեի բանտից աննախադեպ փախուստ էր կազմակերպվել 23 բանտարկյալների կողմից, որոնք մեղադրվում էին հեղաշրջման փորձի եւ իսլամիստական խմբավորումներում դերակատարում ունենալու մեջ։ Չորս բանտապահի սպանելով եւ վերցնելով բանտի զինանոցում առկա զենքն ու զինամթերքը, խումբը հայտնվեց ազատության մեջ։ Իշխանություններին հաջողվել է գտնել նրանցից չորսին, որոնցից մեկը ԱՄՆ-ի Գուանտանամո Բեյ բանտից Տաջիկստան տեղափոխված Իբրահիմ Նասրիդինովն է։ Մինչ իշխանությունները զբաղված էին բանտարկյալների որոնումներով, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրեց Խուջանդ քաղաքի ոստիկանատունը։ Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց մինչ այդ անհայտ իսլամիստական մի խմբավորում, որն իրեն կոչում է Ջամմաթ Անսար Ալլահ (Աստծո խմբի աջակիցներ)։ Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ նյութերով բեռնավորված մեքենայով մխրճվել էր Ոստիկանության շենքի մեջ, ինչի արդյունքում զոհվել էր 2 եւ վիրավորվել 25 մարդ։ Ուշագրավ է, որ դեպքը տեղի ունեցավ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Խարիդդին Աբդուռահիմովին պաշտոնանկ անելու եւ նրա փոխարեն նախկին դիվանագետ Սայմումին Յաթիմովին նշանակելու հենց հաջորդ օրը։
Չնայած բռնությունների ալիքին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկա գտնվող նախագահ Ռահմոնը չվերադարձավ Տաջիկստան՝ հայտարարելով, որ պաշտպանության նախարարին հանձնարարել է հանդարտեցնել իրավիճակը։
Իսլամիզմի նոր ալիքը
Տաջիկստանը կանգնած է իսլամիստական նոր ալիքի վտանգի առաջ։ Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային այս աղքատ երկրում՝ իր 6.8մլն բնակչությամբ, 1990-ականների քաղաքացիական պատերազմի ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն՝ զոհվել է 50.000-100.000 մարդ։ Պատերազմի ավարտից հետո նախագահ Ռահմոնը հետեւողականորեն մեծացրել է ճնշումը իսլամիստական խմբերի, այդ թվում՝ խորհրդային երկրների տարածքում պաշտոնապես գրանցված միակ իսլամական կուսակցության՝ Իսլամական վերածննդի կուսակցության վրա։ Քաղաքացիական պատերազմի մասին սարսափելի հիշողությունները դեռ թարմ են շատերի մոտ, եւ հատկապես վաղվա սերունդը նախընտրում է պայքարել կոռուպցիայի եւ աղքատության դեմ՝ խուսափելով փխրուն կայունությունը խախտելու վտանգից։ Ավելին, վերջին տերիներին երկրից արտագաղթել են մեծ թվով տղամարդիկ, ովքեր սեփական երկրում կարող էին գործազուրկ մնալ։ Մեկնելով հիմնականում Ռուսաստան՝ շուրջ մեկ միլիոն տաջիկներ տրանսֆերների տեսքով իրենց երկիր են ուղարկում տարեկան 2 միլիարդ դոլար, որը կազմում է երկրի բյուջեի կեսը։ Ինչեւէ, այս անդորրը կարող է կարճ տեւել, եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի իսլամիզմի նոր սպառնալիքին դիմակայելու ուղղությամբ։ Հարձակումների վերջին ալիքը հիշեցնում է հյուսիսկովկասյան իսլամիստների ձեռագիրը։ Վերջին ամսվա ընթացքում Տաջիկստանին ամենից շատ ցնցեց պատերազմի բնույթի փոփոխությունը եւ հարձակումները ինչպես կառավարական օբյեկտների, այնպես էլ խաղաղ բնակչության վրա։ Որպես օրինակ՝ կարելի է նշել սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունը «Դուստ» գիշերային ակումբում, որի արդյունքում վիրավորվեց 5 մարդ։ Սա նման չէ այն մարտավարությանը, որն իսլամիստները բանեցնում էին քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Հավանաբար, նորովի հասկանալով առկա վտանգը՝ Ռահմոնի վարչակազմը ձգտում է համագործակցել նախկին իսլամիստ հրամանատարների հետ։ Չնայած պետական լրատվամիջոցները համառորեն հերքում էին այս տեղեկությունները, սեպտեմբերի 15-ին պաշտոնապես հաստատվեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը (ՆԳ նախարար Աբդուռահիմ Կահորով, Պաշտպանության նախարար Շերալի Խայրուլլոեւ եւ Ազգային անվտանգության կոմիտեի պետի տեղակալ Մանսուրիոն Ումարով) 5 ժամանոց հանդիպում են ունեցել ընդդիմության նախկին հրամանատարներ Միրզոխուջա Ահմադովի եւ Շոհ Իսկանդարովի հետ։ Այս երկուսը, ինչպես նաեւ Մուլլո Աբդուլլան, Տաջիկստանի միացյալ ընդդիմության մաս էին կազմում եւ պայքարում էին Ռահմոնի դեմ։ 1997թ. հաշտություն կնքելուց հետո նրանք մեկընդմիշտ հեռացան քաղաքականությունից եւ այժմ զբաղվում են բիզնեսով՝ չնայած դեռեւս մեծ ազդեցություն են պահպանում այս տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Մուլլո Աբդուլլային, նա շարունակեց պայքարը Ռահմոնի դեմ, մեկնեց Աֆղանստան, հետո՝ Պակիստան, եւ վերջերս է վերադարձել Տաջիկստան։ Ամենայն հավանականությամբ, նախարարները փորձել են հավաստիացնել Ահմադովին եւ Իսկանդարովին, որ նրանց ազդեցության գոտում ծավալվող գործողությունների միակ նպատակը բանտարկյալներին հայտնաբերելն է եւ համոզել չեզոքություն պահպանել այդ հարցում։
Հեռանկարներ եւ հրամայականներ
Եթե Տաջիկստանի կառավարությունը չկարողանա չեզոքացնել իսլամիստական սպառնալիքը, դա կարող է ապակայունացնել վիճակը նաեւ Աֆղանստանում եւ Ուզբեկստանում։ Ռահմոնը քայլում է շատ բարակ լարի վրայով, մի կողմից` փորձելով սանձել ծայրահեղական իսլամի տարածման միտումները երկրում, մյուս կողմից՝ կոնսպիրատիվ շփում պահպանելով իր նախկին թշնամիների՝ իսլամիստ հրամանատարների հետ։ Դատելով Ահմադովի եւ Իսկանդարովի՝ ԶԼՄ-ներին արված հայտարարություններից, Ռահմոնը պետք է ավելի զգույշ լինի ռադիկալ իսլամի դեմ պայքարում իր աջակիցների հարցում։ Նախարարների հետ հանդիպումից հետո երկու նախկին հրամանատարներն էլ հերքում են, որ փախուստի դիմած բանտարկյալները գտնվում են Ռաշտ շրջանում։ Փոխարենը՝ նրանք կառավարությանը մեղադրում են ընդդիմության նախկին հրամանատար Ալովուդդին Դավլաթովին հետապնդելու համար։ Վերջինս ձերբակալվեց Ոստիկանության շենքի պայթյունից անմիջապես հետո։ Երկրի բարձրագույն իսլամական մարմինը՝ Ուլեմայի իսլամական խորհուրդը բարեփոխելու Ռահմոնի որոշումը շատերին ստիպեց մտահոգվել, որ նա ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել կրոնական բոլոր ինստիտուտների նկատմամբ։ Ուլեմայի իշխանամետ առաջնորդ ընտրվելու դեպքում Ռահմոնը կուժեղացնի հսկողությունը մզկիթների եւ կրոնական դպրոցների վրա։ Սակայն նրա կոշտ քայլերը կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Ամենակարեւորն այն է, որ Ռահմոնը պետք է ձգտի իր կողմը գրավել չափավոր իսլամիստական քաղաքական ուժերին, ինչպիսին Իսլամական վերածննդի կուսակցությունն է։ Սակայն այս հարցում էլ Ռահմոնը ձախողվել է։ 2010թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը գրավեց երկրորդ տեղը, սակայն երկրի նախագահը որոշեց նրանց դուրս բերել Սոցիալական խորհրդի կազմից։ Նշենք, որ այդ խորհուրդը հիմնադրվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, եւ դրա գլխավոր նպատակն է՝ տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ Տաջիկստանի կայունությունը կարեւոր է ողջ Կենտրոնական Ասիայի, սակայն, առաջին հերթին, Աֆղանստանի եւ Ուզբեկստանի համար։ Տաջիկստանի լեռները երկար տարիներ ապաստան են ծառայել աֆղան թալիբների համար։ ՆԱՏՕ-ի ռազմական արշավի նպատակներից մեկն էլ հենց տաջիկ-աֆղանական սահմանի ուժեղացումն էր, որը թույլ չէր տա, որ թալիբները պատսպարվեն, վերակազմավորվեն Տաջիկստանում եւ վերադառնան Աֆղանստան։ Բացի այդ, հարկ է նշել, որ Աֆղանստանի բնակչության մեջ տաջիկները մեծ տեսակարար կշիռ ունեն, ինչը հեշտացնում է բռնությունների «ներմուծումը» Տաջիկստան այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է տարածաշրջանի ապակայունացումը։ Տաջիկստանը վերջին տարիներին համեմատաբար կայուն է եղել հիմնականում այն պատճառով, որ մարդիկ դեռ հիշում են քաղաքացիական պատերազմի սարսափը։ Սակայն մի քանի տարի անց երիտասարդ սերունդը դա նույնքան ցավագին չի ընդունի, դա կլինի նրանց համար որպես սովորական պատմության էջ եւ չի ունենա նույն զսպող ազդեցությունը, ինչպես այժմ։ Մյուս կողմից, համատարած կոռուպցիան եւ հովանավորչությունը այլասերում են աղքատ երիտասարդությանը։ Իսկ այդ դեպքում կրոնական ծայրահեղականների համար ավելի դյուրին է դառնում նրանց ներքաշելը իրենց շարքերը։
IHS Global Insight
Մեծ Բրիտանիա