Անկախ պետություն աշխարհում չկա

23/09/2010

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց իր անկախության 19-րդ տարեդարձը: Ո՞ր հատկանիշների շնորհիվ հայերը գոյատեւեցին առայսօր եւ ձեռք բերեցին երկար սպասված անկախությունը, ի՞նչ տվեց մեզ անկախությունը եւ ինչի՞ց զրկեց: Այս թեմայի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքաելյանի հետ:

– Որո՞նք են հայերին առավել բնորոշ ազգային առանձնահատկությունները:

– Ցանկացած ժողովրդի առանձնահատկություն պայմանավորված է նրա պատմությամբ. ժողովրդի պատմությունը ձեւավորում է նրա բնավորությունը: Առանձնահատկությունները, որոնք պահպանվում են ժողովրդի մեջ, ունեն բազմաթիվ ֆունկցիաներ, որոնցից ամենամեծը պաշտպանական ֆունկցիան է: Այդ առանձնահատկությունները թույլ են տալիս, որպեսզի ժողովուրդն ապրի, գոյատեւի եւ չանհետանա: Հայ ժողովրդի առանձնահատկությունները, որոնք ձեւավորվել են նրա պատմության ընթացքում, բավական բեւեռային են, քանի որ մեր պատմությունը եւս բեւեռային է, եւ մեր ժողովրդի այդ բեւեռայնությունը շատ հաճախ կանխորոշում է, ծրագրավորում է մեր ժողովրդի կենսակերպը, ներկան, ապագան: Հայ ժողովրդի առանձնահատկություններից է մեծ համբերությունը, մյուս կողմից` շատ մեծ անհանդուրժողականությունը: Քրիստոնեությունը մեր ժողովրդի մեջ, կարծես, նույն կերպ է ընկալվում` շատ բարձր, խորը հնազանդություն, մյուս կողմից` անհանդուրժողականություն թշնամիների նկատմամբ: Այս երկու, կարծես, բեւեռային հատկությունները միավորված են մեր ժողովրդի մեջ: Սակայն սրանք այնքան էլ բեւեռային չեն, որովհետեւ ամեն հատկություն ունի իր հակառակ կողմը, եւ, կարծում եմ, հատկությունների այդ մեծ դաշտը անհրաժեշտ պայման է մեր ժողովրդի զարգացման համար: Այս տեսակետից հայերի մոտ զարգացման հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ մենք դինամիկ ազգ ենք, չենք ֆիքսվում, կարծրանում մեկ բանի վրա, միշտ ենթադրում ենք, որ կա հակառակը, իսկ դա նպաստում է ժողովրդի հարմարմանը փոփոխվող պայմաններին:

– Մեր ազգային առանձնահատկություններից որո՞նք են նպաստել, եւ հակառակը` որո՞նք են խոչընդոտել պատմական առաջընթացին:

– Հայ ժողովրդի հատկությունների բավական մեծ դաշտ կա, որը նպաստել է եւ կնպաստի մեր ժողովրդի գոյատեւմանը: Ամենակարեւորը համբերատարությունն է, ներքին իմաստությունը` տրված տիեզերքի կողմից, որը թույլ չի տալիս ժողովրդի համար վտանգավոր քայլեր թույլ տալ: Ավանդապաշտությունը եւս ապահովում է հայ ժողովրդի գոյատեւումը, եւ միայն ավանդույթների շրջանակներում մենք կարող ենք իսկապես հուսալ, որ ունենք ապագա: Եթե մի պահ պատկերացնենք, որ հրաժարվել ենք մեր ավանդույթներից, մենք կմնանք հոգեպես մերկ: Չի՛ կարելի մերժել սեփականը` նայելով ուրիշներին: Հայ ազգի բացասական կողմերից մեկը սեփական ազգի նկատմամբ սիրո բացակայությունն է, միգուցե սերն իրականում կա, բայց այն չի երեւում: Մենք չունենք սեր միմյանց նկատմամբ, իսկ այդ դեպքում շատ դժվար է ձեւավորել սեր հայրենիքի նկատմամբ: Մեր ժողովուրդը պետք է ունենա պաշտամունք իր ազգի նկատմամբ, այդ դեպքում շատ հարցեր ավելի դրականորեն կլուծվեն: Սա միակ բանն է, որ պակասում է մեր ժողովրդին, ինչն էլ խանգարում է, որպեսզի մեր սոցիալական պայմանները եւ ժողովրդի, պետության կարգավիճակն աշխարհում ստանա ավելի բարձր մակարդակ:

– Չե՞ք կարծում, որ վշտի ու վտանգի դեպքում է մեր ժողովուրդը համախմբվում, իսկ ուրախությունն ու հաջողությունը նման գործոն չեն:

– Այս երեւույթը վերաբերում է ոչ միայն մեզ, այլեւ շատ մարդկանց, որովհետեւ վշտի ու տառապանքի ժամանակ մարդը հասկանում է, որ միայնակ է, եւ այդ միայնության տագնապը ստիպում է նրան միանալ այլ մարդկանց վշտին: Մեր ժողովուրդը (յուրաքանչյուր մարդ) առավել հեշտ է հարմարվում տառապանքին, քանի որ միշտ սպասում է դրան, քան երջանկությանը, որին նա ձգտում եւ չի հավատում: Սրանք եւս բեւեռներ են, որոնք կան մեր ազգի մեջ:

– «Ուժն է ծնում իրավունք» կամ «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր». ինչպե՞ս են գործում այս երեւույթները Հայաստանում:

– Այս երեւույթն ավելի ակնառու գործում է ՌԴ-ում: Ես նկատել եմ, որ Ռուսաստանի հանրային հեռուստատեսության (OPT) հաղորդումների մոտ 70 տոկոսը Ռուսաստանի կրիմինալի մասին է: Մարդիկ նայում են դա՝ որպես հետաքրքրություն, իսկ ես նայում եմ այն տեսանկյունից, որ հասարակությունը բավական քրեածին է: Իհարկե, այդ կողմնորոշումը, այն, որ ուժեղն է ճիշտը, մարդկության մեջ կա, սակայն դա հասուն ժողովրդի կարծիք չի կարող լինել, որովհետեւ հոգեբանական հասունությունը չի կարող ենթադրել նման բան: Այդ օրենքը գործում էր նախնադարյան շրջանում, երբ ուժեղ մարդը ինչ-որ արտոնություն էր ստանում, դառնում էր ցեղի առաջնորդ: Բայց մեր ժամանակներում, երբ ողջ աշխարհը ձգտում է ժողովրդավարության, հումանիզմի, այդ օրենքը, կարծես, արհեստականորեն է մտցված այստեղ:

– Հայրենասիրություն եւ օտարամոլություն. ո՞րն է առավել բնորոշ մեր ազգին եւ ինչո՞ւ:

– Որպես բեւեռային ազգ` երկուսն էլ բնորոշ են, ցավոք: Սակայն, երբ այն հետաքրքրությունը, որ հայն ապրում է այլ երկրների նկատմամբ, տեղափոխվի սեփական ազգի նկատմամբ, այդ ժամանակ Հայաստանը իսկապես կդառնա դրախտային երկիր: Շատ տարօրինակ է, երբ մենք հետաքրքրություն ենք ապրում մի երեւույթի նկատմամբ, որի մասին լսել ենք եւ իրականում չգիտենք, եւ հետաքրքրություն չենք ապրում մեր սեփական ժողովրդի, սեփական արժեքների նկատմամբ, որոնք մենք շատ լավ գիտենք: Սա նույն տարբերակն է, ինչ տարածված ասացվածքի դեպքում` «հարեւանի հարսը միշտ սիրուն է»:

– Ըստ Ձեզ` ո՞վ էինք մենք անկախություն ձեռք բերելուց առաջ եւ ո՞վ ենք մենք այժմ:

– Անկախությունից առաջ` սովետական կարգերի ժամանակ, մենք հոգեբանական ստրուկներ էինք: Մեր վզին փաթաթված էր կոմունիստական համակարգը` իր միֆերով, արժեքներով, որոնք չէին բխում մարդու հոգեկան զարգացման բովանդակությունից: Դրանից ազատվելը երեւի տիեզերքի կամքն էր. այս հսկայական տարածքի բոլոր ժողովուրդներն ազատվեցին այդ ճնշող ստրկական գաղափարախոսությունից: Իհարկե, անկախությունը սկզբում բերում է բացասական սոցիալական վիճակների, բավականին ծանր եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեբանական հետեւանքների, սակայն երեխայի ծնունդը եւս ցավով է սկսվում եւ կյանքին նրա հարմարումը եւս շատ պրոբլեմներ է առաջ բերում: Ծնվում է նոր համակարգ, ծնվում է նոր ժողովուրդ, ծնվում է նոր մտածելակերպ, եւ բնական է, որ նա կունենա դժվարություններ: Բայց անկախությունը, իհարկե, շատ մեծ նվաճում է: Սակայն անկախ պետություն մեր աշխարհում չկա: Յուրաքանչյուր պետություն կախված է այլ պետությունից, անգամ ԱՄՆ-ը կախված է տարբեր` նույնիսկ փոքր պետություններից: Բոլոր ժողովուրդներն ու պետությունները միացված են իրար կախվածության առումով, որովհետեւ չեն կարող ապրել ավտոնոմ: Անկախությունը թույլ է տալիս տվյալ ժողովրդին ունենալ արժանապատվության ավելի բարձր զգացում: Նա այլեւս չի ենթարկվում պարտադրված ինչ-որ գաղափարախոսության, չի ենթարկվում «վերեւից» պարտադրված վարքի նորմերի, նա կարող է զարգացնել սեփական ազգային մտածելակերպը, մշակույթը, գիտությունը. ի վերջո, դրանով է նա հարստանալու, դրանով են նրա արժեքները բարձրանալու:

– Իսկ ի՞նչ կարեւոր բան ունենք անկախությունից հետո եւ ի՞նչ կարեւոր բան ենք թողել անցյալում:

– Շատ բաներ ձեռք բերեցինք անկախությունից հետո: Մարդիկ սկսեցին ազատ մտածել եւ ազատ ստեղծագործել, ինչը Սովետական Միության ժամանակ չէին կարող անել` արգելված էր, գիտությունը ստրկական վիճակում էր: Եթե դու չէիր մտածում, թե ինչպես կմտածեր Լենինը, Մարքսը կամ Բրեժնեւը, դու դառնում էիր հանցագործ: Իսկ ազատությունը մեզ տվեց այն, որ մենք հնարավորություն ստացանք իսկապես զարգանալու, այլ ոչ ինչ-որ ճնշման տակ: Իսկ անցյալում թողեցինք մի բան, որը մի կողմից՝ լավ է, մյուս կողմից` վատ: Անցյալում թողեցինք կեղծ (ես դա կեղծ եմ համարում) հանգստությունը: Սովետական Միության օրոք ամեն մարդ հանգիստ էր այն իմաստով, որ ապրում է կայուն պայմաններում, եւ այդ կայունության գաղափարն է մեզ բոլորիս մոտ մնացել, որը մեզ միշտ ձգում է այնտեղ: Սովետական կարգերի կայունությունն ու հանգստությունը կայանում էր նրանում, որ մարդը ստանում էր, օրինակ, միջինը 150 ռուբլի եւ կարողանում էր մեկ ամիս գոյատեւել: Սակայն իր այդ 150 ռուբլիով նա չէր կարողանում նորմալ ապրել, որովհետեւ եւ՛ խանութներն էին դատարկ, եւ՛ կենսակերպն էր շատ ցածր մակարդակի, դա բավարարում էր միայն, որպեսզի մարդիկ սովից չմահանային: Սակայն այդ կայունությունը, որը շատ մարդկանց թվում է չափազանց կարեւոր մի բան, շատ հեշտ ձեռք է բերվում կարեւոր պայմանի առկայության դեպքում` ազատության, անկախության, որն անհրաժեշտ է եւ առաջնային:

– Կարողանո՞ւմ ենք արդյոք ճիշտ օգտվել մեր ազատությունից: Այն արդյոք չի՞ վերածվել կամ չի՞ վերածվի ամենաթողության:

– Չեմ կարող ասել, որ մենք կարողանում ենք օգտվել ազատությունից: Հաճախ ազատությունն ընկալում ենք որպես ամենաթողություն: Դա է ամենավտանգավոր բանը, որ գալիս է անկախության հետ մեկտեղ: Բայց եթե ես զուգահեռներ անցկացնեմ այն երկրների ու ժողովուրդների հետ, ովքեր ձեռք են բերել անկախություն շատ ավելի շուտ, ապա իրենց մոտ առաջին տարիները եւս նույն կերպ են եղել: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մարդկանց մոտ ձեւավորվի սոցիալական մտածողություն, որպեսզի նրանք անկախությունը գնահատեն ոչ թե որպես ամենաթողություն, այլ որպես նորմալ կյանքի համար անհրաժեշտ պայման: Դա սոցիալական կյանքի համար անհրաժեշտ փուլ է, սակայն, իհարկե, անցողիկ, հաղթահարելի փուլ:

Հարցազրույցը` Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆԻ