Վիտոլդ Գոմբրովիչ. «Բանկետը»

23/09/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Խորհրդի նիստը… Խորհրդի գաղտնի նիստը տեղի էր ունենում կիսախավար ու պատմական դիմանկարային պատկերասրահում, որի բազմադարյան հզորությունը գերազանցում եւ իր վիթխարիությամբ ճնշում էր նույնիսկ խորհրդի հզորությունը: Վաղնջական դիմանկարներն անտարբեր ու համրորեն, հինավուրց պատերից, նայում էին մեծատոհմիկ անձանց հանդիսակենտրոն դեմքերին, որոնք իրենց հերթին նայում էին մեծ կանցլերի եւ գլխավոր պետական խորհրդատուի չորացած, զառամյալ կերպարանքին: Սովորության համաձայն չոր-չոր խոսելով, սույն չոր ու հզոր ծերունին խոր բերկրանք արտահայտեց եւ ներկա նախարարներին ու փոխնախարարներին կոչ արեց պատմական պահը հարգել հոտնկայս: Եվ այսպես, բազմամյա ջանադրությունների շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել արքայի եւ ավագ արքայադուստր Ռենատա Ադելաիդա Քրիստինայի միջեւ ամուսնական դաշինք կնքելու մասին: Ռենատա Ադելաիդան արդեն պալատ էր եկել, վաղը թագավորական պալատում բանկետի ժամանակ փեսացուն եւ հարսը (որոնք միմյանց ծանոթ են սոսկ դիմանկարներից) կներկայացվեն իրար, եւ այդ դաշինքը, որն ամեն տեսակետից փայլուն է, կամրապնդի եւ անչափ կմեծացնի Տերության հեղինակությունը եւ հզորությունը: Եվ սակայն, կսկծալի անհանգստությունը, ցավալի անհանգստությունը, նույնիսկ տագնապը մռայլեցնում են նախարարների եւ փոխնախարարների իմաստնացած, նրբացած դեմքերը, եւ ինչ-որ չասված, ինչ-որ դրամատիկական բան ծվարում էր թորշոմած, զառամյալ շուրթերի անկյուններում:

Խորհրդի միաձայն որոշմամբ կանցլերը բացեց մտքերի փոխանակությունը, սակայն ծայր առած բանավեճն աչքի էր ընկնում խոր ու սաստիկ լռությամբ: Առաջինը ձայն խնդրեց ներքին գործերի նախարարը եւ ձայն ստանալով` պապանձվեց, եւ լռում էր իր ելույթի սկզբից մինչեւ վերջը, որից հետո նստեց: Հետագայում ձայն խնդրած նախարարներից յուրաքանչյուրը ոտքի էր ելնում, լռում, այնուհետեւ նստում էր, եւ լռությունը, խորհրդի համառ լռությունը, որը խորանում էր դիմանկարների լռությամբ, ուժգնանում էր: Մոմերը մարմրում էին: Կանցլերն անդրդվելիորեն կառավարում էր լռությունը: Ժամանակն ընթանում էր:

Ի՞նչն էր լռության պատճառը: Վերոհիշյալ այրերից ոչ մեկը չէր համարձակվում ասել, ոչ էլ նույնիսկ մտքով իսկ անցկացնել այն, ինչը, մի կողմից՝ ակներեւ էր եւ մարդու գլուխն էր մտնում անհաղթահարելի համառությամբ, իսկ մյուս կողմից՝ ոչ այլ ինչ էր, քան միապետի նկատմամբ հանցավոր վիրավորանք: Ուստի եւ ամենքը լռում էին: Ինչպես խոստովանել, ինչպես ասել, որ թագավորը եղել է… օ՜ ոչ, երբեք, ոչ մի դեպքում, ավելի լավ է մեռնել… որ թագավորը, օ՜ ոչ, ա՜հ, ոչ, ոչ, օ՜հ… որ թագավորը ծախու արարած է: Ծախու անասուն է թագավորը: Թագավորը կաշառվում է իր անամոթ, անհագ ագահությամբ, թագավորը կաշառվող վաճառական է, որի նմանը պատմությունը չի ճանաչել: Դրամաշորթ, կաշառակեր մարդ է, թագավորը ֆունտով եւ մսխելով էր վաճառում իր իսկ մեծությունը:

Հանկարծ համրորեն բացվեց քանդակազարդ դարպասը եւ դահլիճ մտավ Գնուլ թագավորը, լեյբգվարդիայի գեներալի համազգեստով, թուրը կողքից կախ եւ եռանկյունի մի մեծ գլխարկով: Նախարարները մինչ հատակ խոնարհվեցին միապետին, ով թուրը նետեց սեղանի վրա, իսկ ինքը շրմփոցով փլվեց թիկնաթոռին, եւ ոտքը ոտքին գցեց, խորամանկ փոքր աչքերով զննելով հավաքվածներին:

Նախարարների խորհուրդը նիստում, լոկ հենց միապետի ներկայության շնորհիվ վերածվեց արքայական խորհրդի, եւ արքայական խորհուրդը ձեռնամուխ եղավ թագավորի հայտարարության ունկնդրությանը: Իր հայտարարությամբ թագավորն առաջին հերթին ուրախություն հայտնեց ավագ արքայազնուհու հետ հաջող գործարք կնքելու առթիվ, ինչպես նաեւ այն բանի հանդեպ անհողդողդ հավատ եւ հույս տածելու համար, որ հատկապես իր միապետուհին կկարողանա միապետի դստեր սերը նվաճել, բայց չմոռացավ անմիջապես ընդգծել, թե պատասխանատվության ինչպիսի ծանրագույն բեռ է ընկնում իր ուսերին: Եվ ինչ-որ մի տեսակ անչափ ծախու բան կար թագավորի ձայնի մեջ, եւ խորհուրդը լիակատար լռությամբ ցնցվեց:

– Մենք չենք թաքցնի,- նշեց թագավորը,- որ վաղվա բանկետին մեր մասնակցությունը մեզ համար անչափ ծանր գործ է: Մենք հարկադրված կլինենք կարգին լարվել, որպեսզի ավագ արքայազնուհու վրա հաճելի տպավորություն թողնենք… այդուհանդերձ, հանուն Տերության բարօրության, պատրաստ ենք ամեն ինչի, եւ հատկապես եթե… եթե… հըմ… հըմ…

Թագավորի մատները բազմանշանակ թմբկահարում էին սեղանը, իսկ խոսելաեղանակն ավելի ու ավելի մտերմիկ էր դառնում: Տարակուսանք չէր կարող լինել: Թագակիր կաշառակերը, ոչ ավել, ոչ պակաս, փորձում էր կաշառք պոկել` բանկետին մասնակցելու համար: Թագավորը հանկարծ հենց այնպես սկսեց գանգատվել, որ ծանր ժամանակներ են սկսվել, որ չգիտես էլ, թե ինչպես ծայրը ծայրին հասցնես… որից հետո ցածրաձայն հռհռաց… հռհռաց եւ դավադրաբար աչքով արեց պետական կանցլերին… աչքով արեց եւ դարձյալ ցածրաձայն հռհռաց… հռհռաց եւ մատը բոթեց նրա կողին:

Ծերունին խորագույն, կարծես պաղած լռությամբ նայում էր միապետին, ով քթի տակ ծիծաղում էր, աչքով անում եւ մատը բոթում էր նրա կողին… Իսկ ծերունու լռությունը համալրվում էր դիմանկարների լռությամբ: Թագավորի ցածրաձայն հռհռոցն ընդհատվեց… Եվ այդ պահին անհողդողդ ծերունին խոր գլուխ տվեց թագավորին, իսկ նրանից հետո խոր խոնարհվեցին նախարարների գլուխները, եւ ծալվեցին փոխնախարարների ծնկները: Մեկուսի դահլիճում հանկարծ արված այդ խոր խոնարհման զորությունը զարմանալի էր: Գլուխ տալը խփեց ուղղակի թագավորի կրծքին, ուղղեց վերջավորությունները, թագավորական կերպար հաղորդեց: Խեղճ Գնուլը ճկվում էր եւ սրտակեղեք տնքում քարե պատերի միջեւ, եւ մի անգամ էլ փորձեց քթի տակ ծիծաղել… Բայց ծիծաղը պաղեց նրա շուրթերին: Անհողդողդ լռության անդորրում թագավորը սկսեց երկյուղել… եւ վախենում էր խորհրդից, եւ հենց ինքն իրենից, եւ նրա գեներալական համազգեստ կրող մեջքը թաքնվեց միջանցքի խավարում:

Եվ այդ ժամանակ զարհուրելի եւ ծախու մի ձայն՝ «Ես ձեզ կհատուցեմ, կհատուցեմ, կհատուցեմ ձեզ», հասավ խորհրդի լռությանը:

Թագավորի գնալուց հետո կանցլերն անհապաղ վերսկսեց բանավեճը, եւ վերստին լռությունը պաշարեց խորհուրդը: Լռությունն անդրդվելիորեն կառավարում էր կանցլերը: Նախարարները կանգնում էին ու նստում: Ժամը ժամի ետեւից անցնում էր: Ինչպես վարվել, որ թագավորը, կաշառք տալուց հրաժարվելու համար սաստիկ զայրացած, բանկետի ժամանակ բերանից հանկարծ ինչ-որ անվայելուչ խոսք չթռցնի: Ինչպես թագավորին պաշտպանել Գնուլից, եւ վերջապես, այս դժբախտ, անպիտան եւ անամոթ թագավորը ինչպիսի տպավորություն կթողնի արքայազնի օտարերկրյա ծայրագույն կնոջ վրա եւ միապետական տան ժառանգորդի վրա, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով հաջողվի խուսափել աղմկոտ վիճաբանությունից: Ահա հարցեր, որոնք խորհուրդը չէր կարող իր գիտակցությանը հասցնել, որոնք ինքը ջղաձգվելով հեռու էր վանում: Սակայն, երբ առավոտյան ժամը չորսին խորհուրդը միաձայն հրաժարական տվեց, պետական նավի նավապետը դրան ուշադրություն չդարձրեց, փոխարենը նշանակալի խոսքեր ասաց.

– Պարոնայք, թագավորին պետք է բռնի կերպով վերադարձնել թագավորին, հարկավոր է թագավորին բանտարկել թագավորի մեջ, թագավորին պետք է թաքցնել թագավորի մեջ:

Իրոք, միայն ահաբեկչությամբ, միայն չափազանցության աստիճանի ուժեղացված մեծաշուքության ճնշման, պատմության փայլի եւ արարողության միջոցով դեռեւս հնարավոր կլինի Տերությունը փրկել վարկաբեկությունից: Նմանօրինակ ոգով կանցլերը կարգադրություն արեց, եւ այդ պատճառով բանկետը, որ հաջորդ օրը կազմակերպվեց հայելապատ դահլիճում, շողշողում էր, փայլում ու կայծկլտում: Պերճանքից պերճանք էր սերում, փայլից` փայլ, շողանքից` շողանք, եւ բանկետը զանգերի ղողանջով հասնում էր բարձրագույն եւ, պետք է ենթադրել, շքեղության վերերկրային ոլորտները: Արքայազնի ծայրագույն կին Ռենատան, ում դահլիճ բերեց գլխավոր արարողապետը, եւ ծայրագույն մարշալը կկոցեց աչքերը, փոքր-ինչ կորացած այդ ծայրագույն բանկետի հպարտ ու հնավանդ փայլատակումից: Վաղուց պատմության սեփականությունը դարձած զորություն կրող անունները ճնշում էին հոգեւորականության սրբազան լուսապսակը եւ, վերջինս, ասես հարբած, գլորվում էր դեպի հարգարժան, թառամող զգեստաբացվածքների ճերմակությունը, որոնք թալկտելով թաղվում էին գեներալների ուսադիրներում եւ դեսպանների լանջաժապավեններում, իսկ հայելիներն անհամրելիորեն բազմապատկում էին այդ հոյակապությունը: Խոսակցությունների աղմուկն ընկղմվում էր օծանելիքի բույրերի մեջ, երբ Գնուլ թագավորը դահլիճ մտավ եւ փայլատակումից կուրացած կկոցեց աչքերը, ողջույնի դղրդալի գոչյունը նրան իսկույն սեղմեց մամլակի մեջ, իսկ ժողովվածների խոր գլուխ տալը բացականչությունից խուսափելու հնարավորություն չտվեց, իսկ գոյացած զորաշարերը ստիպեցին ուղղվել դեպի արքայազնի ծայրագույն կինը, ով պատառոտելով իր զգեստի բացվածքները, հրաժարվում էր իր աչքերին հավատալուց: Մի՞թե իր առջեւ կանգնած է թագավորն ու իր ապագա ամուսինը` գործակատարի արտաքինով եւ մանր կրպակատիրոջ ու գաղտնի կաշառակերի խորամանկ հայացքով, այդ գռեհիկ վաճառականիկը: Սակայն, օ՜ հրաշք, մի՞թե այդ նա էր շքեղաշուք թագավորը, ով իրեն էր մոտենում ընդհանուր ողջույնի կանգնած զորաշարի միջով, երբ թագավորը նրա ձեռքը բռնեց, նա զզվանքից սարսռաց, բայց նույն վայրկյանին հրանոթների որոտը եւ զանգերի ղողանջը նրա կրծքից հիացական հառաչանք փրցրեցին: Կանցլերը նույնպես թեթեւացած հառաչեց եւ նրա հառաչը կրկնվեց ու բազմապատկվեց խորհրդի հառաչանքով:

Իր արքայական սուրբ եւ բնազանցական ձեռքի ափը դնելով թրակոթին, թագավորը մյուս ամենիշխան եւ հրաշագործ ձեռքի ափը երկարեց արքայազնի ծայրագույն կնոջը` Ռենատային, եւ նրան ուղեկցեց դեպի խրախճանքի սեղանը: Ոտքերի թաքստոցից եւ ուսադիրների եւ ուսակապերի փայլատակումներից հետո հյուրերն ուղեկցեցին իրենց տիկնանց:

Սակայն այդ ինչ է: Այդ ինչ ցածր, նվաղող, կոտորակվող ձայն է, որը հասավ կանցլերի ականջներին, ինչպես նաեւ խորհրդի ունկին: Լսողությունն իրենց չի՞ խաբում, արդյոք իրո՞ք հնչեց մի այնպիսի ձայն, որ ասես ինչ-որ մեկը, կողմ քաշված, մետաղադրամներ էր ծնգծնգացնում, պղնձադրամներ էր չխկչխկացնում գրպանում: Այդ ի՞նչ կարող էր լինել: Պատմական ծերունու խստաշունչ, սառը հայացքն արագ տնտղեց ներկաներին եւ ի վերջո խարսխվեց դեսպաններից մեկի վրա: Դեսպանի դեմքին ոչ մի մկան չշարժվեց, թշնամական տերության դեսպանը, հազիվ նկատելի հեգնական քմծիծաղն իր բարակ շուրթերին, դեպի սեղանն էր առաջնորդում իշխանուհի Վիզանտիային` մարկիզ Ֆրյոլի դստերը: Սակայն կրկին լսվեց դավաճանական, մեղմ, բայց չափազանց վտանգավոր ձայնը… եւ դավաճանության, ստոր դավաճանության կանխազգացումը, նենգ, գաղտնի դավադրության կանխազգացումը գաղտագողի մտավ մեծ քաղաքագետի պատմական հոգու մեջ: Մի՞թե դավադրություն է: Մի՞թե դավաճանություն է:

Շեփորների կրկնականչն ազդարարեց խնջույքի սկիզբը: Ենթարկվելով անվերապահ հրամանին՝ Գնուլն իր շատ հասարակ հետույքը զետեղեց թագավորական նստատեղի եզրին, եւ հենց որ նա նստեց, սկսեց նստել ողջ հասարակությունը: Նստում, նստում, նստում էին նախարարները եւ գեներալները, պալատականները եւ եկեղեցու հայրերը: Թագավորն իր ձեռքի ափը ձգեց դեպի պատառաքաղը, վերցրեց պատառաքաղը, խորովածի մի կտոր տարավ բերանը, եւ նույն պահին պալատականները, գեներալիտետն ու հոգեւորականությունը պատառներ տարան դեպի իրենց բերանները, իսկ հայելին այդ գործողությունը կրկնում էր անթիվ-անհամար անգամ: Գնուլը սարսափած դադարեց ուտել, բայց այդ ժամանակ հավաքվածներն էլ, մեկ մարդու պես, նույնպես դադարեցին ուտել եւ չուտելու գործողության զորությունը գերազանցեց նույնիսկ ուտելու գործողությանը: Այնժամ Գնուլը դրան հնարավորինս արագ վերջ տալու համար շուրթերին մոտեցրեց գավաթը, եւ ամենքը գավաթներն իսկույն շուրթերին մոտեցրին` բարձրաձայն, հազարապատիկ բաժակաճառով, որը թնդաց ու կախվեց օդում… մինչեւ որ Գնուլը գավաթը հապշտապ չհեռացրեց շրթունքներից: Բայց նույն պահին նրանք էլ գավաթները հեռացրին: Գավաթը դարձյալ լիզելով կպցրեց շուրթերին: Վերստին թնդաց բաժակաճառը: Գնուլը հեռացրեց գավաթը, բայց տեսնելով, որ բոլորն էլ նույնն են անում, նորից բարձրացրեց իր գավաթը, եւ հասարակությունը գավաթները բարձրացնելով, թագավորի ումպը դեպի լեռնային բարձունքները հասցրեց շեփորների որոտաձայն երգի, հնամենի հայելիների անդրադարձով բյուրապատիկ բազմապատկված ճյուղավոր աշտանակների փայկտումների ներքո: Վախեցած թագավորը դարձյալ մի կում արեց:

Եվ դավաճանական ձայնը, կամաց, հազիվ լսելի զնգոցը, գրպանի մանրադրամին բնորոշ զնգզնգոցը, մի անգամ էլ հասավ կանցլերի եւ խորհրդի ունկին: Հարգարժան ծերունին խորաթափանց եւ մեռյալ հայացքը դարձյալ հառեց թշնամական դեսպանի շաբլոն կերպարանքի վրա, եւ դարձյալ էլ ավելի պարզորոշ հնչեց դավաճանական ձայնը: Հիմա արդեն կասկած չկար, որ ինչ-որ մեկը շահագրգռված թագավորին ու բանկետը վարկաբեկելով, այ, այսպիսի անօրինական միջոցով փորձում է գայթակղեցնել միապետի ցավալի ագահությունը: Դավաճանական զնգզնգոցը հնչեց մի անգամ էլ եւ այնքան հստակորեն, որ Գնուլը լռեց եւ բաղձանքի օձը սողաց դեպի նրա հնավաճառի գռեհիկ մռութը:

Խայտառակություն: Զարհուրանք: Այնքան մերկորեն ստոր էր թագավորի հոգին, այնքան ճղճիմորեն սահմանափակ, որ նա ոչ թե մեծ գումարների մարմաջ ուներ, ոչ` հենց փոքր, մանրադրամային գումարները կարող էին նրան սանդարամետի հենց ամենատակը նետել: Օ՜, այո, արտասովոր դիպվածի հրեշավորությունն այն էր, որ նույնիսկ կաշառքները թագավորին ավելի քիչ էին հրապուրում, քան թեյավարձը, թեյավարձը նրա համար ասես ուրիշի բոքոն լիներ: Ողջ դահլիճը քարացավ համր սպասման մեջ: Լսելով ծանոթ, քաղցրավուն հնչյունը, Գնուլ թագավորը կողմ դրեց գավաթը եւ, մոռանալով աշխարհում ամեն ինչ, իր անսահման տխմարությունից դրդված, աննկատ լիզեց իր շրթունքները: Աննկատ: Այդպես թվաց նրան: Թագավորի լիզելը ռումբի նման պայթեց ամոթից շառագունած ողջ բանկետի աչքի առաջ:

Արքայազնի ծայրագույն կին Ռենատա Ադելաիդան նողկանքի ճնշված բացականչություն արձակեց: Կառավարության, պալատի, գեներալիտետի եւ հոգեւորականության հայացքները դարձան դեպի ծերունին, ով երկար տարիներ կառավարման սանձերն իր խոնջացած ձեռքերի մեջ էր պահում: Ի՞նչ անել: Ինչպե՞ս վարվել:

Եվ այդժամ ամենքը տեսան, թե ինչպես պատմական այրի սփրթնած շրթունքներից հերոսաբար, դանդաղ դուրս է սողում ծերունու նեղ լեզուն: Կանցլերն իր շուրթերը լիզեց: Լիզեց թագավորից հետո առաջին մարդը պետությունում:

Խորհուրդը եւս մեկ րոպե պայքարում էր քարացածության դեմ, բայց հետզհետե սկսեցին դուրս սողալ նախարարների լեզուները, իսկ այնուհետեւ եպիսկոպոսների լեզուները, դքսուհիների եւ մարկիզուհիների լեզուները, եւ բոլորը, սեղանի մի ծայրից մյուսը, իրենց շուրթերը լիզեցին բյուրեղապակյա խորհրդավոր փայլկտումների ներքո, իսկ հայելիներն այդ գործողությունը կրկնեցին անթիվ-անհամար անգամ, թաղելով այն հայելային հետապատկերներում:

Այդժամ գազազած թագավորը, տեսնելով, որ ինքն իրեն ոչինչ չի կարող թույլ տալ, քանի որ իր յուրաքանչյուր գործողությունը կրկնվելու է, սեղանը շեշտակիորեն դեն հրեց ու կանգնեց: Սակայն վեր կացավ նաեւ կանցլերը: Իսկ նրանից հետո ոտքի ելան բոլորը:

Այո, կանցլերն այլեւս չէր տատանվում: Նա արդեն որոշում էր ընդունել, եւ նրա չտեսնված համարձակությունը ջարդուփշուր էր անում վարվելակարգը: Հասկանալով, որ հիմա այլեւս անհնար է Ռենատայից թաքցնել թագավորի իսկական էությունը, կանցլերը որոշեց բանկետը բացահայտորեն ի մարտ նետել հանուն Տերության արժանապատվության: Այո, այլ ելք չկար: Բանկետը պետք է ամենայն անաչառությամբ կրկներ ոչ միայն թագավորի այն գործողությունները, որոնք արժանի էին կրկնության, այլեւ նրանք, որոնք պատշաճ չէին կրկնելու համար: Միայն այդ եղանակով հնարավոր կլիներ այդ արարքները դարձնել ծայրագույն արարքներ, եւ թագավորի անձի նկատմամբ բռնության գործադրումն անհրաժեշտություն դարձավ: Ուստի, երբ սաստիկ բարկացած Գնուլը բռունցքը թափով խփեց սեղանին, կտոր-կտոր անելով բոլոր պնակները, կանցլերը, փոքր-ինչ շփոթված, նույնպես երկու պնակ ջարդեց, եւ երկուական պնակ ջարդեցին բոլոր սեղանակիցները, ասես ի փառս Աստծո, իսկ շեփորները երգեցին: Բանկետը հաղթում էր թագավորին: Թագավորը թալկացած նստեց ու շարունակում էր մկան պես նայել, իսկ բանկետը շունչը պահած, հենց միայն սպասում էր նրա փոքրագույն շարժմանը: Ինչ-որ անհավատալի, աներեւակայելի բան էր ծնվում ու մահանում ընդմիջված խրախճանքի մթնոլորտում:

Թագավորը թափով ելավ սեղանի գլխավերեւում գտնվող իր տեղից: Բանկետը նույնպես թափով ելավ: Թագավորը մի քանի քայլ արեց: Բարձրաստիճան հյուրերը նույնն արեցին: Թագավորը սկսեց աննպատակ շրջել դահլիճում: Հյուրերը նույնպես սկսեցին պտտվել: Եվ պտույտ, իր միալար եւ անվերջանալի շարժման մեջ հասավ գերպտույտի այնպիսի բարձունքների, որ Գնուլը, հանկարծակի գլխապտույտից շշմած, մռնչաց, արյունալի աչքերով նետվեց դեպի արքայազնի ծայրագույն կինը, եւ, չիմանալով ինչ անել, սկսեց կամաց-կամաց խեղդել նրան ողջ պալատականների աչքի առաջ:

Ոչ մի վայրկյան չտատանվելով՝ պետական նավի նավապետը նետվեց դեպի առաջին իսկ իրեն հանդիպած կնոջ վրա եւ սկսեց խեղդել, մյուս հյուրերը հետեւեցին նրա օրինակին` գերխեղդումը կրկնվում էր բազում հայելիներով, որը հորդում էր նրանց անվերջանալի խորություններից եւ խորանում էր, խորանում, աճում, մինչեւ որ ի չիք դարձավ կանանց հոգիներից փրցրած վերջին խռխռոցով: Այդպես բանկետը կտրեց վերջին թելերը, որոնք իրեն կապում էին կանոնավոր աշխարհին, եւ անձնատուր եղավ զանազան մոլորությունների:

Արքայազնի ծայրագույն կինը անշնչացած գետնին փռվեց: Վայր ընկան խեղդված կանայք: Եվ անշարժությունը, անճոռնի անշարժությունը հայելիներով բազմապատկված, քարացած, սկսեց աճել ու աճել: Եվ աճում էր: Աճում էր, ասես թթխմոր դրված: Եվ ամրանում էր, ամրանում էր անդորրի օվկանոսներում, լռության անսահմանության մեջ, եւ տարածության վրա իշխում էր հենց գերանշարժությունը, որը, իջնելով, տիրում էր ու իշխում… եւ նրա տիրապետությունն անսահման էր:

Այդժամ թագավորը փախուստի դիմեց:

Ձեռքերը թափահարելով, Գնուլը խուճապահար սարսափով խփեց իր ազդրերին եւ երկար չմտածելով՝ ճողոպրեց, նետվեց դեպի դուռը, միայն թե հեռու լիներ այդ գերմիապետուհուց: Հավաքվածները տեսան, որ թագավորը ճողոպրելու է, մի րոպե էլ եւ թագավորը կծլկի: Եվ նայում էին քարացած, քանի որ անհնար էր թագավորին կանգնեցնել: Ո՞վ կհամարձակվի ուժ գործադրելով կանգնեցնել միապետին:

– Նրա հետեւից,- մռնչաց ծերունին,- նրա հետեւից:

Գիշերվա զով շունչը հովհարեց ազնվազարմ անձանց այտերը, երբ նրանք վազեցին դեպի դղյակի առջեւի հրապարակը: Թագավորը վազում էր փողոցի մեջտեղով, իսկ հետեւից, նրանից մի երկու տասնյակ քայլ հեռու, սուրում էր կանցլերը, սուրում էր բանկետն ու պարահանդեսը: Հնավանդ գերքաղաքագետի գերհանճարը կրկին դրսեւորվեց իր ողջ գերզորությամբ: Թագավորի ամոթալի փախուստը գրոհի է վերածվում, եւ արդեն հայտնի չէ, թե թագավո՞րն է ծլկում արդյոք, թե՞ թագավորը բանկետի առաջն անցած դեպ տարածություն է սուրում: Օ՜ անզուսպ թռչող, վազքի ժամանակ խշխշացող դեսպանների ժապավեններ ու տարբերանշաններ, եպիսկոպոսների փարաջաներ, նախարարական ֆրակներ եւ պարահանդեսային շորեր, օ՜, մեծամեծ անձանց քայլքը, գերքայլքը: Հասարակ ժողովրդի աչքերը երբեք այդօրինակ բան չէին տեսել: Մագնատները, վիթխարի հողատարածությունների տերերը, շատ նշանավոր ցեղերի հետնորդները կողք կողքի վազում էին Գլխավոր շտաբի տղաների հետ, որի քառարշավը միանում էր ամենակարող նախարարների քառարշավին, մարշալների, սենեկապետների շորորավարգին, եւ վախվորած կրակ էին կտրել չքնաղագեղ պալատական կանանց հետ: Օ՜, մարշալների սրարշավ, գերարշավ, նախարարների քառարշավ, դեսպանների մանրավազք՝ գիշերվա աղջամուղջում, լապտերների լույսի ներքո, երկնակամարի տակ: Թնդագին հրանոթները պալատում:

– Առաջ,- բացականչեց նա,- առաջ:

Եվ գլխավորելով իր գերզինվորականության գերգրոհը, Գերմիապետը մխրճվեց գիշերվա խավարի մեջ:

Չեսլավ Միլոշ. «Ո՞վ է Գոմբրովիչը»
(հատվածներ)

Մարգարեն

Արտահայտիչ, սակայն անհրապույր պատկեր հառնեց մեր հայացքի առաջ Գոմբրովիչի վախճանից հետո: Ամենազոր տափակ Ֆորման երկինք հանեց նրա անկերպարան մնացորդները, պտտացրեց եւ հեռու տարավ` այնտեղ, ուր բնակվում են վաղեմի ժամանակների հանճարները: Եթե ես իմ նույնպիսի քնարական մահազդով աջակցել եմ դրան, իմ պարտքն է՝ որքան հնարավոր է շուտ ընդվզել Ֆորմայի ճնշման դեմ: Կենաց օրոք` խեղկատակ, մահվանից հետո նա դարձավ արքա-ուրվական (քանզի արքա-ուրվականների պահանջարկը վիթխարի է): Կենաց օրոք` խենթ, ամբարտավան, սնոբ, բռի, մահվանից հետո նա այդուհանդերձ դարձավ խորի խմբավար պրոֆեսոր Պիմկոյի («Ֆերդիդուրկա» վեպի հերոսներից մեկը) կուռքը, ով ազդարարում է` «Ինչո՞ւ մենք պետք է սիրենք Վիտոլդ Գոմբրովիչին: Այն բանի համար, որ նա մարգարե էր: Այդ՝ ժամանակին Գոմբրովիչի ծաղրանքին արժանացած մարգարեախաղը փաթաթում է իր անփոփոխ, դադեդար կարգված կանոնները: Դե ոնց որ թե մարդն իր մահից հետո երեւելի ստեղծագործություններ է թողել, էլ ի՞նչ: Դե ինչ եք ասում: Մարգարեն պիտի լինի պայծառ, վսեմ, հերոսական անձ, իսկ եթե կենաց օրոք նա փոքր-ինչ կուզիկ է եղել, նրանք, որ նրա արձանն են քանդակում, դա հմտորեն կծածկեն: Իսկ նրանք, որ իրենց թույլ են տալիս կասկածի տակ դնել գրողի մարգարեական դերը, հետաքրքրվում են ոչ թե նրա ստեղծագործությամբ, այլ կենսագրության մանրամասներով…

Հարգանքն առ Գոմբրովիչը, առ նրա ոգու մեծ խիզախությունը մեզ հրահանգում է գրողին ազատել այդ խղճուկ ետմահու քաշքշուկից: Բավ է հիշել, թե որքան հուզիչ, հանդուգն, անիմանալի էր ողջ նրա գրածը, թե որքան անլուծելի հանելուկներ է նա թողել եւ որքան քիչ բրոնզ պահ տվել հուշարձանի համար, չէ՞ որ Գոմբրովիչը բազմիցս բացեիբաց հայտարարել է, որ կառույց է բարձրացնում իր թուլության հիմքի վրա: Ով գիտե, ավելի լավ չէ՞ արդյոք երբեմն լինել նրանց կողմից, ով երբեք չի թաքցրել, որ Գոմբրովիչին չի հասկանում, քան հասկացողների կողմից, որ պնդում են, թե ամեն ինչ նրա ստեղծագործության մեջ նրանց համար հասկանալի է: Քանզի Գոմբրովիչը հպվել է այն բաներին, որոնց մենք ընթացիկ հարյուրամյակում, իսկ գուցե, բոլոր ժամանակներում, հասու չենք լինելու…

20-րդ դարը հաստատում է Գոմբրովիչի ճշմարտացիությունը: Ոչինչ այնքան չի ճնշում, ինչպես մարդկանց ինքնախաբեությունը, որոնց թվում է, որ, տրվելով հոտայնության զգացողությանը եւ վարակվելով ամբոխի մոլագարությամբ, իրենք հետեւում են սեփական հակումներին, որոնք ծնվում են իրենց իսկ «եսի» խորքերում, իսկ իրականում նրանց հիրավի կախվածությունը պրոպագանդայից եւ գովազդից դժվար չէր լինի հաշվարկել կատարելագործված համակարգիչների օգնությամբ: Համակենտրոնացման ճամբարը, մարդկության այդ ծաղկաքաղը, դարձել է մեր հիասքանչ դարաշրջանի նմուշօրինակն ու արդարացումը…

Առանց հպման

20-րդ դարում Գոմբրովիչի ստեղծագործությունը բացառիկ երեւույթ է, քանի որ այնտեղ չկա սեռական ակտի եւ ոչ մի նկարագրություն: Դրա բացատրությունը` գրողի նրբին, դասական ճաշակն է եւ քամահրանքը մոդայի հանդեպ: Ասենք, որ այնտեղ չկա նաեւ հպման եւ ոչ մի հիշատակություն: Մարդը հպվում է մարդուն, որպեսզի իշխանությամբ սնվի, իսկ այլոց զրկի դրանից (մատով «կպչել», սուրը «խրել», մատանիները «մտցնել» վերքի մեջ, դանակը կոխել): Այն մասին, որ «հպում զգա», երազում է Ալբերտինկան «Օպերետայում», բայց նրան դիպչում է միայն գրպանահատը, որ հասնում է նրա քսակին: Այդպես եւ միայն այդպես, ամբոխի մեջ խցկված մարդիկ շփման մեջ չեն մտնում, իսկ եթե շփվում էլ են, ապա հանուն իշխելու, մեն միայն իշխելու համար: Ի դեպ, դա վերաբերում է թե նրանց մարմիններին, եւ թե հոգիներին: Կարճ ասած, Գոմբրովիչը, ով կասկածում է այն բանում, որ բացի մեր գիտակցության վկայություններից՝ գոյություն ունեն այլ վկայություններ, վստահ էր միայն մի բանում` ցավի հարցում, եւ այդ ուրիշի ցավը աշխարհին իրականություն էր հաղորդում: Ինչ մխիթարանք, ինչ բերկրանք սպասի ցավի մեջ ներփակված մարդը, եթե նրա մերձավորները կամ իշխում են նրա վրա, կամ էլ թույլատրում են իշխել իրենց, իսկ հանդիպումն այդպես էլ չի կայանում: Եվ այսպիսով` վեպի կամ պիեսի ողջ գործողության ընթացքում ոչ հերոսների միջեւ, ոչ հերոսների եւ հեղինակի միջեւ հանդիպումը չի կայանում:

Ամենայն ինչ քո գիտակցության մեջ է

Հարցերին պատասխան տալը գրականության գործը չէ, բավ է այն, որ նա դրանք առաջադրում է: Դա հասկանալի է: Բայց պատասխանը փնտրում է հեղինակը, եթե չփնտրեր, չէին լինի նաեւ հարցերը, պատասխան է փնտրում նաեւ ընթերցողը: Նրանց միջեւ գիրքն է` որպես իրեղեն ապացույց: Գոմբրովիչի ծաղրա-քարոզչական ավյունը, որ հաճախ էր հանդես գալիս ուսուցչի դերում, ում հարկ է կարեւոր ճշմարտություններ ազդարարել, ստիպում է մեզ ունկ դնել նրա խոսքերին: Գրողներից Գոմբրովիչն ամենից հաճախ հիշատակում էր Շեքսպիրին եւ Դոստոեւսկուն: Եվ ես շատ ափսոսում եմ, որ նրա հետ չեմ խոսել Դոստոեւսկու մասին եւ արդեն չեմ իմանա, թե ինչ նա կպատասխաներ այն բանին, որ նրա գրելաեղանակը, ինչպես եւ գլխավոր թեման, շատ հիշեցնում են «Գրառումներ ընդհատակից» երկը: Դոստոեւսկու հերոսը ընդվզում է մարդկային «ճիշտ» արարքներից, նպատակներից իր կախվածության դեմ, որոնք հակասում են իր իսկ կամքին: Նա գերադասում է տրորված մարդու չքավորությունը, բայց այդժամ թող որ դա լինի լիովին իրեն գիտակցող չքավորություն: Ընդ որում, ավելի ու ավելի խոր գիտակցող, որի հետեւանքով սոսկ ավելի պարզ է դառնում հերոսի անհուսալի կախվածությունն այլ մարդկանցից (իսկ նա հատկապես դրա դեմ էլ ընդվզում է) եւ, մասնավորապես, ընթերցողից, ում նա նախատում է, ում հետ պահմտոցի է խաղում, ում առաջ հոխորտում է: «Գրառումներ ընդհատակից» երկը, որտեղ նկարագրվում է հերոսի խենթացած էգոն («եսը»), դառնում է ապացույց հակառակ ծայրից, դա redutiodabsurdum է (անհեթեթության հասցնելն է): Դոստոեւսկու համար դա վանական Զոսիմայի եւ Ալյոշա Կարամազովի կերպարներին հասնելու փուլերից մեկն էր:

Սակայն հնարավոր է նաեւ հարցի այլ լուծում` ստեղծագործական ակտը: Գոմբրովիչ-արարիչը հանդես է գալիս որպես առավել հզոր գիտակցության կրող, ինչպես յուրատեսակ «Գեր-Ֆրեդերիկ», որ կազմակերպում է իր ստեղծագործությունների ներկայացումները` իր «դիվային մեքենաների»: Անշուշտ, հաջող ներկայացումներ: Դրանք նրան առաջ էին մղում՝ հանց ուղեցույց աստղ, եւ արարում էին հենց իրեն, այնպես որ, կյանքի վերջում նա դարձել էր իր տարածքի լիիրավ տերը: Չեմ կարող դատել, թե արդյո՞ք արվեստը «փրկում է»: Դրա դեմ շատ բան է վկայում, հատկապես մեր ժամանակներում, երբ հենց արվեստ հասկացությունը քայքայման է ենթարկվում: Ինչ էլ որ լինի, նրա փրկարար հզորությունը դրսեւորվում է լոկ այն ժամանակ, երբ այն ինքնաբավ է, ինչը, ի դեպ ասած, հիանալիորեն գիտեր Գոմբրովիչը: «Գրականությունը, որը բարեբախտաբար, զուտ արվեստ չէ, եւ որը, բարեբախտաբար, ավելին է, քան արվեստը…»,- նկատում է նա Դոմենիկ դե Ռուի հետ զրույցներում: