Վանաձորում նախընտրական ասֆալտապատումներ են սկսվել: Անհիշելի ժամանակներից ասֆալտի երես չտեսած Լազյան, Տերյան փողոցները, «Լաչինի միջանցք» կոչվող քարուքանդ նրբանցքի վերնամասը, որտեղից սկսվում է բացօթյա առեւտրի շուկան, կարկատանային նորոգումների են ենթարկվում:
Խանութների ու սրահների լուսամուտները «հեղեղվել» են ավագանիների լուսանկարներով, որոնց կազմը բավական խայտաբղետ է՝ սկսած բժիշկներից, վերջացրած՝ «խոպանչիների» միության անդամներով: Ի տարբերություն քաղաքապետի թեկնածուների, ավագանիների թեկնածուների մրցակցային պայքարը սահմանափակվում է միմյանց բուկլետներ պատռելով: Ավագանիներից 2-ը նույնիսկ ինքնաբացարկ հայտնեցին՝ «ալարելով» գնալ մինչեւ վերջ, եւ ընդհանուր թիվը դարձավ 40՝ 15 տեղի համար:
«Ես ահաբեկող չեմ: Երբեք ոչ մեկի չեմ ահաբեկել»,- Վանաձորի Պետական մանկավարժական ինստիտուտում կոլեկտիվի հետ իր եւ քաղաքապետի հանդիպման ժամանակ այնպիսի «անմեղ» տեսքով հայտարարեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը (հանրապետական թերթերից մեկում տպագրված «Ահաբեկչական քարոզարշավ» հոդվածի առնչությամբ), որ քիչ էր մնում հավատայինք նրա «անկեղծությանը», եթե չլիներ քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանի հայտարարությունը դրանից մի քանի օր անց մարզպետի նախաձեռնությամբ իր բնակարան 7 ոստիկանների այցելության մասին:
Չնայած Վանաձորի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը պարբերաբար հայտարարում է, թե իրենք չեն խախտում օրենքը, սակայն փաստերը հակառակն են ապացուցում: Ահավասիկ, Ուսուցչի օրվա հանդիսության ժամանակ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանը նվերներ է հանձնում ուսուցիչներին (նշենք, որ «Ընտրական օրենսգրքի» թիվ 4 գլխի 18-րդ հոդվածը նշում է, որ թեկնածուներին արգելվում է քարոզչության ժամանակ քաղաքացիներին դրամ, սննդամթերք կամ այլ ապրանքներ հատկացնել): Հատկանշական է, որ քաղաքապետի այս եւ այլ կարգի խախտումների առթիվ ընտրատարածքային հանձնաժողովին բողոք է ներկայացվել միայն քաղաքապետի թեկնածու Գագիկ Հովսեփյանի նախընտրական շտաբի կողմից, մինչդեռ քաղաքապետի 3-րդ թեկնածուն՝ Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, այդ առթիվ բողոք չի ներկայացրել:
Ընտրությունների ելքը կախված է ոչ այնքան կուսակցությունների դիրքորոշումից, որքան նրանց անդամների զբաղեցրած դիրքից. տվյալ կուսակցության անդամը մարզպետից ու քաղաքապետից կախում ունեցո՞ղ անձ է, թե՞ անկախ է: Այս առումով «բանակներ» են առաջացել ԱԻՄ, ՀՅԴ, «Ազգային Միաբանություն», «Ժառանգություն» կուսակցություններում: Բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Վանաձորի մանկավարժական ինստիտուտում: Ռեկտորը, ով նույն բուհում դասախոսող մարզպետի ցուցումով հարկադրված է պաշտպանական ելույթներ կազմակերպել քաղաքապետի թեկնածու եւ գործող քաղաքապետ Ս. Դարբինյանի օգտին, մյուս կողմից` անելանելի վիճակում է այն պատճառով, որ Դարբինյանի մրցակից Գագիկ Հովսեփյանին պաշտպանում է ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ով նույնպես այս բուհում է դասախոսում եւ, որպես պատգամավոր, որոշակի դերակատարում ունի 67-ն անց ռեկտորին կենսաթոշակի չուղարկելու հարցում: