Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընտանիքի հետ կիրակի օրը անակնկալ արձակուրդի է մեկնել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքական մամուլի տեղեկացմամբ` Էրդողանն արձակուրդի է մեկնել բացարձակ գաղտնիության պայմաններում: Նախքան մեկնելը Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը ժամանել է կառավարության շենք, եւ մամուլի համար տեղեկություն է տարածվել, թե Էրդողանն իր աշխատասենյակում դռնփակ հանդիպումներ է անցկացնում: ԶԼՄ-ների ներկայացուցիչները մինչեւ երեկո կառավարության շենքի դիմաց սպասել են Թուրքիայի վարչապետին, այնինչ այդ ընթացքում Էրդողանը ոչ թե կառավարության շենքում էր, այլ` արձակուրդի մեջ: Թայիբ Էրդողանն իր ընտանիքի հետ հանգստանալու է մինչեւ այս ուրբաթ: Իսկ թե ներկա պահին որտեղ է գտնվում Թուրքիայի վարչապետը, ոչինչ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Էրդողանն արդեն երկրորդ անգամ է գաղտնիության պայմաններում արձակուրդ գնում: Հուլիսի սկզբին չեղյալ հայտարարելով շաբաթվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը` Էրդողանն ընտանիքի հետ անակնկալ մեկնել էր հանգստի: Իսկ անցած ամիս իսրայելական Maariv պարբերականը գրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը տառապում է էպիլեպսիայով` նշելով, որ հուլիսի սկզբին նա արձակուրդի էր գնացել ոչ թե հանգստանալու, այլ բուժման նպատակով: Իսրայելական պարբերականը, վկայակոչելով թուրքական ընդդիմադիր աղբյուրները, գրել էր. «Թուրք ընդդիմադիրները վերջին օրերին հանդիպել են արեւմտյան դիվանագետների հետ եւ նրանց տեղեկացրել Էրդողանի առողջական խնդիրների մասին»: