ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցը: Երեքշաբթի օրը տեղի ունեցած քվեարկության ժամանակ, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, Բրայզայի թեկնածությանը դեմ են արտահայտվել միայն հայամետ երկու սենատորներ` Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը: Վերջինս նշել է, որ գնահատում է Բրայզայի երկարատեւ դիվանագիտական գործունեությունը, այդուամենայնիվ, դեմ է արտահայտվում նրա թեկնածությանը, քանի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահը «ցույց չի տվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիային դիմակայելու կարողություն կամ ցանկություն»:
Բրայզայի թեկնածությանը դեմ արտահայտված երկրորդ սենատորը` Ռոբերտ Մենենդեսը, քննադատել է դիվանագետին` Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը անուշադրության մատնելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու համար: «Բրայզան շատ սերտ կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ ես լուրջ վերապահումներ ունեմ` արդյո՞ք նա կարող է լինել Միացյալ Նահանգների անաչառ ներկայացուցիչը Ադրբեջանում»,- հայտարարել է հայամետ սենատորը:
Չնայած հայամետ սենատորների բարձրաձայնած մտահոգություններին` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մյուս 17 անդամները կողմ են քվեարկել Բրայզայի թեկնածությանը։ Այնուամենայնիվ, Բոքսերի կողմից Բրայզայի թեկնածության արգելափակումը նշանակում է, որ Սենատը լիագումար նիստում չի կարող քննարկել եւ քվեարկել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նրա նշանակման հարցը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, երախտագիտություն հայտնելով ինչպես Բարբարա Բոքսերին, այնպես էլ Սենատի հանձնաժողովում Բրայզայի հարցով քննարկումների ժամանակ սուր հարցադրումներով աչքի ընկած հայամետ մյուս սենատորին` Ռոբերտ Մենենդեսին, հայտարարել է. «Սենատոր Բոքսերի շնորհիվ Միացյալ Նահանգների դիվանագիտությունը այսօր խուսափեց ձախողումից»: «Լուրջ սխալ կլիներ` ինչպես Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի, այնպես էլ Կովկասում հարատեւ խաղաղության հույսերի առումով, Մեթյու Բրայզային Բաքու ուղարկելը` Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքների լույսի ներքո: Հաշվի առնելով իր գործունեությունը` նա, հստակաբար, կարող էր լինել ոչ այն դիվանագետը, ոչ պատշաճ ժամանակ եւ ոչ պատշաճ պաշտոնում»,- ասել է Համբարյանը: