ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից առաջ ելույթ է ունեցել նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը, ով միայն ելույթի սկզբում է անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Չնայած հարեւան Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավմանն ու մոտ մեկ միլիոն փախստականների եւ ներքին տեղահանվածների առկայությանը, Ադրբեջանի կառավարությունը վերահաստատում է Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրով մինչեւ 2015 թվականը ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ եւ արդյունավետ կերպով իրականացնելու վճռականությունը»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքերով, Ադրբեջանն էական առաջխաղացում է գրանցել աղքատությունը, այդ թվում՝ դրա ծայրահեղ դրսեւորումը վերացնելու գործում: «Աղքատությունն Ադրբեջանում 2005-ին գրանցված 29,3 տոկոսից 2010-ին նվազել է մինչեւ 11 տոկոս»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքերով, գործազրկությունը նույնպես նվազել է` 2005թ. 7,6 տոկոսի համեմատությամբ այն 2009-ին կազմել է 6 տոկոս: Միջոցներ են հատկացվել փախստականների եւ տեղահանվածների կարիքները հոգալու համար: Լայնածավալ ծրագիր է իրականացվել տարրական համընդհանուր կրթությունը բոլորին մատչելի դարձնելու, գենդերային հավասարություն ապահովելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիվանդությունների տարածումը կանխելու ծրագրերին: Խոսելով շրջակա միջավայրի պահպանության մասին, Մամեդյարովը հայտնել է, որ ընթացիկ 2010 թվականն Ադրբեջանում հռչակվել է բնապահպանության տարի: Հատուկ ուշադրություն է հատկացվել կանանց իրավունքներին, նախագահի հրամանագրով ստեղծվել է ընտանիքի, կանանց եւ երեխաների հրավերով պետական կոմիտե: Քայլեր են ձեռնարկվել կրթության եւ աշխատավարձերի հարցերում կանանց իրավահավասարությունը ապահովելու, պետության կառավարման համակարգում նրանց մասնակցության աստիճանը բարձրացնելու համար: Ըստ նրա, պետությունը միջոցներ է հատկացրել մայրական առողջությանը նպաստելու եւ մանկական մահացությունը կրճատելու համար: Չհիշատակելով կոնկրետ անուններ, Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը մշակել եւ իրականացրել է տարածաշրջանային ծրագրեր, որոնք «խթանել են հարեւան որոշ պետությունների զարգացումը»:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաներին, Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը հանդես է եկել «Տրանսեվրասիական տեղեկատվական մայրուղի» ստեղծելու նախաձեռնությամբ, որը կնպաստի տարածաշրջանում ինտերնետի եւ դրա ընձեռած տարաբնույթ հնարավորությունների` օն-լայն առեւտրի, հեռահաղորդակցության զարգացմանը, աղքատության կրճատմանը եւ սոցիալական ներգրավվածությանը: Նշենք, որ ՄԱԿ-ը 2000 թվականին է ընդունել հազարամյակի զարգացման նպատակների հայեցակարգը, որն ուղղված է աղքատության, համաճարակների, մայրական եւ մանկական մահացության նվազեցմանը եւ մարդկության համար հրատապ մի շարք այլ խնդիրների հաղթահարմանը։