«Ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու AGRI նախագիծը, որի իրագործման մասին պայմանագիրն անցած շաբաթ ստորագրեցին Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի եւ Հունգարիայի ղեկավարները, առավելապես քաղաքական, այլ ոչ թե տնտեսական բնույթ ունի»,- նման գնահատական են հրապարակել ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները: Բաքվում ստորագրված պայմանագրի համաձայն` նախատեսվում է ադրբեջանական գազը տեղափոխել Սեւ ծովի վրացական ափ, հատուկ կառուցված գործարանում հեղուկացնել այն, տանկերներով տեղափոխել Ռումինիա, որտեղ էլ կասպիական գազը կբերվի իր բնական վիճակին եւ արդեն գործող խողովակաշարերով կարտահանվի եվրոպական շուկա: «Նախագծի ընդհանուր արժեքը տատանվում է 2-ից մինչեւ 5 միլիարդ դոլարի միջակայքում,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Stratfor-ի փորձագետ Յուջին Չաուսովսկին` ավելացնելով,- Եթե հարցը դիտարկենք տեխնիկական եւ փոխադրումների տեսանկյունից, ապա նախագիծը շատ հավակնոտ է, եթե չասենք` ոչ իրատեսական: Անհրաժեշտ է լինելու հատուկ գործարաններ կառուցել Վրաստանում եւ Ռումինիայում, ինչի հնարավորությունը նախագծի մասնակիցներից եւ ոչ մեկը չունի: Դա նշանակում է, որ հավելյալ ներդրումներ են անհրաժեշտ»:
Ամերիկացի փորձագետի համոզմամբ` AGRI-ն լուրջ մտահոգությունների տեղիք կարող է տալ թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Թուրքիայում: «Նախագծին մասնակցող պետությունները լուրջ խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ: Վրաստանի խնդիրները կապված են Ռուսաստանի աջակցությամբ անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Ռումինիան Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունի` կապված Մոլդովայի հետ, որն այս երկու պետությունների համար յուրատեսակ բուֆերային գոտու է վերածվել: Բաքուն ավելի պրագմատիկ եւ անկախ քաղաքականություն է վարում, սակայն վերջերս Ռուսաստանը ռազմական համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հակառակորդի` Հայաստանի հետ»,- նշել է Չաուսովսկին: AGRI նախագծի հանդեպ թուրքական կողմի դժգոհություններին անդրադառնալով` փորձագետն ասել է. «Թուրքիան հայտարարեց, որ չի աջակցում այս նախագծի իրագործմանը: Բանն այն է, որ թուրքական կողմը կգերադասեր ադրբեջանական գազն այլ ծրագրերում օգտագործել: Խոսքը, մասնավորապես, Nabucco-ի մասին է: Թուրքիան նաեւ շահագրգռված է «Շահ Դենիզ» հանքավայրի գազային պաշարների օգտագործմամբ: Ի վերջո, սակայն, Ադրբեջանը ցանկանում է թե՛ Ռուսաստանին եւ թե՛ Թուրքիային ցույց տալ, որ գազի արտահանման այլ տարբերակներ ունի: AGRI-ի նման էներգետիկ ծրագրերը հավելյալ լծակ կարող են դառնալ Ադրբեջանի ձեռքում»: