Ամերիկյան Վիրջինիա նահանգում վերջին հարյուր տարիների ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկեն մի կնոջ: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թերեզա Լյուիսի բողոքարկման դիմումը, որով նա խնդրում էր հետաձգել իր նկատմամբ մահապատժի իրականացումը: 41-ամյա Լյուիսը սեպտեմբերի 23-ին «Գրինսվիլ» բանտում կենթարկվի մահացու ներարկման: Հայտնի է, որ Վիրջինիայում կինը վերջին անգամ մահապատժի է ենթարկվել 1912թ.:
Թերեզա Լյուիսը դատապարտվել է կրկնակի սպանության համար: Նա 2002թ. վարձել է մարդասպանի, որը սպանել է իր ամուսնուն եւ խորթ որդուն: Դատարանը եզրակացրել էր, որ Լյուիսի նպատակը 250 հազար դոլարին համարժեք ապահովագրություն ստանալն էր: