…ավելի կաթոլիկ

23/09/2010

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը Վատիկանի IOR (Institute for Religious Works) բանկին կասկածել է փողերի լվացման մեջ եւ սառեցրել 23 մլն եվրոն գերազանցող բանկի դրամական միջոցները իտալական այլ ֆինանսական կառույցներում: Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ` Վատիկանի բանկի` այլ բանկերում ունեցած թղթակցային հաշիվներում առկա գումարների սառեցման որոշումն ընդունել է Իտալիայի Կենտրոնական բանկը` հայտնաբերելով երկու կասկածելի փոխանցում: Մասնավորապես, Իտալիայի Կենտրոնական բանկի վերահսկողական կառույցների մոտ կասկած է հարուցել բանկի նախաձեռնությամբ իրականացվող մի գործարք, որով ենթադրվում էր, որ Credito Artigiano բանկի միջոցով զգալի ծավալի հասնող գումար պետք է փոխանցվեր անհայտ շահառուի` JP Morgan Frankfurt եւ Banca del Fucino բանկերում ունեցած հաշիվներին: Նշենք, որ Վատիկանն արդեն իր դժգոհությունն է հայտնել Իտալիայի Կենտրոնական բանկի ձեռնարկած հետաքննության առնչությամբ` հայտարարելով, որ IOR բանկի նախագահ Գոտի Տեդեսկին, ով եւ հայտնվել է բոլոր խոսակցությունների եւ կասկածների կենտրոնում, Վատիկանի համար վստահելի մարդ է: Վատիկանի IOR բանկը հիմնադրվել է 1887 թվականին: Վերլուծաբանների գնահատմամբ` բանկի ակտիվների համախառն ծավալը կազմում է 5 մլրդ դոլար: Հատկանշական է, որ բանկն իր գործունեության ողջ ընթացքում չի հրապարակել ֆինանսական որեւէ հաշվետվություն: