Ո՞վ հաղթեց Աղթամարի քարոզչական պատերազմում` հայե՞րը, թե՞ թուրքերը

23/09/2010

Թուրքիայի կառավարության սպասելիքները չարդարացան. չհաջողվեց աշխարհի չորս կողմից ակնկալվող հազարավոր ուխտավորների բազմություն ապահովել սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե մեկ դար հետո մատուցված առաջին պատարագին: Միայն մի քանի հարյուր հայեր մասնակցեցին այդ արարողությանը` առավելապես Ստամբուլից:

Թուրքիան չարաչար ձախողվեց` փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, թե իբր հանդուրժող եւ բարյացակամ է հայերի նկատմամբ: Ի վերջո, ակնհայտ դարձավ, որ թուրք ղեկավարներն ավելի շատ շահագրգռված էին քաղաքական շոուի կազմակերպմամբ, քան հազարամյա պատմություն ունեցող հայկական սրբավայրում կրոնական արարողության թույլտվությամբ:

Երեք տարի առաջ գրված մի հոդվածում ես քննադատել էի Թուրքիայի կառավարությանը` Սուրբ Խաչ եկեղեցին պետական թանգարանի վերածելու համար: Այդ ժամանակ ես կոչ էի արել թուրքական իշխանություններին, առաջին` խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, երկրորդ` այն դարձնել եկեղեցի եւ ոչ թե թանգարան` թույլատրելով Սուրբ պատարագի կանոնավոր մատուցում, եւ երրորդ` եկեղեցին որպես սեփականություն՝ վերադարձնել Պոլսո Հայոց պատրիարքությանը` Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության ենթակայությանը հանձնելու փոխարեն:

Այս տարվա սկզբին Թուրքիայի կառավարությունը խոստացել էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին եւ թույլ տալ այնտեղ ծառայություններ կատարել սեպտեմբերի 19-ին: Ես կոչ արեցի հայերին չմասնակցել այդ միջոցառմանը, քանզի գիտակցում էի, որ թուրքական իշխանությունների իսկական մտադրությունը կրոնական արարողությունների քողի տակ քաղաքական շոու բեմադրելն էր:

Հայկական շրջանակներում ներքին բուռն բանավեճ ծավալվեց եկեղեցական արարողությունը բոյկոտելու կամ դրան մասնակցելու վերաբերյալ: Թուրքիայի չարամիտ ծրագրերը բացահայտող հոդվածները չկարողացան կարգավորել բանավեճը: Դրությունն էլ ավելի վատթարացավ, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հայտարարեցին, որ մտադիր են ներկայացուցիչներ ուղարկել Աղթամարի եկեղեցի, թեեւ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունը հրաժարվել էր մասնակցել:

Ի վերջո, բախտը ժպտաց, երբ մեզ օգնության հասավ թուրքական կառավարությունը: Նախատեսված արարողությունից մի քանի շաբաթ առաջ թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ անհնար է խոստացված խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին` «տեխնիկական դժվարությունների» անհեթեթ պատճառաբանությամբ:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկընտրանքի առաջ էր կանգնած: Եթե նա թույլ տար խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին, ապա կարժանանար համաշխարհային հանրության գնահատանքին, սակայն վճռորոշ ձայներ կկորցներ սեպտեմբերի 12-ի սահմանադրական բարեփոխումների թեժ հանրաքվեում:

Ի վերջո, խաչը փրկեց կացությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չեղյալ հայտարարեց Աղթամար ներկայացուցիչներ ուղարկելու իր որոշումը: Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հետեւեց Սուրբ Էջմիածնի օրինակին: Տուրիստական գործակալությունները եւս չեղյալ համարեցին Վանա լիճ մեծ թվով հայ ուխտավորներ հասցնելու ձեռնարկած ուղեւորությունները: Արդյունքում, Թուրքիան տանուլ տվեց քարոզարշավը եւ զգալի եկամուտներ կորցրեց:

Սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ վարչապետ Էրդողանի գրասենյակը ներկաների թիվն ավելացնելու նպատակով մի վերջին ճիգ գործադրեց` հրավերներ ուղարկելով hայկական լրատվամիջոցներին` առաջարկելով վճարել նրանց ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում ` ավիատոմսերի, հյուրանոցի եւ սննդի: Նման հրավերներ ստացան եւս հիսուն հայ մեկնաբաններ ու վերլուծաբաններ, սակայն բոլորն էլ հրաժարվեցին գնալ, քանի որ Թուրքիան մերժել էր խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին:

Թուրքերը, անգիտակցաբար, հայերի մեծ մասին ստիպեցին ճիշտ քայլ կատարել եւ չեղյալ համարել Սուրբ Խաչ իրենց այցելությունը: Հետաքրքիր է, որ թուրքական կառավարությունը նույն կերպ վարվեց, երբ հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, դրա շնորհիվ պաշտպանելով Հայաստանի շահերը:

Մինչ հայկական հասարակական, քաղաքացիական խմբերը եւ որոշ կուսակցություններ դեմ էին արտահայտվում Աղթամարի թուրքական ծրագրերին, Հայաստանի կառավարությունը զարմանալիորեն լուռ էր: Թուրքիան, անհայտ պատճառներով, հայ պաշտոնյաներին չհրավիրեց Սուրբ Խաչի արարողությանը: Հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ Անկարայի ամոթալի խաղերն ու ֆուտբոլային դիվանագիտության հետագա տապալումը, թվում է, թե Հայաստանի ղեկավարները այնքան էլ ցանկություն չունեին միանալ թուրքերի մեկ այլ խորամանկ հնարքի:

Ցավոք, Աղթամար գնալու շուրջ վիճաբանություններում հայերը շատ ժամանակ ու եռանդ վատնեցին: Այդ տարաձայնությունները խանգարեցին նրանց բողոքի ցույցեր կազմակերպել խոշոր մայրաքաղաքներում եւ աշխարհին իրազեկել թուրքական երկարամյա գազանությունների, հազարավոր եկեղեցիների ավերման ու պատմական Հայաստանի հողերի բռնազավթման մասին:

Սակայն, խաչը չտեղադրելու պատճառով արարողության բոյկոտումը գրավեց միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: Ճակատագրի հեգնանքով, թուրք պաշտոնյաներն էլ ավելի աջակցեցին իրենց գործի ձախողմանը` խաչը թողնելով գետնի վրա, Սուրբ Խաչ եկեղեցու կողքին` ի տես հանրության եւ լրատվամիջոցների տեսախցիկների:

Այժմ Թուրքիայի կառավարությունը խոստանում է վեց շաբաթվա ընթացքում խաչը տեղադրել եկեղեցու գմբեթին: Անկախ այն բանից, թե Թուրքիան ինչ է պատրաստվում անել խաչի հետ, հայերը պետք է հետամուտ լինեն իրենց ինքնուրույն գործողությունների կատարմանը, այլ ոչ թե պարզապես հակազդեն թուրքական իշխանությունների ճղճիմ խաղերին:

Այս պահին այն միակ հայտարարությունը, որ հայերն ուզում են լսել Անկարայից` Սուրբ Խաչ եկեղեցին Պոլսո Հայոց պատրիարքությանը վերադարձնելն է:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր