Կջեռուցեն սակավաթիվ շենքեր

16/10/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բնակչությունն արդեն բոլոր հնարավոր միջոցներով նախապատրաստվում է ձմռանը: Ոմանք ջերմությունը կապահովեն գազի միջոցով, ոմանք կօգտվեն սակավ շենքերին տրված ջեռուցման հնարավորությունից, ոմանք՝ վառելափայտի միջոցով կտաքանան: Երեւանի քաղաքապետարանը ձմռան հետ եկող խնդիրները կարգավորելու ուղղությամբ ծրագիր է մշակել: Ապրիլ-մայիս ամիսներին մշակվել է ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ծրագիր, որը բաղկացած է 15 կետից: Դրանք են՝ շենքերի հարթ եւ թեք տանիքների նորոգում, թիթեղյա տանիքների ներկում, պետական եւ մասնավոր սեկտորին պատկանող դպրոցների, մանկապարտեզների տարածքների ջերմամեկուսացում, որը պոլիէթիլենային թաղանթներով ջերմության կորստից խուսափելու միջոց է: Ծրագրի շրջանակներում նաեւ նախատեսվում է ջրթափ խողովակների նորոգում, վերելակների նորոգում, ջրամատակարարման ցանցի (շենքերի նկուղային հարկում ընդհանուր օգտագործման հատվածները) նորոգում, կոյուղու մուտքերի վերանորոգում, տեղադրում եւ աղի, ավազի կուտակում: Քաղաքապետի կարգադրությամբ յուրաքանչյուր համայնք մշակել է ծրագիր եւ այն ներկայացրել է քաղաքապետարան: Այնպես որ, ծրագիրը կիրականացնեն թաղային համայնքները, իսկ քաղաքապետարանը կիրականացնի վերահսկողությունը: Նոյեմբերի 1-ից քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչությունը կամփոփի մայիս ամսից կազմած ծրագրի աշխատանքների ընթացքը, քանի որ որոշ աշխատանքներ պետք է ավարտուն լինեն մինչեւ նոյեմբերի 1-ը: Իսկ ձմռան նախապատրաստական աշխատանքների ամբողջական ծրագիրը կավարտվի նոյեմբերի 15-ին: Ինչ վերաբերում է ջեռուցման համակարգին, ապա քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզե Բասենցյանի խոսքերով՝ կոնկրետ համայնքներում կենտրոնացված ջեռուցում ապահովել հնարավոր չէ: Գոյություն ունեն տեղային ջեռուցման մի քանի ցանցեր, որոնք կսպասարկեն որոշակի տարածքներ: «Ամենայն հավանականությամբ, ջեռուցում կունենան ՋԷԿ-ից սպասարկվող հատվածները, որտեղ ջեռուցումն ապահովում է ՋԷԿ-ը,- ասում է պրն Բասենցյանը,- իսկ քաղաքի մնացած հատվածներում կենտրոնացված ջեռուցում չի լինի»: Պրն Բասենցյանի խոսքով՝ կան թվով 7 վարձակալած կաթսայատներ, որոնց վարձակալներն են 3 համատիրություններ եւ 4 անհատներ: Նրանք կաթսայատները վարձակալել են այն պայմանով, որ կապահովեն որոշակի շենքերի ջեռուցումը. «Մենք հուսով ենք, որ այս տարի այդ 7 վարձակալած ձեռնարկություններն ինչ-որ քանակի շենքերի ջեռուցումը կապահովեն: Այնտեղ շատ լուրջ կազմակերպչական խնդիրներ կան, որոնցից ամենակարեւորը վճարման խնդիրն է: Բոլոր 7 վարձակալները դժվարանում են բնակիչների հետ պայմանագրային հարաբերությունները եւ վճարումները կարգավորելու հարցում»: Հարկ է նշել, որ կառավարության որոշման հիման վրա քաղաքապետը հանձնարարել է, որ Երեւան քաղաքում նախկինում գործող բոլոր 340 կաթսայատները միայն կարող են տրվել վարձակալության` ջեռուցում կազմակերպելու համար: Հետեւաբար այլ նպատակների համար այդ օբյեկտները չեն ծառայելու: Ներկայումս քաղաքապետարանը միջազգային տարբեր կառույցների հետ գործնական եւ խորհրդատվական համագործակցությունների միջոցով փորձում է կաթսայատներն աշխատեցնելու ձեւեր գտնել: Եթե 2004-2005թթ. ջեռուցման սեզոնում Երեւանում ջեռուցվել է ընդամենը 20 շենք, ապա 2006թ. դրանց թիվն ինչ-որ չափով կավելանա: Մասնավորապես, «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարձակալած «Մեդիկ-2» կաթսայատնից կջեռուցվի 4 շենք, «Արաբկիր 51փ. 3» համատիրության վարձակալած Արաբկիր 51/9 կաթսայատնից կջեռուցվի 2 շենք, «Էկո ինջեներինգ» ՍՊԸ-ի վարձակալած «Ջրաշատ 92» կաթսայատնից՝ 4 շենք, «Երֆրեզ» ԲԲԸ-ի վարձակալած Ավետիսյան 70 կաթսայատնից՝ 2 շենք, «Պ. Սեւակ 106» համատիրության Պ. Սեւակ 106 կաթսայատնից՝ 1 շենք, «Սաութ Տերմ» ՓԲԸ-ի Խանջյան 43 ԿՋՀ/ Սայաթ-Նովա 33 կաթսայատնից՝ 3 շենք, եւ Ավանի 5/6 համատիրության վարձակալած կաթսայատնից կջեռուցվի 4 շենք: Այս ամսվա ընթացքում քաղաքապետարանը կտեղեկացնի, թե նշված կաթսայատներից ջեռուցվող շենքերի քանակը որքանով կավելանա: