Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը վեցամսյա կարճատեւ գործունեությունից հետո կրկին չի գործում։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, երեկ այնտեղ կուտակվել էին Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող 25 բեռնատար` բեռնված հիմնականում խաղողով եւ հանքային ջրով։
Ռուս-վրացական սահմանին գտնվող այս մաքսակետը ոչ Ռուսաստանի համար նշանակություն ունի, ոչ էլ Վրաստանի. այն Հայաստանի համար է կարեւոր, քանի որ ցամաքային բեռնափոխադրումների հիմնական ուղին է։ Հետեւապես, այս անցակետի հետ կատարվող «խաղերը», չնայած, ռուսների եւ վրացիների փոխհարաբերությունների հետ են կապված, սակայն վերջնական ազդեցությունը թողնում են հենց մե՛ր երկրի վրա։
Հիշեցնենք, որ Վերին Լարսը առաջին անգամ փակվեց 2004 թվականին, ռուսների կողմից։ Ռուսական կողմը դա բացատրեց վերանորոգման աշխատանքներով։ Սակայն դա համընկավ հենց այն պահի հետ, երբ Հայաստանը որոշեց զորախումբ ուղարկել Իրաք։ Հետո բացվեց, ու երկու տարի անց՝ 2006թ. հուլիսին, նորից փակվեց։ Նորից ռուսների կողմից։ Այն ժամանակ էլ նույն վիճակն էր, խցանումներ էին առաջացել, խախտվել էին պայմանավորվածություններ, եւ բեռնատարները ստիպված էին շարժվել Փոթի կամ Նովոռոսիյսկ՝ նշանակման վայրը հասնելու համար։
Երկարատեւ ընդմիջումից հետո, երբ հայաստանցի գործարարներն արդեն մոռացել էին անցակետի մասին, վերսկսեցին խոսակցությունները դրա վերաբացման շուրջ։ 2009թ. վերջին, չնայած հայկական կողմը հերքում էր բանակցությունների փաստը, մամուլը գրում էր, որ կողմերը բանակցում են անցակետի վերաբացման շուրջ։
2010թ. մարտի 1-ին Վերին Լարսը բացվեց։ Պարզվեց, որ բանակցությունները տարվել են Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ: Փաստն ինքնին դրական էր, սակայն առանձնակի ոգեւորություն հայաստանյան գործարար աշխարհում անցակետի բացումը չառաջացրեց։ Թեկուզ միայն այն պատճառով, որ Վերին Լարսով հնարավոր չէ արտահանել կամ ներմուծել ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներ։ Մաքսակետերը պետք է հատուկ իրավունք ունենան ենթաակցիզային ապրանքների շարժը թույլ տալու համար, մինչդեռ Վերին Լարսը վաղուց այդ իրավունքից զրկված է։ Ինչ վերաբերում է ծախսերի նվազմանը, ապա դա էլ շատ զգալի չէր. եթե մեկ բեռնատարի համար ներկայումս Երեւանից Մոսկվա հասնելը լաստանավով արժե 4500-5000 դոլար (Փոթիից Նովոռոսիյսկ ճանապարհով), ապա Վերին Լարսով անցնելու դեպքում այդ գումարը կազմում է 3500-4000 դոլար։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ներմուծման կամ արտահանման դեպքում տրանսպորտային ծախսերը տարբեր հաշվարկներով կազմում են ապրանքի արժեքի 10-15 տոկոսը, կարելի է ասել, որ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների գները Վերին Լարսը իջեցրեց առավելագույնը 3-4%-ով, ընդ որում՝ ոչ բոլոր ապրանքների դեպքում։
Անցակետի վերաբացման ժամանակ վրացական կողմի ներկայացուցիչներն ասում էին, որ դա արվեց հիմնականում հայկական կողմի խնդրանքով։ Սակայն, ինչպես տեսնում եք, Հայաստանը Վերին Լարսից ըստ էության շատ քիչ օգուտ ունեցավ։ Դեռ այն ժամանակ հնչում էին նաեւ այլ գնահատականներ։ Օրինակ, Հակամարտությունների կարգավորման հարցերով Վրաստանի պետնախարար, Միավորված ընդդիմության առաջնորդներից Գեորգի Խաինդրավան ասել էր. «Ռուսաստանը Վերին Լարսը բացեց միայն այն բանի համար, որպեսզի սնուցի Գյումրիում գտնվող իր ռազմակայանը: Երեւանի համար տնտեսական շահի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ անցակետը տարին չորս-հինգ ամիս փակ է»։ Ինչեւէ, Վերին Լարսը սկսեց գործել, եւ որոշ հայկական ընկերություններ իրենց բեռնափոխադրումների սխեման վերստին ուղղեցին այդ կողմը։ Մասնավորապես, սննդամթերք արտահանողները սկսեցին աշխատել Վերին Լարսով, քանի որ արագ փչացող ապրանքի համար ժամանակային գործոնը պակաս կարեւոր չէ, քան գինը։ Սակայն մեր արտահանողները չհասցրեցին որեւէ օգուտ քաղել անցակետի բացումից. «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։
Երեք օր առաջ Վերին Լարսը նորից փակվեց։ Նորից կուտակումներ, անորոշություն, խախտվող պայմանավորվածություններ եւ վնասներ։ Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ անցակետը փակել են ոչ թե ռուսները, այլ վրացիները։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրել է «Սպայկա» ընկերության լոգիստիկայի բաժնի պետ Գեւորգ Բուդաղյանը, երկու օր առաջ վրացի մաքսավորները չեն թույլատրել հայկական խաղողով բեռնված 8 մեքենաներին հատել սահմանը, իսկ երեկ արդեն չէր թույլատրվում անցակետով երթեւեկությունը նաեւ այլ ապրանքներով բեռնված մեքենաներին։ Վարորդների խոսքերով, անցակետում կուտակված հայկական մեքենաների թիվը երեկ ժամը 17։00-ի սահմաններում արդեն հասել էր 25-ի։ Եթե մինչեւ այդ չէին թողնում միայն խաղողով բարձված մեր մեքենաներին անցնել սահմանը, ապա ներկայումս արգելում են նաեւ հյութերով, հանքային ջրերով բարձած մեքենաներին։ Ընդ որում, վրացական կողմը ընկերությանը հայկական մեքենաների երթեւեկությունն արգելելու որեւէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել։ «Մենք ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել ենք մեր դեսպանին Վրաստանում, զանգահարել ենք թեժ գծով, բայց վրացական կողմից ոչ մի պատասխան դեռ չենք ստացել»,- ասել է Բուդաղյանը՝ ավելացնելով, որ անցակետի փակ լինելու պատճառով ընկերությունն արդեն կրել է մի քանի հարյուր հազարի վնաս։ «Խաղողով բարձված 9 մեքենա էլ ունենք այստեղ եւ չենք ուղարկում, քանի որ չգիտենք՝ ինչ կլինի, մինչեւ դրանք հասնեն սահման, անցակետը կբացվի՞, թե՞ կշարունակի փակ մնալ»։
Ուշագրավն այն է, որ հստակ բացատրություն չեն կարողանում ստանալ ոչ միայն մասնավոր ընկերությունները, այլ նաեւ՝ Հայաստանի պետական մարմինները։ «Վրացական կողմը հստակ բացատրություն չի տալիս. ստորադասը վկայակոչում է վերադասի հրամանը, իսկ վերջինս ասում է, որ նման հրաման չի տվել: Այս խնդիրը, հնարավոր է, քաղաքական բնույթ է կրում»,- panarmenian.net-ին ասել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունում: Ասում են, խնդրին խառնվել է Գյուղնախարարությունը, հետո՝ Պետեկամուտների կոմիտեն, հետո՝ վարչապետն ու նախագահը։ Հայաստանյան մեկ այլ լրատվամիջոց՝ news.am-ը, փոխանցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մեկնաբանությունը. «Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ անցակետում բեռնատարների կուտակումը կապված է մեքենաների տեխնիկական խնդիրների հետ: Ներկայումս նախարարությունը փորձում է պաշտոնական խողովակներով ճշտել բեռնատարների կուտակման պատճառը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Նշենք, որ ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռուսական, անցակետի փակման համար նշում են միանգամայն այլ պատճառներ։ Մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսին այդ կերպ բողոքում է նրա դեմ, որ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել վրացական հայտնի բանաձեւին: Երկրորդ պատճառը, ըստ շրջանառվող լուրերի, այն է, որ Վերին Լարսը փակվել է Թուրքիայի խնդրանքով, որը ցանկանում է հայկական խաղողը դուրս մղել ռուսական շուկայից։ Երեկ այս խնդրին անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները։ Օրինակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ընդգծել է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ անգամ նորմալ հարեւանական հարաբերություններ չկան, էլ չասած՝ բարեկամականի կամ գործընկերայինի մասին: Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը նկատել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է զբաղվի այդ հարցով եւ պարզի, թե որն է անցակետի փակման պատճառը: «Եթե պարզվի, որ դրա տակ քաղաքական դրդապատճառներ կան, պետք է համարժեք քայլեր ձեռնարկի»,- նշել է նա։ Հ. Կարապետյանը, ցավոք, չի նշել, թե մե՛նք ինչ համարժեք քայլ պիտի ձեռնարկենք, ի՞նչ պիտի փակենք, եթե փակելու բան չունենք։
Շատ հնարավոր է, որ հարցը կարգավորվի՝ մինչեւ թերթի այս համարի լույս տեսնելը։ Սակայն խնդիրը դա չէ։ Այս ամենը ցույց է տալիս մի պարզ բան. եթե ժամանակին մեզ ֆորպոստի տեղ էին դնում միայն ռուսները, այսօր նույնը փորձում են անել վրացիները՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տալով իրենց արեւելյան հարեւանի նկատմամբ։ «Օրինաց Երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ նշել է, որ անցակետի փակման մեջ մեծ դժբախտություն չկա, քանի որ անցակետով քիչ քանակությամբ հայկական բեռներ էին տեղափոխվում, եւ բացի այդ՝ հայ գործարարները միշտ էլ այլընտրանքային ուղիներ են գտել: Սակայն դժբախտությունը այն է, որ իշխանական կուսակցության ներկայացուցիչը դժբախտություն չի տեսնում, երբ Հայաստանի հետ «լայեղ» չեն անում հաշվի նստել անգամ վրացիները։